Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գագիկ Եկմալյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող։ Սույն ուսումնասիրության համար Գագիկ Եկմալյանը արժանացել է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի «Դեպի Սյունիք» ծրագրի մրցանակի
Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքը աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում է եղել դեռևս Առաջին հանրապետության շրջանում, երբ թուրքերը ձգտում էին գրավել մերձկասպյան շրջանները՝ իրենց թիրախում ունենալով Բաքվի նավթահորերը։
Սակայն որպեսզի հասկանանք Սյունիքի կարևորությունը, նախ հակիրճ խոսենք այն մասին, թե ինչ գործընթացներ են ծավալվում տարածաշրջանում։
Հայկական բարձրավանդակի տարածաշրջանը գրեթե բոլոր ժամանակներում եղել է համաշխարհային ուժային կենտրոնների շահերի բախման գոտի։ Այստեղով են անցնում «հյուսիս-հարավ» և «արևելք-արևմուտք» պայմանական ճանապարհները, որոնք իրար են կապում Արևելյան Ասիայից մինչև Եվրոպա, Հնդկաստանից, Արաբական թերակղզուց ու Իրանից մինչև Արկտիկա ու Հյուսիսային ծով ընկած շրջանները։ Այսօր դրանք ստացել են «Մետաքսի մեծ ճանապարհ » և «Միջազգային հյուսիս-հարավ հաղորդակցային միջանցք » անվանումները։
Աշխարհի միաբևեռ համակարգի փլուզմանը և նոր աշխարհակարգի ձևավորմանը զուգընթաց՝ համաշխարհային պետություններն իրենց շահերը տարածաշրջանում առաջ են մղում միջնորդավորված կերպով, որտեղ Արևմուտքի ֆորպոստի դերում հանդես է գալիս Թուրքիան։ Ահա թե ինչու թուրքական քաղաքականության էությունն ու գործընթացների լրջությունը պետք է առաջին հերթին դիտարկել այս համատեքստում։ Անհրաժեշտ է գիտակցել, որ պանթյուրքիստական այն քաղաքականությունը, որ վարում է Էրդողանի վարչակարգը, ամբողջովին տեղավորվում է Արևմուտքի շահերի տիրույթում։
Ի՞նչ է պանթյուրքիզմը, և ի՞նչ նպատակներ է այն հետապնդում։
Օսմանյան կայսրության թուլացմանը զուգընթաց՝ 19-րդ դարում, սկսեց ձևավորվել պանթուրանական գաղափարախոսությունը, որն ուղղված էր թյուրքալեզու ժողովուրդների համախմբմանը մեկ պետության՝ Մեծ Թուրանի ներքո։ Այն նախատեսում էր միավորել Օսմանյան կայսրությունն ու Ռուսական կայսրության, Իրանի, Չինաստանի և Աֆղանստանի թյուրքախոս հատվածները ։
Պանթյուրքիզմը գաղափարական, քաղաքական և մշակութային շարժում է, որն ուղղված է թյուրքական բոլոր ժողովուրդների միավորմանը, ընդհուպ մինչև թյուրքական պետությունների ֆեդերացիա ստեղծելուն՝ հիմնված ազգային ինքնության վրա։
Պանթյուրքիզմը 1918-1920 թթ.
Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան Թուրքիան փորձեց լուծել իր առջև դրված խնդիրները՝ իրականացնելով հայության աննախադեպ ցեղասպանություն և հայրենազրկում հայերի հայրենիք Հայաստանի արևմտյան մասում, որն այսօր հորջորջվում է Արևելյան Անատոլիա ։ Պատերազմից Ռուսական կայսրության՝ դուրս գալուց հետո մեր տարածաշրջանում Թուրքիան որոշ ժամանակ դարձավ գլխավոր գործող ուժը և փորձեց հնարավոր առավելագույնը պոկել նոր անկախացած Անդրկովկասից ։ Տրապիզոնի բանակցությունների ընթացքում Վեհիբ փաշան ասում է, որ պետք է իր առաջխաղացումը շարունակի այնքան, մինչև որ հանդիպի ռուսական զորքերի. Անդրկովկասում այդ պահին ռուսական զորքեր չկային, պարզ է, որ թուրքերը մտադրվել էին հասնել առնվազն մինչև Հյուսիսային Կովկաս։ Այդ մասին Ա. Խաչատրյանը գրում է. «Բայց թուրք դիւանագէտներին ու ռազմավարներին ոգեւորողն այս պարագային միայն երկրակալական անյագ ձգտումը չէր, այլ նոյնպէս ամէնուն յայտնի համաիսլամական ու համաթրքական շողշողուն հեռապատկերի իրականացման հնարաւորութիւնը»։
Հետագայում արդեն Հարավային Կովկասի շեյխ-ուլ-իսլամ Ախունդ մոլլա Մուհամմեդ Փիշնամազզադեն Տրապիզոնում օսմանյան պատվիրակության նախագահին ուղղված նամակում գրում է. «Մեր ազգը (կովկասյան թաթարներ – Գ. Պ.) միայն մեկ ցանկություն ունի, այն է՝ միավորվել մեր մեծ եղբայր Օսմանյան Բարձր պետության հետ և հնարավորինս շուտ Անդրկովկասում (Հարավային Կովկաս) հյուրընկալել օսմանյան բանակին» ։ Իսկ արդեն 1918 թ. մայիսի 7-ին՝ թուրքական շոգենավի վրա ճաշկերույթի ժամանակ, երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամներից դոկտոր Բեհաէդդին Շաքիրը, դիմելով հայ պատվիրակներին, ասել է. «Հայերը կանգնած են մեր համաիսլամական եւ համաթրքական սրբազան իտէալներու իրականացման ճամբուն վրայ, եւ մենք անխուսափելիօրէն կը բախուինք անոնց հետ: Ատիկա վեր է եւ դուրս է մեր անձնական զգացումներէն ու տրամադրութիւններէն: Մենք հարկադրուած ենք տարերայնօրէն ոչնչացնել մեր ճամբուն վրայէն այն ամէնը, ինչ որ արգելք կը հանդիսանայ մեր ազգային սրբազան իտէալներուն… մենք կը հասկնանք կենդանի մարմնի կեանքը, եւ անոր մէջ չկայ մարդասիրութիւն կամ կամքի տկարութիւն» ։ Բերված օրինակները ցույց են տալիս, որ նպատակ էր դրված միավորելու Անդրկովկասի արևելյան շրջանները Օսմանյան Թուրքիայի հետ, գրավելու Բաքուն, տիրանալու Բաքվի նավթին և հաղթարշավը շարունակելու դեպի Միջին Ասիա։ Այս նպատակի իրականացման համար Անդրկովկասը թուրքերի ջանքերով պառակտվեց, և Թուրքիայի անմիջական հովանավորությամբ ստեղծվեց «Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետությունը»՝ Ադրբեջանը։ Կովկասում Ադրբեջան կոչվող միավոր երբեք չէր եղել։ Իրական Ադրբեջանը, այն է՝ պատմական Ատրպատականը, գտնվում է Իրանի հյուսիսում։ Թուրքերը այս անունով պետության ստեղծումով նպատակ էին դրել հետագայում միավորելու երկու Ադրբեջանները և միացնելու իրենց տիրապետությանը։ Ահա թե ինչու էր Իրանն այդ ժամանակ պաշտոնական բողոքի նոտա հղել Թուրքիային՝ խոր զարմանք արտահայտելով Ադրբեջան անունով պետության ստեղծման կապակցությամբ և պահանջելով վերանայել որոշումը ։ Թուրքերը ոչ միայն չվերանայեցին որոշումը, այլև 1918 թ. սեպտեմբերի 15-ին գրավեցին Բաքուն, որը մինչ այդ գտնվում էր հայկական խորհրդային ուժերի իշխանության ներքո՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ ։ Այդ փուլում ավելին անել Թուրքիան չկարողացավ, քանզի արդեն նոյեմբերի 11-ի Կոմպիենի զինադադարով աշխարհամարտը ավարտվեց, իսկ Թուրքիայի դաշնակից Գերմանիան (Քառյակ դաշինքի վերջին մասնակիցը) պարտվեց: Դրանով ավարտվեց թուրքական աշխարհակալական նկրտումների այդ փուլը։
Հայաստանը հնարավորություն ստացավ կայունանալու և ամրապնդվելու։ Սակայն հարկ է նշել, որ, Բաքուն գրավելով անգամ, թուրքերը չեն կարողացել վերցնել Սյունիք-Զանգեզուրը, իսկ իրենց զորքերը տեղափոխել էին Նախիջևանի երկաթուղով Իրանի տարածքով, որը հետո ռազմակալվել էր անգլիացիների կողմից։ Նրանց անհրաժեշտ էր Նախիջևանից Սյունիքով կապվել իրենց զորամիավորումների հետ։ Այդ պայմաններում Սյունիք է գալիս զորավար Անդրանիկը, ով ստանձնում է երկրամասի պաշտպանությունը։ Հուլիսին Անդրանիկը թուրքերից մաքրում է Գորիս-Սիսիան ճանապարհը, տեղի թուրքաբնակ գյուղերը (Աղուդի, Վաղուդի) ևն։ Անդրանիկը, սակայն, ըստ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի, վճռականորեն չէր գործում՝ ըստ երևույթին սպասելով դաշնակից զորքերի հաղթանակին ու հաշտության կոնֆերանսին։
1920 թ. ապրիլին Ադրբեջանի, իսկ դեկտեմբերին Հայաստանի խորհրդայնացումով իրավիճակը փոխվեց։ Թուրք-հայկական պատերազմից հետո Հայաստանը թուլացած վիճակում խորհրդայնացվեց։ Թուրքիայում իրեն իշխանություն հռչակած Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ճարպկորեն օգտվեց իրավիճակից՝ օգտագործելով Խորհրդային Ռուսաստանի ուժերը։ Թուրքիայի անմիջական օգնությամբ Ադրբեջանը բռնազավթեց Նախիջևանն ու Արցախը։ Տվյալ պահին տարածաշրջանում միակ չխորհրդայնացած երկրամասը, որը պայքարում էր նաև թուրք զավթիչների դեմ, Զանգեզուրն էր։ Այնտեղ ինքնապաշտպանական փառահեղ մարտերը գլխավորում էր Գարեգին Նժդեհը։ Նա Սյունիք էր եկել դեռևս 1919 թ. հունիսին։
Նժդեհը կարողացավ համախմբել տեղի հայությանը, բարձրացնել ժողովրդի ինքնապաշտպանական ոգին, հմտորեն ղեկավարել մարտերը։ Նրա ջանքերի շնորհիվ Սյունիքը չարժանացավ Նախիջևանի և Արցախի ճակատագրին։ Սյունիքի կարևորությունը Նժդեհը գիտակցել է և գրել. «Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:
Ահա այդ ծանր շրջանում էր, որ թշնամին չկարողացավ գրավել Սյունիքը, անխափան կապ ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի միջև, ինչը կործանարար հետևանքներ կունենար ոչ միայն հայության, այլև գուցե տարածաշրջանի ժողովուրդների համար։ Այս ընթացքում կարևորագույն հարցը, որ լուծեց Թուրքիան, Ադրբեջան պետության ստեղծումն էր, որը դարձավ պանթյուրքիզմի հենարանը տարածաշրջանում ։
Պանթյուրքիզմը վերադառնում է
Թուրքիայում պանթյուրքիզմի վերածնունդը որպես նորհամաթյուրքականություն սկսվեց Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու արտաքաղաքական առաջնահերթության տապալման հետևանքով։ Երկրի ներսում քրդական լրջագույն հարցի սրումն էլ ստիպեց թուրքական իշխանություններին նոր քաղաքականություն մշակել, նոր գաղափարախոսությամբ միավորել երկիրը։ Այդ գործընթացների գաղափարական հիմքը նեոօսմանիզմի ոչ պաշտոնական արտաքին քաղաքական դոկտրինն էր, որը գիտականորեն և տեխնիկապես զարգացրել էր նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը» աշխատության մեջ, թեև նեոօսմանիզմի նշանները սկսել էին նկատվել դեռևս Թուրգութ Օզալի և Աբդուլլահ Գյուլի կառավարման ժամանակներից ։
Բացի նեոօսմանիզմից՝ Թուրքիայում տարածվեցին այլ գաղափարախոսություններ ևս, մասնավորապես՝ նեոպանթյուրքիզմն ու թուրքական եվրասիականությունը։ Այդ դոկտրինների հիմքը պանթյուրքիզմն էր, որը համընկավ երկրի ծավալապաշտական նկրտումներին, աշխարհաքաղաքական խաղացողների շահերին։
Դեռևս 1990-ականների վերջին ԱՄՆ-ում մշակվել էր «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծը, որը նախատեսում էր միավորել Մաղրեբից մինչև Պակիստան ընկած տարածքները ։ Իրադրությունը բարենպաստ էր, քանի որ Խորհրդային Միության փլուզումով Միացյալ Նահանգները համաշխարհային միաբևեռ առաջնորդի դեր էր ստանձնել, և տարածաշրջանում ուժային վակուումը անհրաժեշտ էր անմիջապես լցնել։ Այդ ծրագրի իրականացման համար հարմար գործիք ու հարթակ կարող էր ծառայել պանթյուրքիզմը։ Իսկ Թուրքիայի ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի համար հաղթական արցախյան պատերազմին ակնհայտ ապացույցը դարձավ այն բանի, որ Անկարայի արտաքին քաղաքականության դոկտրինների հիմքում իսկապես ընկած են երկու գաղափարախոսություններ՝ նորօսմանականությունը և նորհամաթյուրքականությունը։ Երկու գաղափարախոսությունների նպատակների վերջնարդյունքը նույնն է՝ «Մեծ Թուրքիայի» ստեղծումը, իսկ ոմանք պնդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործնականում վարում է այդ երկու ուղղությունների սինթեզի քաղաքականություն ։ Նրա պատերազմները Իրաքում, Սիրիայում և Լիբիայում, Հունաստանի հետ ռազմական հակամարտություն հրահրելու փորձերը ներկայացվում են որպես նեոօսմանիզմի դրսևորում, այսինքն՝ նախկին Օսմանյան կայսրության սահմաններում Անկարայի ազդեցության վերականգնում։
Կիպրոս ներխուժումից մինչև արցախյան վերջին պատերազմը թուրքական բոլոր գործողությունները կարելի է համարել նորպանթյուրքիզմի դոկտրինի հաջող կիրառման արդյունք։
Թուրքական հետդարձ
Դեռևս Հեյդար Ալիևի օրոք Ադրբեջանում սկսեց կիրառվել «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, որը թուրքական փափուկ ուժի արդյունքն էր։ Դժվար չէ կռահել, որ նույն ազգի երկու պետությունները ձգտում են առնվազն ընդհանուր սահմաններ ունենալու, ինչի սկիզբը դրվեց Կարսի պայմանագրով, երբ Նախիջևանը բռնակցվեց Ադրբեջանին։ Ապա նաև Ադրբեջանի կազմում ձևավորվեց ԼՂԻՄ կոչվող վարչատարածքային միավորը։ Այդ շրջանում, ինչպես նշեցինք, Անդրանիկի, ապա Նժդեհի հերոսական գործողությունների շնորհիվ Սյունիքը պոկել հնարավոր չեղավ, իսկ արցախյան պատերազմի առաջին շրջանում (1990-1994 թթ.) ազատագրելով Լեռնային ու Դաշտային Ղարաբաղի մեծ մասը՝ մենք մեծացրինք հայկական ոսկորը, որը մնացել էր երկու պետությունների կոկորդում։ Մեր հաղթանակն այդ ընթացքում կարելի է պայմանավորել նաև աշխարհաքաղաքական գործոնով, քանզի Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված Ռուսաստանի Դաշնությունը կրիտիկական սպառնալիք չէր ներկայացնում Արևմուտքի համար։
Իրավիճակը գնալով փոխվեց, և ռուսական սպառնալիքին դիմակայելու և «Ռուսաստանին զսպելու» համար դարձյալ ակտիվացվեց համաթյուրքական գործիքը։ Թուրքիան իր հայացքը հառեց դեպի Արևելք։ Դա կարելի է պայմանավորել տնտեսական, ռազմաքաղաքական և էթնիկ-կրոնական գործոններով։
Տնտեսական առումով Թուրքիան նպատակ ունի թուրքմենական և ղազախական գազերը Կասպից ծովից Ադրբեջանով, Մեղրիով, Նախիջևանով, ապա իր տարածքով դեպի Եվրոպա տարանցելու։ Նշված ուղղությունը ամենակարճ և հարմար տարբերակն է։
Ռազմաքաղաքական առումով վերոնշյալը տեղավորվում է թուրքական իմպերիալիզմի, Ռուսաստանին զսպելու Արևմուտքի քաղաքականությունների տիրույթում։
Էթնիկական առումով այն ուրվագծում է Թուրքիայի և թյուրքական ժողովուրդների ապագան։ Դուրս մնալով Եվրոպայից՝ Թուրքիան ձգտում է միավորվելու թյուրքալեզու այլ պետությունների հետ և ծավալվելու արևելքում։ Արևելք գնալու համար Թուրքիան օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները։ Առաջին միջոցը Վրաստանն է, որտեղ թուրքական տնտեսական էքսպանսիայի հետևանքով Աջարիան ամբողջությամբ հայտնվել է Թուրքիայի ազդեցության ոլորտում։ Հայ-վրացական սահմանին ինտենսիվորեն հիմնվում են ադրբեջանական բնակավայրեր, որտեղ ադրբեջանցիներին տրվում են բնակարաններ, աշխատատեղեր։ Փորձ է արվում հյուսիսից շրջափակել Հայաստանը, իսկ հնարավորության և անհրաժեշտության դեպքում՝ այդ շրջաններով ապահովելու երկու պետությունների կապը։ Նախագիծը էթնիկական, տնտեսական և գաղափարական առումներով հաջողվում է։ Այն ապագայում կարող է քաղաքական «դե յուրե» գրանցում ստանալ։
Հաջորդը Իրանի հյուսիսային շրջաններով անցումն է դեպի Ադրբեջան, ինչը դեռևս Առաջին աշխարհամարտի ընթացքում ապահովվել էր Նախիջևանի երկաթուղու միջոցով:
Իրանական Ատրպատականի տարածքում բնակվում են շուրջ 20 մլն էթնիկ ադրբեջանցիներ, որոնք ցանկացած պահի կարող են օգտագործվել Իրանի պառակտման համար ։ Այս ուղղությամբ թեև տնտեսական, քաղաքական հիմքեր դեռևս չկան, բայց էթնիկ մեծաթիվ համայնքը կարող է ապագայում վճռական դեր խաղալ։
Վերջին միջոցը Հայաստանն է, առավել ստույգ՝ Սյունիքի մարզը։ Քարտեզին նայելիս անգամ կարելի է հասկանալ իրադրությունը։ ՀՀ տարածքի ամենաձգված, ամենանեղ, հաղորդակցության առումով ամենախոցելի հատվածը Սյունիքն է։ Դա այս պահին ամենահարմար տարբերակն է՝ ճեղքելու հայկական ոսկորը և միավորվելու։ Իրավիճակը, ցավոք, սրվել է 44-օրյա պատերազմից հետո։
Կովկասից ճանապարհ է բացվում դեպի Կասպից ծով, Պովոլժիե և Կենտրոնական Ասիայի պետություններ։ Ճեղքելով Սյունիքը՝ Թուրքիան անմիջապես կհայտնվի Կենտրոնական Ասիայում, կձգտի ակտիվացնել Չինաստանի Սին-Ցզյան նահանգում ապրող տարբեր հաշվարկներով 20-50 մլն ույղուրական (թյուրքալեզու) համայնքը։ Դա Չինաստանին զսպելու հավանական և իրագործելի ուղի է, որի համար Թուրքիան անպայմանորեն ունի Արևմուտքի հավանությունը։
Թուրքական եվրասիականությունը և Հայաստանը
1990-ականների սկզբին թուրքական եվրասիականության առաջին դրսևորումը հակառուսական ու արևմտամետ էր։ Երկրորդը, որը կարելի է ասոցացնել նախկին արտգործնախարար Իսմայիլ Ջեմի (1997-2002 թթ.) հետ, Թուրքիայի ձգտումն էր՝ գտնելու իր դերը Սառը պատերազմի ավարտից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրականության մեջ ։ Երրորդ և ընթացիկ դրսևորումը նույնպես սկիզբ է առնում 2000-ականների սկզբին և կրում է հակաարևմտյան գաղափարական դիրքորոշման որոշ տարրեր։ Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան հասկացավ, որ Կենտրոնական Ասիայում պոտենցիալ ազդեցության գոտի է ձևավորվել։ Արևմուտքի կողմից հովանավորվող եվրասիականությունն այդ շրջանում նշանակում էր, որ Թուրքիան կարող էր առաջատար դեր խաղալ Կենտրոնական Ասիայի և Կովկասի նոր անկախ պետությունների գործերում։ Հետևաբար դա նույնպես հիմնված էր Ռուսաստանի հետ մրցակցային օրակարգի վրա։ Սակայն, չնայած այդ դարակազմիկ զարգացման առավելություններից օգտվելու իր վաղ ցանկությանը, Թուրքիան չկարողացավ առաջատար դեր ստանձնել Կենտրոնական Ասիայում։
Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը (որը մեծ մասամբ հնարավոր դարձավ Թուրքիայի անմիջական աջակցության շնորհիվ) ոգեշնչել է Անկարային՝ մեր տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում ավելի մեծ դերի ձգտելու: Դրա իրականացման դեպքում, Աֆղանստանում ԱՄՆ-ի հեռանալուց հետո իրադարձությունների զարգացմանը Թուրքիայի մասնակցության ձգտումը կարող է հանգեցնել նաև տարածաշրջանում ավելի մեծ դեր խաղալու ցանկության։ Այդ նպատակով Անկարան, հավանաբար, թուրք ժողովուրդների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու ուղիներ կփնտրի այնտեղ, ինչը կարող է ակտիվացնել թյուրքական աշխարհի գաղափարը՝ որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության ինտելեկտուալ, գաղափարական և քաղաքական շարժիչներից մեկը։
Յուսուֆ Աքչուրան, ով Ռուսաստանում է ծնվել և թուրքական ազգայնականության գաղափարախոսն է, այս սցենարը կանխատեսել էր ավելի քան մեկ դար առաջ։ Նա պնդում էր, որ օսմանյան վերնախավը պետք է կենտրոնանա թուրքական ազգայնականության և պանթյուրքիզմի վրա, որպեսզի հետ շրջի կայսրության ճակատագիրը ։ Խորհելով կայսերական համաշխարհային կարգի շրջանակներում թյուրքական աշխարհի նման քաղաքականության իրականացման մասին՝ Աքչուրան պնդում էր, որ Ռուսաստանը կլինի հիմնական խոչընդոտն ու հակառակորդը, մինչդեռ Արևմուտքը հավանաբար կաջակցի այդ քաղաքականությանը այն հիմքով, որ այն կթուլացնի Ռուսական կայսրությունը, որն իշխում է հսկայական թուրք բնակչության վրա։ Այն, ինչ ճշմարիտ էր այն ժամանակ, արդիական է նաև այսօր։ Եթե աշխարհաքաղաքական եվրասիականությունն ու թյուրքական աշխարհի գաղափարը հաղթեն Անկարայի արտաքին քաղաքականության մեջ, առաջին զոհն անխուսափելիորեն կդառնա գաղափարական եվրասիականությունը, որը փորձում է Թուրքիային մերձեցնել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ ի հեճուկս Արևմուտքի։ Այն, ըստ երևույթին, փորձ է կատարում ռուսական եվրասիականության հետ համադրելու թուրքական շահերը և խուսանավելու Արևմուտքի և Արևելքի խաղացողների միջև։ Այս քաղաքականության վառ դրսևորումներից են ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության համակարգի գնումները, ռուսների հետ համագործակցությունը Սիրիայում, Անդրկովկասում (պատերազմից հետո ռուս-թուրքական համատեղ վերահսկողության կենտրոնի ստեղծումը) ևն։ Այս տեսանկյունից կարելի է բացատրել նաև Պեկինի լռությունը արցախյան պատերազմի օրերին՝ ենթադրելով հնարավոր Անկարա-Մոսկվա-Պեկին առանցքի ուրվագծման մասին։ Պեկինը կարող է շահագրգռված լինել այս հարցում, որպեսզի կարողանա չեզոքացնել թուրքական վտանգը ույղուրական հարցի առումով։
Այժմ, երբ առավել պարզեցվեց թուրքական եվրասիականությունը, կարելի է պնդել, որ այն, որոշ փոփոխություններով, առաջ է տանում նորպանթյուրքիզմի գաղափարները և նույնքան վտանգավոր է մեզ համար, որքան նորպանթյուրքականությունը։
Պանթյուրքիզմը, Իրանը և Սյունիքը
Վերջին շրջանում սեղմվում է օղակը Իրանի շուրջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը Մոսկվայից արձագանք է ակնկալում Հարավային Կովկասում «սիոնիստների և ահաբեկիչների» ներկայությանը: Այս մասին իրանական դիվանագիտության ղեկավարն ասել է հոկտեմբերի 5-ի երեկոյան իրանական «IRNA» լրատվամիջոցին ։ Խնդիրն այն է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի միջոցով ահաբեկիչներ բերեց տարածաշրջան, որպեսզի կարողանա բեկում մտցնել պատերազմում։ Այդ տեղեկությունը հաստատվել էր բազմաթիվ աղբյուրների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Պենտագոնի, սիրիական հետախուզության, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի կողմից : Պատերազմից հետո, իհարկե, ահաբեկիչները չլքեցին տարածաշրջանը, այլ խոսակցություններ սկսվեցին, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են նրանց բնակեցնել Արցախից օկուպացված տարածքներում։ Իրանն իր անհանգստությունը հայտնեց այդ դեպքերի առնչությամբ։ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ անկյունաքարային հարցերի, նշեց նաև, որ Իրանի համար չափազանց կարևոր են Արցախից գրավյալ տարածքներում ահաբեկիչների՝ ճամբարներ ստեղծելու և բնակություն հաստատելու հանգամանքները։ Նա հատուկ ընդգծեց, որ եթե Իրանի կողմից նման դեպքերը հավաստանշվեն և փաստարկվեն, ապա, առանց Բաքվին և Անկարային տեղյակ պահելու և զգուշացնելու, Թեհրանը կդիմի համապատասխան գործողությունների ։ Սա նշանակում է, որ Իրանը շրջափակվում է թշնամու կողմից։ Այս պարագայում Իրանը փորձում է լողալ, և իր միակ հնարավորությունը այս ուղղությամբ Սյունիքի (Մեղրիի) միջոցով անխափան կապ ապահովելն է դեպի Եվրոպա և Ռուսաստան։ Այսպես՝ Հայաստանի հետ 42 կմ-անոց ճանապարհը «պաշարված ամրոց» Իրանի համար այլընտրանքային ելք է դեպի Եվրոպա Վրաստանով և Սև ծովով :
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի հաղթանակը հանգեցրել է նրան, որ Թուրքիայի կողմից հովանավորվող պանթյուրքիստներն Իրանին սպառնում են հյուսիսային սահմանի ողջ երկայնքով։ Այս մասին հայտարարել է իրանցի փորձագետ, միջազգային հարաբերությունների հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Էհսան Մովահեդյանը նոյեմբերի 13-ին «Fars News» լրատվական գործակալության հրապարակած հոդվածում: «Պանթյուրքիստների միջամտությունն արդեն հուզումների պատճառ է դարձել Իրանի որոշ քաղաքներում ադրբեջանական բնակչության հետ»,- նշել է Մովահեդյանը :
«Թուրք ծայրահեղական լրագրող Իբրահիմ Քարագուլը «Yeni Şafak» թերթում հոդված էր գրել, որում հայտարարել էր, թե Իրանը… այլևս Լեռնային Ղարաբաղի հետ սահման չունի, և այլևս չպետք է գոյություն ունենա Իրանի և Հայաստանի միջև սահմանը (իմա՝ Սյունիքի մարզը, այսինքն՝ Մեղրիի շրջանը պետք է որպես միջանցք տրամադրվի Ադրբեջանին ‒ Գ. Ե.), իսկ Միջին Ասիա տանող ճանապարհը Թուրքիայի համար պետք է բաց լինի»։
Սյունիքի մարզը կարևոր է նաև տնտեսական տեսանկյունից։ Իրանական ապրանքների մուտքը Հայաստան և հակառակը տեղի են ունենում Սյունիքի մարզի ճանապարհներով։ Օգոստոսին Գորիս-Կապան ճանապարհի փակումը նպատակ ուներ ստուգելու Իրանի արձագանքը և հնարավոր բացասական ազդեցությունը Իրանի և Հայաստանի տնտեսությունների վրա։
Այսքանից հետո զարմանալի չէ, որ Իրանը սկսել է զորքերի զանգվածային տեղափոխումը սահման՝ ինչպես հակամարտության գոտու, այնպես էլ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ընդ որում, եթե այնտեղ ՀՕՊ-ի տեղակայումը դեռ կարելի է բացատրել նրանով, որ պետք է որսալ թուրքական հրթիռային արկերն ու ԱԹՍ-ները, որոնք թռել էին Իրանի տարածք, ապա ցամաքային զորքերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղափոխումն ակնհայտորեն պայմանավորված է ավելի լուրջ մտավախություններով։ Լրացուցիչ լարվածություն են առաջացնում թուրքական գործակալական ցանցի փորձերը՝ սոցիալական ցանցերի միջոցով անկարգություններ հրահրելու Իրանի ադրբեջանցիների շրջանում, երկրի հյուսիս-արևմուտքում բնակվող ադրբեջանցիների ուժերով փակելու Հայաստանի հետ սահմանը։
Նկատի ունենալով Սյունիքի միջոցով Իրան-Հայաստան կապի բացառիկ կարևորությունը հակաթուրքական պայքարում՝ չի բացառվում, որ Իրանը ստիպված լինի այդ ուղղությամբ ուժեղացված ռազմական ներկայությունը պահպանել
երկար ժամանակ։
Վերարժևորելով Սյունիքը
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ցամաքային ամենամեծ մարզն է, որն զբաղեցնում է 4500 կմ2 տարածք։ Սյունիքի մարզը, բացի ռազմավարական շրջան լինելուց, մեծ կարևորություն ունի նաև հետևյալ առումներով.
Տնտեսական։ Սյունիքի մարզը կարելի է համարել Հայաստանի տնտեսական զարկերակը։ Այն օգտակար հանածոներով հանրապետության ամենահարուստ մարզն է։ Հայտնի են Քաջարանի, Կապանի, Ագարակի, Դաստակերտի, Լիճքի, Սվարանցի մոլիբդենի, պղնձի, ոսկու և հազվագյուտ այլ մետաղների հանքավայրերը, որոնցից շահագործվում են Քաջարանի, Կապանի, Ագարակի և Լիճքի հանքավայրերը: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ երկրորդ ամենախոշոր հարկատուն է, որը պետբյուջե է վճարում գրեթե 26 միլիարդ դրամ։
Զգալի են բազալտի, մարմարի, կրի և կավի պաշարները, կան հիդրոէներգետիկ մեծ ռեսուրսներ։
Սյունիքով է անցնում Իրան-Հայաստան գազամուղը, որը կառուցվել է 2007 թ.։ Սկզբնապես նախատեսվում էր կառուցել 1200 մմ տրամագծով խողովակաշար, սակայն կառուցման ավարտին գրեթե կրկնակի նվազեցվել էր լայնությունը՝ հասցվելով 700 մմ-ի։ Այն տարեկան կարող է մինչև 2 մլրդ մ3 գազ տարանցել դեպի Հայաստան։ 2016 թ. տեղեկություններ հայտնվեցին, որ Իրանն ու Վրաստանը համաձայնության են եկել, որ Իրանից Հայաստանի տարածքով մինչև 500 մլն մ3 գազ արտահանվի Վրաստան , ինչը ևս կասեցվեց։
ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն ունի 4 ազատ տնտեսական գոտու քվոտա, որոնցից մեկը գտնվում է Սյունիքի մարզում՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որը ևս չի աշխատում ինչ-ինչ պատճառներով։
Ռազմավարական։ Մարզում կան շուրջ 170 մեծ և փոքր գետեր, որոնցից առավել խոշորներն են Որոտանը, Ողջին և Մեղրիգետը: Մարզի ջրամբարներն են Սպանդարյանի (ջրատարողությունը՝ 257 մլն մ3), Տոլորսի (96,8 մլն մ3), Շամբի (13,6 մլն մ3), Անգեղակոթի (3,4 մլն մ3) և Գեղիի (15 մլն մ3) ջրամբարները:
Ռազմավարական նշանակության են Սյունիքի անտառները, որոնք կազմում են մարզի տարածքի գրեթե 20 %-ը։
Սյունիքում են տեղակայված մեկ քաղաքացիական և երեք ռազմական օդանավակայաններ։
Աշխարհագրական։ Պանթյուրքիզմի դեմ պայքարի համար բնական պատնեշ են Սյունիքի մարզի լեռնազանգվածները, մասնավորապես՝ Զանգեզուրի լեռնաշղթան, Բարգուշատը և Մեղրիի լեռները։
Մշակութային։ Սյունիքը հայության օրրանն է եղել պատմական անհիշելի ժամանակներից, և այստեղ կառուցված բազմաթիվ մշակութային կոթողները, վանքերը, բերդերը, ժայռապատկերները հայության ինքնության ու ինքնաճանաչման համար կարևորագույն նշանակություն ունեն։
Հոգեբանական։ Սյունիքի բնակչության բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի բարձր է, քան հանրապետության մնացյալ շրջանների բնակչությանը։ Այն կապված է Սյունիքի տեղանքի, պատմության հետ, և մարտնչող ոգին Սյունյաց բարձրաբերձ լեռներից մտել է տեղացիների հոգեկերտվածքի մեջ։
Այսքանով հանդերձ՝ Սյունիքը Հայաստանի ամենանոսր բնակեցված մարզերից է։ Սյունիքի մարզում է գտնվում ՀՀ ամենանեղ հատվածը՝ մոտավորապես 25-26 կմ, որի շրջակայքում ընդամենը մեկ բնակավայր կա։
Թուրքական ծավալապաշտական նկրտումների դեմ Սյունիքը կարող է պայքարել, սակայն անհրաժեշտ են ռազմավարական լուծումներ այս և այլ խնդիրներին։
Սյունիքի մարզի բնակչության համար պիտի ստեղծվեն առավելագույնս բարենպաստ պայմաններ՝ բնական աճը խթանելու համար։ Պետք է կառուցվեն նոր բնակավայրեր։
Ռազմավարական առումով անվտանգային հարց է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, որը կփոխի տարածաշրջանային հաղորդակցությունների և անվտանգային քարտեզը։ Այդպիսի փոփոխությունների մասին արդեն խոսում են Իրանում ։ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին գրել էր, որ Կովկասի տարածաշրջանի տարանցիկ քարտեզը շուտով կփոխվի: Նա նշել էր, որ կովկասյան միջանցքի և Նորդուզից Հայաստան ճանապարհի խնդիրը կլուծվի։ Հայկական կողմը պետք է հասնի նաև երկաթուղու կառուցմանը։
Անհրաժեշտ է հստակեցնել, որ թուրքական քաղաքականության դեմ պայքարող սուբյեկտ լինել կարող է միայն Հայաստանի զորեղ ու կենսունակ հանրապետությունը, իսկ Սյունիքն այն երակն է, որը պետք է առավելագույնս սնուցի հանրապետությունը՝ պանթյուրքիզմի դեմ հաղթանակելու համար։
Սյունիքի բացառիկ կարևորությունը հասկացել և բարձրաձայնել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ով 1999 թ. որպես ՀՀ վարչապետ Սյունիք այցի ժամանակ ասել է հետևյալ խոսքերը. «Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա։ Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ… Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։
Ամփոփելով ցանկանում ենք ընդգծել, որ Սյունիքն այսօր այն միակ սեպն է, որ խանգարում է թուրքական աշխարհին միավորվել։ Այն ռազմաքաղաքական կարևորագույն լծակ է, որը կարող է կանգնեցնել նորհամաթյուրքական շարժումը, կանխել դրա տարածումը դեպի արևելք, Կենտրոնական Ասիա։ Սյունիքն այսօր նույնքան կարևորություն ունի և Իրանի Իսլամական Հանրապետության համար, որը ստիպված է մի քանի ճակատներով կռվել թուրքական էքսպանսիայի, իսրայելական սպառնալիքի, արևմտյան պատժամիջոցների և հնարավոր ինտերվենցիաների դեմ։
Եթե Սյունիքում Հայաստանը զիջի միջանցքի հարցում, ապա Թուրքիան կդառնա աշխարհաքաղաքական կարևորագույն գործոն, իսկ Հայաստանը կկորցնի ինքնիշխանության իր վերջին բեկորները։