կարևոր
2746 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-30 11:13
Քաղաքական

Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները․ Արտակ Զաքարյան

Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սոցհարցումները ոչ միայն ստուգում են մարդկանց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, այլև ստիպում մտածել դրանց մասին: Ավելին, սոցհարցումների արդյունքում որոշակի խնդիրներ առավել ընդգծված են դառնում:

Երեկ MPG ընկերությունը հրապարակեց հերթական սոցհարցման արդյունքները: Համաձայն դրանց` հարցվածների 47,4%-ը ոչ մի կուսակցության չի քվեարկի, 14,7%-ը դժվարանում է որևէ կուսակցության նախապատվություն տալ, իսկ 7.8%-ը հրաժարվել է պատասխանել: Դատելով այս արդյունքներից ստացվում է, որ խորհրդարանական երկրում հասարակության 69,9%-ը չունի վստահելի քաղաքական ուժ:

Խորհրդարանական երկրի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հնարավորություն է տալիս զարգացնել և կայացնել երկրի կուսակցական համակարգը: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կուսակցություններն ավելի շատ վստահության ռեսուրս ունեին և կուսակցական համակարգը կարելի է ասել կայացած էր: Այժմ, այս հարցում ևս ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել:

Ըստ հարցման` քաղաքական ուժերի նկատմամբ շատ թե քիչ վստահություն է տածում հասարակության ընդամենը 30.1%-ը` որոնցից 17,4%-ը «վստահում է» իշխող կապիտուլյանտին: Պարզ է, որ նրանք հիմնականում վարչական ռեսուրսից օգտվող, իշխանության հաշվին փող աշխատող, Հ1 նայող մարդիկ են: Հասարակության 12,7%-ն էլ նախընտրում է ոչ իշխանական կուսակցություններից որևէ մեկին:

Նիկոլի քաղաքական տգիտության արդյունքում ծագած պատերազմը, դավադրությամբ ձեռքբերված պարտությունը, այնուհետև` խաբեությամբ առաջ տարվող կեղծ խաղաղության թեզը ոչ միայն Հայրենիքի, այլ նաև հավատի, հույսի և վստահության կորստի պատճառ է դարձել: MPG ընկերության հարցումը նախ և առաջ ահազանգ է բարոյա-հոգեբանական անկում ու հուսահատություն ապրող հասարակական տրամադրությունների մասին:

Շատ դժվար ու պատասխանատու ժամանակներ են մեզ սպասվում: Պարզ է, որ Նիկոլի իշխանությունը վաղուց արդեն լեգիտիմ չէ, և չունի ոչ մի ռեսուրս իր հանրային վստահությունը բարձրացնելու համար: Կապիտուլյանտները չունեն որևէ հաղթաթուղը` իրենց ցածր հեղինակությունը բարձրացնելու և լեգիտիմ որոշումներ կայացնելու համար: Նման տրամադրությամբ հասարակություններն ի վիճակի չեն զարգանալ, պետություն պահել, հայրենիք պաշտպանել, ժողովրդավարական վերահսկողություն իրականացնել և այլն:

Հետևաբար` հասարակության 70%-ի մոտ, քաղաքական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար, ոչ իշխանական ուժերը մեծ անելիք ունեն: Քաղաքական ուժի և լիդերի համար ամենաբարդ գործը մարդկանց հուսալքությունը փարատելն ու ոտքի կանգնեցնելն է: Հասարակությունը պետք է մոտիվացվի և ուղղորդվի, որպեսզի կարողանա միասնական հաջողություններ արձանագրել»: