Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում վերջին օրերին հրապարակված հոդվածները «սոդոմ-գոմոր» են ստեղծել իշխանական թիմում։ Երեկ «Քաղպայմանագրի» պատգամավորները փախեփախ էին անում լրագրողներից, մեծ մասը չէր ցանկանում անդրադառնալ դրանց, ոմանք կցկտուր հաստատումներ էին տալիս, ոմանք էլ փորձում էին «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով վստահեցնել, թե ծանոթ չեն հրապարակմանը։ Միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր, որ նիստերի դահլիճից ինքնակամ դուրս եկավ եւ փորձեց հերքել այդ տեղեկությունները` թերթի նշած ադրբեջանական պահանջները, սակայն ակամայից հաստատեց դրանք։ Հիշեցնենք, որ առաջին հոդվածով «հավաստի աղբյուրը» ներկայացնում է Ադրբեջանի՝ խաղաղության դիմաց Հայաստանին ներկայացված 5 պահանջները, որոնց թվում` Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում եւ բանակի լուծարում, իսկ երեկվա հոդվածում ներկայացվում են Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ դրսեւորած հավակնությունները: Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը Հայաստանի առաջ միութենական պետության մաս դառնալու պահանջ է դրել եւ Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, ուղղակի մեր դեպքում «օգտագործում է Ադրբեջանի եւ որոշ չափով էլ՝ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»։
ՔՊ-ականները մասնավոր զրույցներում տարակուսանք էին հայտնում՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդ ամենի մասին ուղիղ չի հայտնում հանրությանը, անում է հավաստի աղբյուրների միջոցով, իսկ եթե վաղը, մյուս օրը կանգնի եւ հերքի՞, ուրեմն ճիշտը չխոսելն է։ Թեպետ, շատերի խոստովանությամբ, հրապարակված պահանջներից որեւէ մեկն իրենց համար անակնկալ չի եղել, եւ պարբերաբար փակ քննարկումներում իրենց ներկայացվել է դա։
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը զգուշավորներից էր, ասաց՝ չի կարդացել հրապարակումները, անգամ փորձեց կանխել լրագրողի փորձերը, ով ուզում էր թվարկել առաջարկները։ «Ասում եմ՝ մի շարադրի, չեմ կարդացել, հետեւաբար՝ հետեւություններ չեմ արել: Հայաստանի սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է, պայմանագիրը կլինի միայն այդ դեպքում, մնացածը դիվանագիտական հարցեր են»,- շտապեց զրույցն ավարտել շաբլոն խոսքերով: Արցախը կարմիր գիծ չէ՞։ «Արցախի անվտանգությունը՝ եւս»։ Իսկ ինքնորոշման իրավո՞ւնքը։ «Ես ասում եմ, որ մնացածը դիվանագիտական հարցեր են, եւ ես հիմա չեմ պատասխանի այլ հարցերի»,- ասաց նա, ըստ էության, հաստատելով, որ թիմում կա տրամադրվածություն՝ Արցախի կարգավիճակը զրոյացնել եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Դրանք անընդունելի պահանջներ են համենայնդեպս ինձ համար»,-ասաց Հովիկ Աղազարյանը։ Սակայն խոստովանեց, որ պահանջների մեծ մասն իրենց համար նորություն չէ․ «Այս կամ այն հատվածներով քննարկումներ, խոսակցություններ լինում են, բայց որպես հավաքական փաստաթուղթ, եթե դա փաստաթուղթ է, ես տեղյակ չեմ, ծանոթ չեմ։ Այդպիսի փաստաթուղթն անընդունելի է ինձ համար, Արցախի ժողովուրդը նույնպես պետք է մերժի նման մոտեցումը»։ Խոսելով Արցախի հարցի՝ պայմանագրում ներառելու մասին, ասաց. «Բոլոր այդ հարցերով պետք է զբաղվեն Արցախի կողմից ընտրված օրինական իշխանությունները»: Մեր հիշեցմանը՝ դուք չէի՞ք ասում` Արցախը Հայաստան է, եւ վերջ, Աղազարյանը պատասխանեց․ «Ես նման բան չեմ ասել։ Այո, մենք՝ որպես պետականություն, որպես հայ ժողովրդի մեծ հատված, պարտավոր ենք ամեն ինչ անել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը սատարելու համար»:
Լռության ուխտ էր հայտարարել անգամ Անդրանիկ Քոչարյանը, ով տեսախցիկ տեսնելուն պես նետվում է, որ առիթն օգտագործի նախկիններին քլնգելու համար։ Կապանից ընտրված նախկին ուսուցչուհի Մարինա Ղազարյանը խոստովանեց, որ Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները ճիշտ են: «Այո»,- ասաց նա` նետվելով նիստերի դահլիճ։ ՔՊ-ականներին փորձեց պարզերես անել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ տեղ-տեղ հերքեց «հավաստի աղբյուրի» տեղեկատվությունը, սակայն տեղ-տեղ հաստատեց։ Օրինակ, Ադրբեջանի պահանջների մասով ասաց, թե սուտ է, նման բան չկա, ավելին` լրագրողներին հորդորեց գնալ եւ լրատվամիջոցից պարզաբանումներ պահանջել, սակայն հաջորդ պահին էլ հայտարարեց, թե «չի կարծում», որ «Արցախ» բառը պետք է եւ կարող է լինել խաղաղության պայմանագրում՝ հաստատելով, որ ոչ միայն կա նման առաջարկ, այլեւ այն արդեն ընդունվել է իշխանության կողմից: «Գոյություն չունի նման փաստաթուղթ, գոյություն չունի որեւիցե օրինակ կամ մի բան, որի մասին ես հիմա կարող եմ խոսել եւ ասել, որ այնտեղ նման բան կա կամ չկա։ Բայց միեւնույն ժամանակ եկեք մի բան ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետությունը երբեւիցե տարածքային պահանջներ չի ունեցել իր հարեւան երկրներից, Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991-ից, տարածքային պահանջի մասին երբեւէ խոսք չի գնացել, խոսքը միշտ եղել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին, եւ չեմ կարծում, թե «Արցախ» բառը պետք է լինի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ։ Մենք պատրաստ ենք կնքել այդ պայմանագիրը՝ միջազգային նորմերին համապատասխան»։
Անդրադառնալով Փաշինյանի ընտանեկան թերթի այն տեղեկությանը, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանը միութենական պետության կազմի մեջ մտցնել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ լուրը հավաստի չէ. «Նման որեւէ խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել: Նման խոսակցություն չկա: Ինձ համար չի էլ կարող դա լինել: ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»: Մեր ճշտող հարցին՝ կարո՞ղ է կա նման բան, Դուք չգիտեք, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Բացառում եմ, որ նման բան լինի, ու ես չիմանամ»»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում