կարևոր
4186 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-07 14:31
Քաղաքական

Հայաստանի տեղն ու դերը․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանի տեղն ու դերը․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանն ու Արցախը դեռևս գոյություն ունեն, քանզի այդ հարցում խիստ շահագրգռվածություն ունեն Ռուսաստանն ու Իրանը։ Ելնելով այս հանգամանքից՝ Հայաստանը պետք է ունենա այնպիսի ներքին ու արտաքին քաղաքականություն, որ ներդաշնակեցնի իր շահերը ռուսական ու իրանական շահերի հետ՝ պահպանելով սուվերեն ու անվտանգային կարմիր գծերը (Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, «Զանգեզուրի միջանցքը» անընդունելի է, ՀՀ անկախության հռչակագիրն անսակարկելի է, ՀՀ տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է)։

Ռուսաստանն Արցախում և Հայաստանում ունի ռազմաբազաներ ու չի պատրաստում դրանք հանել։ Ռուսաստանը Արևմուտքի հետ հակադրության ու մեր տարածաշրջանային իրողություններով պայմանավորված հիմա աննախադեպ սերտացել է Թուրքիայի հետ, բայց ռազմավարական առումով այդ երկրները միևնույն է հակառակորդներ են։ 44–օրյա պատերազմի արդյունքում Թուրքիան մտավ մեր տարածաշրջան ու ՌԴ–ն ստիպված է հաշվի նստել այդ հանգամանքի հետ, բայց մյուս կողմից նույն Ռուսաստանի շահերից չի բխում տարածաշրջանում իր դերի թուլացումը։

Իրանի համար կենսական խնդիր է իր երկրի հյուսիսային սահմանին պանթուրքիզմի ծավալապաշտական ընդլայնում թույլ չտալը։ Իրանական ռազմավարության մեջ Սյունիքը պետք է մնա հայկական, այլ ոչ թե դառնա թուրքական աշխարհի ոտնաշոր։

Եվ այսպես, ՌԴ–ն ու Իրանը, սեփական շահերից ելնելով, կռիվ են տալիս Երևանի ու Ստեփանակերտի համար, շատ հաճախ՝ Երևանի ու Ստեփանակերտի փոխարեն։ Դա է պատճառը, որ ի հեճուկս Հայաստանի իշխանությունների քայլերի՝ Թուրքիան ու Ադրբեջանը դեռ չեն հարձակվում մեր երկրի վրա, Արցախը դեռ մնացել է հայկական, Երևանում դեռ բայրաքթարներ չեն հայտնվում։ Այլապես ի՞նչը կամ ո՞վ էր մեր թշնամիներին խանգարելու նման բան անել։ Արևմո՞ւտքը։ Չկա՛ նման բան։

Արևմուտքի թիրախը նույն Ռուսաստանն ու Իրանն են։ Եթե նրանց թուլացնելու կամ վերացնելու արանքում Հայաստանը ոչնչանա, ապա Արևմուտքը սրտի կսկիծով դա կընդունի, բայց և դրական կգնահատի թուրքական գործոնի շնորհիվ ռուսական և իրանական գործոնների թուլացումը կամ վերացումը։ Արևմուտքը 1915–ին էլ, 1920–ին էլ սրտի կսկիծով է ընդունել Հայոց ցեղասպանությունը և պետականության կորուստը։ Եվ ի՞նչ։ Հիմա էլ քննադատում են Ադրբեջանին՝ Հայաստանի տարածք ներխուժելու համար։ Քննադատում են ու հետները գազային պայմանագիր կնքում, քննադատում են ու ոչ մի պատժամիչոց չեն կիրառում։

Արևմուտքից պետք չէ անիրատեսական սպասումներ ունենալ ու նաև նեղանալ այն բանի համար, որ իրենց ռազմավարական շահերը մեր տարածաշրջանում կապված են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ամեն մեկն իր շահն ունի ու պարտավոր չէ քո շահը գերադասել իր շահերից։

Մի խոսքով, քաղաքականությունը պետք է ընկալել ոչ թե ականջներով, այլ մարմնի մեկ այլ կարևոր մասով։ Զացմունքային ու վիրտուալ դաշտից պետք է տեղափոխվել իրական դաշտ՝ ռացիոնալ աշխատանքի բանաձևեր գտնելով մեր դաշնակիցների ու բարեկամների հետ, ինչպես նաև արմատապես փոխելով երկրի ներսում վարվող քաղաքականությունը, բնականաբար՝ նոր ֆիգուրներով ու Հայաստանի նոր դեմքով։

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր