Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Դեկտեմբերի 12-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» մարզաւան է այցելել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, որին ուղեկցում էր «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ Սեւան Դանիէլեանը:
Յակոբ Տէր-Խաչատուրեանին դիմաւորել են Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամները, միասնաբար շրջայց են կատարել «Արարատ» մարզաւանում, որի ընթացքում ներկայացրել են կազմակերպութեան հնարաւորութիւնները եւ աշխատանքները, այնուհետեւ համատեղ հանդիպում են ունեցել:
Կազմակերպութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը համապարփակ զեկոյց է ներկայացրել կազմակերպութեան գործունէութեան վերաբերեալ: Մասնաւորապէս, անդրադարձել է կազմակերպութեան 4 մասնաճիւղերի աշխատանքներին, այդ թւում՝ Շիրազի, Ուրմիայի, Գեարդաբադի եւ Թաւրիզի մասնաճիւղերի գործունէութեանը, կազմակերպութեան արտաքին յարաբերութիւնների օրակարգին առնչւող թեմաների՝ ՀՄԸՄ-ի, ՀԱՍԿ-ի եւ համազգայինի հետ յարաբերութիւնների խորացմանը, Համազգայինի Պատգամաւորական ժողովներին կազմակերպութեան մասնակցութեանն, այդ թւում՝ 2021 թւականին, որին որպէս ներկայացուցիչ ներկայացել է կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան Դիւանի անդամ Սոֆի Ջաղարբէգեանը: Հենրիկ Խալոյեանն իր խօսքերում անդրադարձել է Հայաստանի համահայկական խաղերին «Արարատ»-ի դերակատարութեանն, որի հիմնադիրներից են եղել կազմակերպութեան վաղեմի անդամներից, ինչպէս նաեւ՝ Հայաստանի Համահայկական խաղերի գործադիր կոմիտէում Հ.Մ.Ա.Կ-ի նախագահի անդամակցութեան հարցին եւ համահայկական նշանակութիւն ունեցող յարաբերութիւնների ընդլայնման փորձերին:
Յակոբ Տէր-Խաչատուրեանն իր խօսքերում նշել է. «Իմ փափագն է, որ դուք եղածին չափ եւ անպայմանօրէն մասնակցէք մեր նախաձեռնութիւններին՝ համահայկական առումով, համաՀՄԸՄ-ական եւ համազգայինական աշխատանքներին: Նոյնիսկ մենք բարեսիրական կազմակերպութիւններին խրախուսում ենք ՀՕՄ-ի հետ կապեր ունենալ, եւ, որպէսզի մեր Իրանի համայնքն իրեն առանձնացած չզգայ՝ համահայկական մեր ընտանիքներին մաս կազմելու առումով: Ուրախ եմ նաեւ, որ դուք աշխոյժ մասնակցում էք մեր բոլոր նախաձեռնութիւններին:
Նաեւ ուրախ եմ, որ իրանահայ համայնքը նախ իր դրւածքով իւրայատուկ է: Յատկապէս եթէ նկատի առնենք Շահ Աբբասի ժամանակների դերակատարութեանն, ապա, այստեղ զուտ տիպիկ գաղութ չէ: Եւ, Իրանի մեր համայնքը հակառակ բոլոր դժւարութիւններին, որին դէմ յանդիման կը գտնւի այդուհանդերձ, սիրողային կարգով շարունակում է աշխատել եւ ձեր իւրաքանչիւրի ներգրաււածութիւնը կարելի է միայն ու միայն գնահատել»:
Նա նաեւ իր խօսքերի ընթացքում կարեւորել է կամաւորական աշխատանքների կատարման անհրաժեշտութիւնը եւ կամաւորական աշխատանքի կատարման մշակոյթը տարածելու հարկադրանքը, այդ թւում՝ Հայաստանում:
Յակոբ Տէր-Խաչատուրեանն իր խօսքերում պատրաստակամութիւն է յայտնել նպաստել Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան զարգացմանն եւ գործակցութիւնների խորացմանը:
Հենրիկ Խալոյեանն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի այցի վերաբերալ, նշելով, որ անշուշտ առկայ է համագործակցութեան մեծ ներուժ, այդ թւում՝ իրանահայութեան խնդիրների լուծման, զարգացման, վերափոխման, երիտասարդութեան ներգրաււածութեան ապահովման օրակարգերի առնչութեամբ:
Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահը մտահոգութիւն է յայտնել արտագաղթի հոսքերի հնարաւոր աճի հետեւանքների՝ համայնքի թւաքանակի նւազման եւ կառոյցներին սպասւող խնդիրների եւ սպառնալիքների առնչութեամբ:
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նշել է. «Ես լաւածանօթ եմ Սիրիայի եւ Լիբանանի համայնքներին, որտեղ վերջերս եմ եղել, այնտեղ նոյն մարտահրաւէրներն են եւ առաջին վախերը հէնց արտագաղթի հարցն է: Կանադան եւ Շւեդիան դռները բացելով մեծ թւով արտագաղթի պատճառ դարձան, որի հետեւանքով Հալէպի համայնքը նոսրացած է, բայց Դամասկոս, Գամիշլի, Լաթաքիա, Քեսաբ եւ այլն բաւական ընդունելի վիճակի մէջ են: Նոյնն է պատահում Լիբանանի պարագային, Լիբանանի դռները փակ է արեւմուտքի կողմից, սակայն Հայաստանը կայ եւ անշուշտ, մեր մշտական քաջալերանքն է, որ եթէ որեւէ մէկը որոշել է արտագաղթել անհրաժեշտ է, որ գնայ հայրենիք, բայց նաեւ այստեղ բարոյական պարտականութիւն ունենք՝ համայնքների նկատմամբ: Արտագաղթի հարցերը երկծայր սուրի բնոյթն ունեն»:
Յակոբ Տէր-Խաչատուրեանն իր խօսքերի մէկ այլ հատւածում նշել է, որ խրախուսում ենք համայնքների կենսունակութիւնը եւ կենսունակութեան ապահովման անհրաժեշտութիւնը:
Հանդիպման աւարտին Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անունից Յակոբ Տէր-Խաչատուրեանին են նւիրել Հ.Մ.Ա.Կ.-ի 60-ամեակի գիրքը: