կարևոր
3172 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-21 15:14
Քաղաքական

ԵՄ դիտորդական առաքելության, ԼՂ-ի և խոշտանգումների տեսանյութերի մասին. Տոյվո Կլաար

ԵՄ դիտորդական առաքելության, ԼՂ-ի և խոշտանգումների տեսանյութերի մասին. Տոյվո Կլաար

NEWS.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Արդյո՞ք հայտնի է, թե Հայաստանի տարածքում կոնկրետ որտեղ է տեղակայվելու ԵՄ դիտորդական առաքելությունը։Առաքելության շրջանակում ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու։

Այս պարամետրերը՝ ներառյալ կազմակերպչական և գործառնական կոնկրետ հարցերը, ներկայումս վերջնական տեսքի են բերվում հոկտեմբերի 14-ին Հայաստան գործուղված ԵՄ տեխնիկական աջակցության առաքելության կողմից իրականացվող աշխատանքի և խորհրդակցությունների շրջանակում։ Նախատեսվում է, որ ԵՄ դիտորդական ապագա առաքելությունը բաղկացած է լինելու 40 դիտորդից։ Նրանց հիմնական խնդիրն է լինելու ճանապարհային պարեկների օգնությամբ տեղում դիտարկել իրավիճակը Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի՝ հետաքրքրություն ներկայացնող հատվածներում։ Նրանց դիտարկումների հիման վրա պարբերաբար զեկույցներ են ներկայացվելու Բրյուսելին։

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են Հայաստանի հետ սահմանի երկայնքով խախտել զինադադարը՝ փորձելով նաեւ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Ինչպես շեշտել է Հայաստանի վարչապետը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար պատրվակ ստեղծել։ ԵՄ դիտորդական առաքելությունը որեւէ գործառույթներ կամ լծակներ ունենալո՞ւ է նոր սրացումները կանխելու համար, ինչպիսին տեղի ունեցավ սեպտեմբերի կեսերին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու պատճառով։

Ինչպես նշեցի, ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հստակ մանդատ ունի՝ տեղում անվտանգային ցանկացած զարգացման վերաբերյալ զեկուցել Բրյուսելի կենտրոնակայան։ Երկու երկրների ղեկավարության հետ քննարկումների հիման վրա ակնկալում ենք, որ կողմերը կհամագործակցեն ԵՄ դիտորդների հետ և կնպաստեն իրավիճակի կայունացմանը՝ այսպիսով նպաստավոր պայմաններ ստեղծելով խաղաղության բանակցությունների և սահմանային հանձնաժողովների կենտրոնացված աշխատանքի համար։  Ակնկալիքն այն է, որ ԵՄ դիտորդների ներկայությունը կօգնի կանխել հետագա ցանկացած սրացում։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մերժել է Ադրբեջանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայման հնարավորությունը։ Պրահայի հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա։ Ադրբեջանի կողմից իր տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը մերժելն արդյո՞ք չի սահմանափակում առաքելության հնարավոր արդյունավետությունը։

Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել առաքելության հետ տեղում աշխատող համապատասխան դերակատարների հետ պարբերական շփումների միջոցով՝ անգամ առանց հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմում առաքելության ֆիզիկակական ներկայության։ Իսկապես, Պրահայում հոկտեմբերի 6-ի կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը համաձայնել է աջակցել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, իսկ վերջինը համաձայնել է համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա։ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում հաջորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ սեպտեմբերի 22-ին Եվրամիության փոխնախագահ եւ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հասցեագրված պաշտոնական խնդրանքին։

Պրահայում համաձայնություն է ձեռք բերվել, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքում ընկած են լինելու ՄԱԿ-ի կանոնադրությունն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, եւ որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի ինքնիշխան տարածքները դեռեւս դեօկուպացված չեն, եւ այդ տարածքներից ադրբեջանական զինված ուժերի հետքաշման վերաբերյալ պայմանավորվածություն դեռեւս չկա։ Ի՞նչ հեռանկար ունի սահմանազատման գործընթացը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքները դեռ օկուպացված են։

Շաբաթներ առաջ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը հստակ նշեց, որ ադրբեջանական ուժերը պետք է սահմանի իրենց կողմ դուրս բերվեն։ Թեեւ այդ սահմանը սահմանազատված չէ, բայց այն գոյություն ունի։ Հայկական ուժերը, որոնք երկկողմ սահմանի ադրբեջանական կողմում են, եւս պետք է հետ քաշվեն։ Այս ձեւով լարվածության նվազեցումը, վստահաբար, դրական ազդեցություն կունենա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վրա։ Կարծում եմ՝ 2 բան է անհրաժեշտ՝ հարգել գոյություն ունեցող սահմանն ու լիարժեք ներգրավվել սահմանազատման բանակցություններում։ Հուսով ենք, որ սահմանային հանձնաժողովների՝ Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպումը կօգնի հասնել կոնկրետ արդյունքների։

Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ժամակաշրջանների քարտեզների մասին են հայտարարում, որոնք պետք է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման հիմքում դրվեն։ Ո՞րն է ԵՄ դիրքորոշումն այս հարցում՝ ի՞նչ քարտեզների հիման վրա պետք է կատարվի սահմանազատումը հավասարակշռված որոշումների հասնելու համար։

Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հիմնական արդյունքներից է այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991թ․ հռչակագրին, որով երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ սա է ընկած լինելու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքում։ Եվրամիության կարծիքով՝ Ալմա- Աթայի՝ 1991թ.հռչակագիրը հստակ ասում է, որ անհրաժեշտ է հարգել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել վերջին պայմանավորվածությունների ժամանակ, խոսքը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության եւ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական սահմանների մասին է։ Այլ գծի բացակայության պայմաններում կարևոր է, որ կողմերը սա առնվազն որպես մեկնարկային կետ ընդունեն բանակցություններում։

Պրահայի հանդիպման հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների վերաբերյալ հիշատակում չկա։ Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության ապագայի հարցում, որոնք մշտապես Ադրբեջանի կողմից գոյաբանական սպառնալիքի տակ են։

Բոլորս տեղյակ ենք՝ ինչպես է սկսվել հակամարտությունը, և մենք նաև տեղյակ ենք հայկական կողմի բարձրաձայնած մտահոգությունների մասին։ Ղարաբաղի հայկական բնակչության ապագան պետք է լրջորեն քննարկվի, և մենք խնդրի վերաբերյալ պարբերաբար մտքեր փոխանակում են Ադրբեջանի և Հայաստանի մեր զրուցակիցների հետ։ Ծայրաստիճան կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակի կայուն մնալ, վստահության միջավայր ստեղծվի, որպեսզի տեղի բնակչությունը կարողանա պատկերացնել իր խաղաղ ապագան, երկու կողմերի ակտիվ բանակցությունների  արդյունքում հնարավոր լինի գործնական լուծումներ գտնել և, ի վերջո, սկսվի հաշտության գործընթացը։ ԵՄ-ն՝ այդ թվում ամենաբարձր մակարդակում, հստակ նշել է, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքները Հարավային Կովկասի խաղաղ ապագայի հիմնական բաղադրիչն են լինելու։

Ի՞նչ դիրքորոշում ունի Եվրամիությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պե՞տք է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի մաս կազմի։

Մենք ծանոթ ենք Հայաստանի իշխանությունների՝ այս հարցի վերաբերյալ վերջերս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղին վերաբերող հարցերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից առանձին պետք է քննարկել։ Լսել ենք նաեւ այս հարցի շուրջ Բաքվից հնչած հայտարարությունները։ Նախ և առաջ անհրաժեշտ է, որ Բաքուն համապարփակ ռազմավարություն մշակի եւ Ղարաբաղի հայ բնակչության հետ կառուցողական ու թափանցիկ երկխոսության մեջ ներգրավվի։ Լուծումը, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, բխում է թե՛ տեղի բնակչության, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի եւ թե՛ միջազգային հանրության շահերից։

Երեւանից ու Բաքվից մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքելու հնարավորության մասին պաշտոնական հայտարարություններ են հնչել։ Իրատեսական համարո՞ւմ եք այդ հեռանկարը։

Մենք նույնպես ծանոթ ենք այս հայտարարություններին։ Կողմերը հրապարակայնորեն և բազմիցս մեկնաբանել են այն սկզբունքները, որոնք պետք է ներառվեն խաղաղության ապագա պայմանագրում։ Ոգևորված ենք Արտաքին գործերի նախարարների հանդիպումներից։ Մինչև տարեվերջ կհաջողվի հասնել այդ նպատակին, թե ոչ, կախված կլինի կողմերից։ Հստակ է, որ մենք աջակցում ենք գործընթացին և վստահ ենք, որ համաձայնագիրը վճռորոշ բաղադրիչ է լինելու հակամարտության համապարփակ հանգուցալուծման համար։

Հայաստանյան սոցցաներում լայնորեն քննադատվեց Ձեր այն հայտարարությունը, որը վերաբերում էր այն տեսանյութերին, որոնք «պատկերում են ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է հետաքննվեն եւ իրական լինելու դեպքում հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Ձեր հայտարարությունից հետո ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին խոշտանգելու մեկ այլ տեսանյութ հրապարակվեց։ Ինչպես հայտնի է, նրանք նույնպես սպանվել են գերության պայմաններում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին տեսանյութը։

Բազմաթիվ զարհուրելի տեսանյութեր են հրապարակվել վերջին շաբաթներին, որոնք գերիների նկատմամբ անընդունելի բռնության տեսարաններ և մարդու իրավունքների խախտումներ են պատկերում։ Դրանք իսկությունը հաստատվելու դեպքում ռազմական հանցագործություններ կհամարվեն։ Ես հստակ հայտարարել եմ, որ անցյալի հանցագործությունները որևէ դեպքում չպետք է արդարացնեն բռնության կրկնությունը։ Սրանպետք է մեկընդմիշտ վերջ տրվի, և հանցագործությունների մեղավորները պետք է արդարադատության առջեւ կանգնեն։ Կարիք կա նաև ընդունել ու հետաքննել անցյալի հանցագործությունները՝ անկախ նրանից, թե ով է դրանք իրականացրել։ Մինչդեռ մենք ակնկալում ենք, որ իշխանությունները հստակ կդատապարտեն այս սարսափելի գործողությունները, կերաշխավորեն ամբողջական հետաքննությունների անցկացումն ու հանցագործների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը։ Ադրբեջանի իշխանությունները նախնական քայլեր են ձեռնարկել բռնության մասին վերջին հաղորդումները հետաքննելու ուղղությամբ, և մենք ուշադիր կհետևենք այս գործընթացներին։ Միաժամանակ, կուզեի կրկնել կողմերին ուղղված մեր կոչն առ այն, որ անհրաժեշտ է անցյալի և վերջին բռնությունների հարցում արդարացի մոտեցում դրսեւորել, բայց նաև լիազորությունների սահմանում անել ամեն ինչ նման աննկարագրելի գործողությունների կրկնությունից խուսափելու նպատակով։ Թշնամության և ատելության էջը պետք է մեկընդմիշտ շրջել՝ հանուն ապագա սերունդների շահերի:

 

Հայկ Սահակյան