կարևոր
6895 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-19 09:25
Իրավական

«Կալանք տվող» դատավորներից ոմանք՝ պահեստային դատավորներ. դատարանը փակելու հետքերով. «Ժողովուրդ»

«Կալանք տվող» դատավորներից ոմանք՝ պահեստային դատավորներ. դատարանը փակելու հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կալանք տվող» դատավորներից ոմանք պահեստային դատավորներ կլինեն. դատարանը փակելու հետքերով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսպես ասած «կալանք տվող» դատավորներից ոմանց «տուն ուղարկելու» փոխարեն կպահեն որպես պահեստային դատավորներ:

Դատական համակարգում ակտիվ շարունակվում է «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացը, եւ դատական համակարգում նշել են, որ կան դատավորներ, որոնց կարելի է տուն չուղարկել, այլ պահել որպես պահեստային դատավորներ, որպեսզի եթե որեւէ գործով դատավոր փոխվի, պահեստային դատավորով փոխարինեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը եւ իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը եւ եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձեւավորված դատարանը: Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, եւ օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները:

ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, եւ ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի: Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք «ապահովելու» հարցում:

«Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, եւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին:

Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում