կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-03 13:31
Հասարակություն

Էրեբունու վթարից անցել է մեկ ամիս, բայց չկա վթարի վերաբերյալ վերջնական եզրակացություն․ մենք հետևողական ենք լինելու այս հարցում․ Դանիելյան

Էրեբունու վթարից անցել է մեկ ամիս, բայց չկա վթարի վերաբերյալ վերջնական եզրակացություն․ մենք հետևողական ենք լինելու այս հարցում․ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«2025թ դեկտեմբեր ամսին՝ Ամանորի նախաշեմին, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած էլեկտրամատակարարման դադարեցման առնչությամբ գրավոր դիմել էի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ փորձելով պարզել, թե ինչ փոխհատուցում է նախատեսվում օրեր շարունակ առանց էլեկտրամատակարարման մնացած քաղաքացիներին։

Դեկտեմբեր-հունվար ամիսներին ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, ըստ որոնց, հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել մեր քաղաքացիների կենցաղային տեխնիկան, փչացել է սնունդը։ Առանց էլեկտրականության մնացած բնակիչները, այդ թվում՝ հազարավոր երեխաներ, օրեր շարունակ մնացել են առանց ջեռուցման։

Պատասխան գրության մեջ նշված է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պարզաբանումների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 28-ի «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում hոսանքազրկվել են Էրեբունի համայնքի 51 հազար սպառողներ, որոնցից 40 հազարի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 3 ժամվա ընթացքում փոխանջատումների իրականացմամբ, իսկ ոչ ավելի քան 11 հազար սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվել է վթարից 52 ժամ հետո։

Միանգամից հարց է առաջանում, թե ՀԷՑ-ը ի՞նչ տվյալներ է փոխանցել ՀԾԿՀ-ին, ի՞նչ 52 ժամի մասին է խոսքը, երբ Էրեբունի համայնքը, մեծամասամբ, հոսանքազրկված է եղել 3-4 օր՝ 72 ժամից ավելի։ Եվ այս պարագայում, արդյո՞ք ճիշտ է նշված 11 հազարը։

Ի դեպ, համաձայն ԷԲՑ կանոնների 135-րդ կետի 2-րդ ենթակետի՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում բաշխողն այն ՊԱՐՏԱՎՈՐ Է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան՝ քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 3 ժամում:

Այդուհանդերձ, ՀԾԿՀ-ն պատասխան գրությամբ հայտնում է, որ նշված 11 հազար սպառողների դեպքում էլեկտրամատակարարման ընդհատման վերականգնման աշխատանքներն իրականացվել են ԷԲՑ կանոնների 135-րդ կետի պահանջների խախտմամբ, և որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից վերոնշյալ կարգավորումներով սահմանված տույժը ենթակա կլինի վճարման, բացառությամբ, եթե հաստատվի խախտման ֆորս մաժորի հետևանք լինելը։

Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է որոշվելու՝ արդյո՞ք ֆորս մաժոր է եղել, թե՝ ոչ։ Կիրականացվի՞ օբյեկտիվ ուսումնասիրություն, թե՞ կընդունվի կամայական որոշում՝ ի վնաս մեր քաղաքացիների։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անելիք ունի՞ այստեղ, թե՞ հիմք է ընդունելու բացառապես ՀԷՑ-ի եզրակացությունը։ Արդեն իսկ տարակուսելի է, որ ինձ ուղղված գրության մեջ հանձնաժողովը փոխանցում է բացառապես ՀԷՑ-ի տվյալները։

Արձանագրենք, որ վթարից անցել է մեկ ամիս, բայց ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն, չկա վթարի վերաբերյալ վերջնական եզրակացություն։

Մենք հետևողական ենք լինելու Էրեբունի համայնքի հազարավոր բնակիչների իրավունքների պաշտպանության հարցում։ Օրեր շարունակ առանց էլեկտրականության մնացած մեր քաղաքացիները պետք է ստանան իրենց հասանելիք փոխհատուցումը»։