կարևոր
5452 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-30 17:55
Հասարակություն

Մենք ուժեղ ենք, ինչքան էլ մեզ հակառակը համոզեն. սա վստահ ասում եմ շրջափակված Արցախից. «ՋիՋի» հիմնադիր Խաչատուր Գրիգորյան

Մենք ուժեղ ենք, ինչքան էլ մեզ հակառակը համոզեն. սա վստահ ասում եմ շրջափակված Արցախից. «ՋիՋի» հիմնադիր Խաչատուր Գրիգորյան

Aysor.am-ը ներկայացնում է շրջափակված Արցախից «ՋիՋի» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի հետ զրույցը։

Երջանիկ եմ, որ պատնեշի այս կողմում եմ՝ Արցախում եմ, բայց և հասկանում եմ հակառակ կողմում մնացած մարդկանց տագնապն ու հույզերը, որովհետև ինքս ավելի շատ դա եմ զգացել։ Արցախ էի եկել «ՋիՋի» ընկերության թիմի ընդլայնման աշխատանքների համար, ճանապարհի փակմամբ պայմանավորված նախատեսվածից երկար ժամանակ եմ այստեղ, ինչը հնարավորություն տվեց մարդկանց հետ ավելի շատ շփվելու, ավելի լավ հասկանալու իրավիճակը, որ ակնհայտ զուգահեռներ ունի 88-90-ականների պայքարի հետ։

Ցանկացած ճգնաժամ կարելի է հնարավորության վերածել

Թեև այս ճգնաժամը մենք չենք ստեղծել, բայց մեղքի մեծ բաժին ունենք։ «Կյանքի ճանապարհ» եզրույթն արդեն ձախողում է, չպետք է թույլ տայինք, որ Արցախը Մայր Հայաստանին մեկ ճանապարհ կապեր։ «Բացեք կյանքի ճանապարհը» հորդորը խղճահարություն է առաջացնում, ես չեմ ուզում գոյության կռվում զոհը մենք լինենք։ Անընդունելի է «կենտրոնից» պարտադրվող օրակարգը, թե մենք թույլ ենք, ռեսուրս չունենք. Արցախում լինելով զգում և համոզվում եմ, որ լավ էլ ուժեղ ենք։ Գիտակցել է պետք, որ իրավիճակային արձագանքը լուծում չէ. պարզապես ճանապարհ բացելը հաջողություն չպետք է համարենք, մեզ ռազմավարական քայլեր են պետք։

Դիմում եմ պատնեշից այն կողմ մնացած, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին՝ հիմա մեր ճակատագրով զբաղվում են մարդիկ, որ չեն առաջնորդվում հայ ազգի շահերով, մենք պիտի նորից մեր ճակատագիրը տնօրինող դառնանք։ Նորից գործոն դառնալու երկու հնարավորություն (2021 թ. ընտրություն, դիմադրության շարժում) ձախողել ենք, նորից կստեղծվեն հնարավորություններ, որ անպայման պետք է իրացնենք։ Կարևոր է, որ շատերը, բոլորը հասկանան՝ իբրև թե չքաղաքականացվելով, իներտությամբ, գլուխը կախ աշխատելով հրաժարվում ենք գործոն լինելուց, այսինքն՝ ընտրում եք՝ ինքնաոչնչացման ճանապարհը. եթե դու չես որոշում քո ճակատագիրը, որոշում են ուրիշները՝ սեփական շահերին առաջնահերթություն տալով։

Երևանն առաջնագիծ է

Մեր պետական կառուցվածքը կենտրոնամետ է. Երևանն է որոշումների կենտրոնը, հետևաբար Արցախի ճանապարհի փակ լինելու պատճառները պետք է փնտրել կենտրոնում։ Ունենալով ՀՀ անձնագիր, այս պահին Արցախում լինելով ունեմ այն զգացումը, որ ՀՀ-ն հոգ չի տանում իմ մասին. պետությունն իր գործառույթը չի կատարում։ Ես իրավունք եմ վերապահում լոխճին (արցախյան բարբառ՝ բոլորի) անունից ասելու, որ ՀՀ քաղաքացիների հանդեպ պետությունն իր պարտավորությունները չի կատարում։ Պետք է հնարավորինս շատ մարդ հասկանա, որ ոչ թե հնարավորություն չկա, այլ կամք ու ցանկություն չկա։

«ՋիՋի»-ն՝ ազգային ընկերություն

Գումար վաստակելն առողջ երևույթ է, բայց այն չի կարող միակ նպատակը լինել, ընկերության հաջողության, երկարակեցության գրավականը գաղափարն է։ Եթե օրվա շահույթն է հետաքրքրում, կարճ կյանք ունես. մենք երկարաժամկետ նպատակներ ենք սահմանել։ Ու՞ր են Մանթաշովը, Գյուլբենկյանը, Քրքորյանը, ու՞ր են նրանց ժառանգներն ու ընտանիքները, ու՞ր են բոլոր մեծահարուստները, որ համակարգեր չեն ստեղծել, ազգային օրակարգով չեն առաջնորդվել։ Արցախում, եթե մի լավ բան անում ես, տասնապատիկը վերադառնում է։ Մեր երկարաժամկետ նպատակն Արցախում մեծ թիմ ստեղծելն է, ավելի շատ մարդկանց աշխատանքով ապահովելու հնարավորություն տալն է, ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելն է։

Հիմա իմ կյանքի ամենաերջանիկ օրերն են, ինչը չի նշանակում, թե անհանգիստ չեմ խնդիրներ համար, այն, որ հարյուրավոր ծնողներ երեխաներին միավորվելու հնարավորությունից զրկվել են, բոլորիս ամոթն է ու ողբերգությունը, բայց այս իրավիճակում Արցախում լինելը, շրջափակված հայրենակիցների կողքին լինելը, Արցախի բարօրությանը ծառայելու հնարավորությունն ինձ երջանկացնում են։

Արցախը նորից գրավիչ դարձնելն իրատեսական է

Արցախը, բնությունը, լեռները, եղանակը տրամադրում են հաղթահարել խոչընդոտները։ Արցախում ապրող հայերն այստեղ հազարամյակներ են ապրել. օրինակ իմ պապը ծնվել է Ջավախքում, բայց իր ապուպապը ծնվել է Կարինում, ժառանգները տեղահանվել են։ Ծննդավայրից հարկադիր փախուստը պարտություն է, որ գենետիկ կոդով փոխանցվում է, արցախցիների դեպքում գենետիկ կոդով փոխանցվել է սեփական ծննդավայրում մնալը, պայքարելը, և պատահական չէ, որ վերջին պատերազմից հետո թեև որևէ փիար արշավ չեղավ մարդկանց Արցախ վերադարձնելու, բայց հարյուր հազարավոր ընտանիքներ վերադարձան՝ առանց լուրջ երաշխիքներ ունենալու։

Արցախում ապրելն ավելի գրավիչ դարձնելու համար օրինակներ են պետք, որ վարակիչ կդարձնեն Արցախ տեղափոխվելը։ Ես Արցախում երջանիկ եմ և այդ մասին պիտի բարձրաձայնեմ, որ բոլոր նրանք, որ երջանկություն են փնտրում, ընտրեն Արցախը։

«Մեծ Հայք»-ը գործոն լինելու գաղափարաբանությունն է

Շատերը գիտեն, որ ես «Մեծ Հայք»-ի գաղափարն եմ տարածում, բայց այն միայն Մուշին, Սասունին կամ Կիլիկիային չի առնչվում, այն նախ գործուն, ուժեղ պետականություն ունենալու, կուռ պետական համակարգ ստեղծելու մասին է, որ այս պահին կկարողանա Արցախի խնդիրը լուծել, հետո՝ ավելի բարդ խնդիրներ։