Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը մտնում է իր ու Հայաստանի համար դրամատիկ զարգացումների փուլ։ Ընդ որում՝ դրամատիզմից խուսափելու համար մեկը մյուսից պետք է ձերբազատվի, մեկը մյուսին պետք է պարտության տանի։ Այդպես է ստացվել։
Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների քարոզի իմաստը հետևյալն է՝ «Արցախը զիջենք Ադրբեջանին, որ փրկենք Հայաստանն ու խաղաղ ապրենք, համ էլ՝ «ձեռքի հետ» Ռուսաստանից կտարանջատվենք ու ինքնիշխան կապրենք»։
Նիկոլենց այս բլեֆն աննախադեպ է բոլոր առումներով։ Սա գերազանցում է Աբաջյանի կեղծ պապիկի ու նմանատիպ այլ բլեֆներին։
Արցախի ու Հայաստանի շահն իրար հակադրելով՝ Նիկոլ Փաշինյանը ներազգային թշնամանք է տարածում։ Հայաստանցիներին հանում է ղարաբաղցիների դեմ։ Վերջիններիս էլ ծանր վիճակի մեջ է դնում, թե բա ՝ Արցախը պետք է հանձնեմ, որ Հայաստանը փրկեմ, համ էլ՝ եթե իմ դեմ դուրս գաք, ապա փողը կկտրեմ։
Նիկոլը հայաստանցիներին խաբում է, որ սեղանին Արցախի հարցն է դրված, և որ Արցախն Ադրբեջանին զիջելով՝ կարող ենք փրկել Հայաստանը։
Իրականությունն այն է, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների ներկա գործընթացով լուծվում է Հայաստանի՛ հարցերը։
Նիկոլ Փաշինյանը գնում է հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական գործընթացների արևմտյան տարբերակով, քանզի միայն այդ դեպքում կարող է իր անձնական անվտանգության երաշխիքներ ստանալ։ Այդ տարբերակի գինը Հայաստանն է։ Ավելի ճիշտ՝ Հայաստանի վերացումը։
Նիկոլ Փաշինյանը հայկական Զելենսկի է դարձել։ Արևմուտքի համար կարևորը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է։ Դա նշանակում է ռուս խաղաղապահների հեռացում Արցախից ու ռուսական ռազմաբազայի հեռացում Գյումրիից։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո Հայաստանի հետ, Արևմուտքին չի հետաքրքրում։ Գազն ու նավթը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի պարտություններն ավելի կարևոր են։ Կլինեն հայտարարություններ, նոտաներ, ցավակցություններ, արցունքներ, հուժկու հարցազրույցներ և ․․․ վերջ։ Արևմուտքը դրանից ավելի ոչինչ չի անելու (ի դեպ, անկեղծորեն չի էլ խոստացել անել․ այդ Նիկոլն է փափուկ բարձ դնում ՀՀ քաղաքացիների գլխի տակ)։
Դատելով ամենից՝ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ քաղաքական դաշտի մեծ մասը, մինչև վերջ չեն ըմբռնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների բուն իմաստը, նրա գլխավոր մոտիվացիան։
Շատ կարևոր է հայաստանցիներին բացատրել, որ ղարաբաղցիների հետ Նիկոլն իրենց հակադրում է, որպեսզի կարողանա Հայաստանի գնով սեփական կաշին փրկել։
Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանն անհամատեղելի են։ Մեկի գոյությունը մյուսի քաղաքական չգոյությամբ է պայմանավորված։
Անդրանիկ Թևանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր