կարևոր
3646 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 10:06
Քաղաքական

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի եւ ՀՈՒՍԿ-ի կենտրոնում

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի եւ ՀՈՒՍԿ-ի կենտրոնում

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 132-ամեակի առիթով Թեհրան հրաւիրւած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը երէկ՝ դեկտ. 13-ի երեկոյեան «ՀՈՒՍԿ» հաստատութեան կենտրոնատեղիում մտերմիկ շրջանակում հանդիպում ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի՝ ՀՈՒՍԿ-ի, տարբեր շրջանների նախագահների, վարչականների եւ միաւորների ներկայացուցիչների  հետ: Հանդիպմանը, որին ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը ողջունելով հիւրին հրաւիրեց իր խօսքը փոխանցելու:

 Յակոբ Տէր-Խաչատուրեանը ողջունելով ՀՈՒՍԿ-ի հիմնադրման 40-ամեակը, համապարփակ գծերով ներկայացրեց աշխարհում Հայ Դատի գրասենեակների անժխտելի դերը հայ ժողովրդի արդար դատը միջազգային հանրութեան սեփականութիւնը դարձնելու համար: Նա իր ելոյթի ընթացքում գնահատանքով եւ կարեւորութեամբ անդրադարձաւ բոլոր նրանց  մասին, ովքեր չեն խնայում իրենց կարելին Հայ Դատի բազմաոլորտ աշխատանքների առաջտարման ուղղութեամբ: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ ՀՈՒՍԿ-ի աշխատանքներին՝ հայ ժողովրդին եւ իրանահայութեանը իրանցի հասարակութեանը ծանօթացնելու առումով եւ այս հարցով անդրադարձաւ «Պայման»-ի հրատարակութեանը, նաեւ Հայ Դատի աշխատանքների գծով  իւրայատուկ համարեց «Հայ Դատն այսօր» հերթական խորհրդաժողովները, այն բնութագրելով Հայ աշխարհի ներկայացուցիչների մասնակցութեամբ լուրջ քննարկումների հնարաւորութիւն: