Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման գործընթացում, բնականաբար, շեշտադրումներ են փոխվում: Մենք բախտավորություն ենք ունեցել ճանաչման գործընթացը բավական առաջ տանելու ու հասնելու նրան, որ աշխարհի կարևորագույն պետությունները ճանաչել են Ցեղասպանությունը: Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հուշահամալիրում` Ծիծեռնակաբերդում, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Ըստ նրա` հատկապես վերջին տարիներին շեշտադրվում է հատուցումը` հատուկ թղթածրար են պատրաստել, իրավունքների ուսումնասիրության միջազգային հիմնադրամ ստեղծել:
«Որպես համահայկական, քաղաքական ու պայքար մղող կազմակերպություն` Հայ դատի 4 առաջնահերթություններից է Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը: Մյուս երեքը վերաբերում են հայրենի երկու պետություններին` Հայաստանին ու Արցախին օժանդակելուն, հայապատկան հողերի ու հայության խնդրին ու աշխարհով մեկ երիտասարդության քաղաքականացմանը: Ավելի քան 100 տարի աշխատում ենք ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի սկզբունքային գաղափարի շուրջ և հիմա ուզում ենք այդ սկզբունքից ավելի գործնականի անցնել: Կարևոր է նաև Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի խնդիրը, որովհետև այդ հողերում ապրում են իսլամացված, թրքացված կամ այլ փոքրամասնություն ներկայացնող հայեր: Այդ խայտաբղետ ուղղությունը, որ ներկայացնում է Արևմտյան Հայաստանը, անշուշտ, յուրահատուկ ուշադրության առարկա է մեզ համար: Այս բոլոր աշխատանքները, իրավական հիմքերը, միջազգային փաստաթղթերը, Վիլսոնյան իրավավճիռը շատ ավելի լուրջ ու մանսագիտական քննարկման են կարոտ: Այդ գործընթացը մի քանի տարի առաջ ենք սկսել, ու բնական է` դրանցից ամեն մեկն այսօր հստակ պատասխան չունի»,- ավելացրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց նաև, որ հայ ժողովրդի համար խիստ կարևոր է արդարության հաստատման խնդիրը, իսկ Ցեղասպանության ճանաչումը հիմք կլինի միջազգային արդարության վերականգնման գործընթացի համար, ինչպես նաև կստիպի Թուրքիային` ընդունել պատասխանատվությունն ու, ինչու ոչ, հատուցել:
Սահմաններ փակելու ու շրջափակում իրականացնելու` Թուրքիայի այսօրվա թշնամական վերաբերմունքը, ըստ Տեր-Խաչատուրյանի, դժբախտաբար, ոչ միայն զղջման նշույլ չունի անգամ, այլ ամբողջովին ժխտման քաղաքականության մասին է վկայում: Հենց այդ պատճառով էլ պետք է պայքարենք ազգովին` Հայաստան, Արցախ ու ի սփյուռս աշխարհ:
Դառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Հայաստանն ընդունել է Հոլոքոստը, բայց Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ՀՅԴ-ականն արձագանքեց. «Ձեզ ասեմ` նրանք շատ անհանգիստ են զգում այդ հարցով, դրա համար էլ աճպարարություն են անում, երբ Իսրայելում Հայաստանի ներկայացուցիչները պաշտոնյաներին այդ թեմայով հարց են ուղղում: Իսրայելի անհատ ղեկավարներ արդեն ճանաչել են, հարցը պետական ճանաչման գործընթացն է, որը թուրքական ճնշումի, աշխարհաքաղաքական նկրտումների պատճառով կյանքի չի կոչվում: Հարցից փորձում են հեռու մնալ, բայց փաստը չեն ժխտում: Պետական պաշտոնյաները երբեք չեն ասում, թե Ցեղասպանություն չի եղել, պարզապես անտեսում են կամ խուսափողական պատասխան տալիս: Բայց վստահ եմ, որ ժամանակը կգա, ու Իսրայելը կընդունի Ցեղասպանությունը: Իսրայելցի մտավորականներն ու քաղաքագետներն իրենց պետության ղեկավարներին հաճախ են ասում, որ որդեգրված քաղաքականությունն անընդունելի է ցեղասպանություն տեսած իսրայելցի ժողովրդի կողմից: Այդ ուղղությամբ մենք աշխատանքները շարունակում ենք, ու Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը ժամանակի խնդիր է: Անհրաժեշտ է, որ երբեք չզատվենք աշխատանքներից, այլ, հակառակը, շարունակաբար պահանջենք Իսրայելից, որ իր բարոյական պարտավորությունների տերը լինի»:
Տեր-Խաչատուրյանն ընդգծեց նաև, որ թեզը, որ մշտապես ասել ու պնդել են, թե Ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման լինի Թուրքիայի հետ բանակցելու հարցում, շարունակում է օրակարգային մնալ: «Եթե ընդունենք, որ, առանց նախապայմանների ու առաջնորդվելով Հայաստանի շահերով, բանակցություններ սկսենք, Թուրքիան է ուղղակի, թե անուղղակի կերպով ամեն տեսակի նախապայմաններ առաջ քաշելու, ինչն արել էր նաև վերջին տարիներին: Բարեբախտաբար, այդ ծուղակը մենք նկատեցինք, ու դրանց դեմ պայքարեց Դաշնակցությունը: Եթե այս իշխանություններն ուզում են առանց նախապայմանների քաղաքականությունն առաջ տանել, մենք հարց չունենք»,- շեշտեց նա` հավելելով. «Թե՛ նոր, թե՛ նախկին իշխանությունները Ցեղասպանության ճանաչման մասով որոշակի աշխատանքներ տարել են, և դրա գագաթնակետը 2015-ն էր, երբ համաշխարհային մասշտաբով հռչակագիր ընդունեցինք, որի մեջ կետ առ կետ նշել էինք հիմնական անելիքներն ու թեզերը»:
Հարցին, թե ցեղասպանությունների կանխարգելման ու դրանց միջազգային ճանաչման հարցում Հայաստանն ի՞նչ դեր կարող է ստանձնել` Հակոբ Տեր-Խաչատրյանը պատասխանեց. «Առաջնորդողի դեր, որովհետև մեր օրերում քիչ ժողովուրդներ են ցեղասպանության զոհ դարձել: Իհարկե, անցյալում էլ եղել են տարբեր տեսակի ցեղասպանության օրինակներ, բայց արդի շրջանի ցեղասպանության զոհը, ցավոք, մենք ենք, ու այդ մասով Հայաստանը բարոյական պարտավորություն ունի` միջազգային բոլոր հարթակներից բարձրաձայնելու, պահանջելու ցանկացած տեսակի ցեղասպանության դատապարտում և գործնականացնելու ՄԱԿ-ում նշանավոր հռչակագիրը, օրենքը, որ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը»:
«Հիմա մարդիկ կան, որ ասում են, թե վերոնշյալ հռչակագիրը հետադարձ ուժ չունի, սակայն դա անընդունելի սահմանում է մեզ համար: Բայց պետք չէ մոռանալ, որ Ցեղասպանության եզրույթի ստեղծողը` Ռաֆայել Լեմկինը, 1946 թ. «American Scholar» ամսագրում հրապարակված «Ցեղասպանություն» (Genocide) վերնագրով և ցեղասպանության հանցագործության խնդրի հետազոտությանը նվիրված իր հոդվածում, անդրադառնալով նացիստների կողմից Եվրոպայում հրեաների և մյուս ազգերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությանը, առաջին անգամ ներկայացրել է Հին աշխարհի պատմությունից սկսած տեղի ունեցած ցեղասպանության օրինակները, որոնք իրենց գագաթնակետին են հասել Հայոց ցեղասպանության տեսքով»,- ամփոփեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: