Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անդրկովկասն արդեն մի քանի հարյուր տարի Եվրոպայի եւ Ռուսաստանի շահերի կիզակետում է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Վազգեն Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կազդի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա Մոսկվայի և Բրյուսելի միջև քաշքշուկը։
«Այնպես որ, այս քաշքշուկն այնքան էլ նոր չէ։ Խնդիրն այն է, որ Եվրոպան խոստումներով միշտ խաբել է հայերին։ Խաբել է 1878-ի Բեռլինի կոնգրեսում, երբ փորձեց դուրս մղել Ռուսաստանին Անդրկովկասից ու իր վրա վերցրեց Արեւմտյան Հայաստանի «խնամակալությունը»։ Այդուհետ Եվրոպայի թողտվությամբ նախ Սուլթան Աբդուլ Համիդը կոտորեց հայերին՝ 1894-1896 թթ․, ապա երիտթուրքերը՝ 1908-1916 թթ., հետո գործի այդ փուլն ավարտին հասցվեց Քեմալ Աթաթուրքի միջոցով՝ 1921 թվականին։ Այս բոլոր իրավիճակներում Եվրոպան դիտորդի դերում էր եւ բացի ցավակացական խոսքերից ու զուգահեռաբար իր շահաբաժինը թուրքերից վերցնելուց ուրիշ ոչինչ չարեց»,-ասաց նա։
Բրուսելյան համաձայնագիրը շատ նման է Բեռլինի Կոնգրեսի հայտարարությանը, նշեց Վազգեն Պետրոսյանը, եւ բնական է, որ պետք է հակազդեցություն առաջացներ Ռուսաստանում։ Եթե նախկինում կար Արեւելյան Հայասատան, ուր Ռուսաստանը կարող էր նահանջել, հիմա այլեւս նահանջելու տեղ չունի․․․ նահանջելու պարագայում՝ Ռուսաստանին կհասցնեն մինչեւ Մոսկվա։
«Այս երկու հզոր ուժերի բախումը, դժբախտաբար, տեղի է ունենում մեր երկրի տարածքում։ Այսօրվա իշխանությունների որդեգրած հակահայկական արտաքին և ներքին քաղաքականության հետեւանքով, Հայաստանը կորցրել է Արցախը ու նահանջել, մինչև իր սահմաների խորքը, այնքան, որ արդեն թուրքը եկել-մտել է մեր տուն։ Իսկ Արցախի հարցը այս իշխանության համար ավարտված է, մնացել է Հայաստանի հարցն էլ լուծի ու վերջ...»,-ասաց նա։
Բրուսելյան համաձայնագիրը պարունակում է մի քանի ական, որոնք պայթելու են Երևանում՝ հենց կառավարության շենքի ներսում՝ համոզված է վերլուծաբանը։
Բրյուսելյան հայտարարության մեջ ասվում էր նաև Հայաստանի երկու հատվածների կապի մասին՝ Ադրբեջանի տարածքով․ ի՞նչ վտանգ է սա պարունակում և ինչպես է հնարավոր կանխել․ հարցրինք Վազգեն Պետրոսյանին։
«Քանի դեռ այս իշխանությունն է կառավարում, մենք ամեն վայրկյան կորցնելու ենք հայրենիքի ինչ-որ մաս, կորցնելու ենք կայունանալու հնարավորություններ... Սա, ցավոք, արդեն ակսիոմա է։ Այս իշխանություններն ուզում են ամեն կերպ ձերբազատվել Հայաստանում ռուսական զորքերի ներկայությունից՝ կատարելով ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ու վերջիններիս հավատարիմ գործընկեր Թուրքիայի վաղեմի ցանկությունը։ Եվ հանուն այդ ծրագրի ամեն կերպ փորձում են հակասություն մտցնել հայության տարբեր խավերի ու հատվածերի միջեւ, ճիշտ այնպես, ինչպես այս իշխանության կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանն էր անում հայաստանաբնակ ու արցախաբնակ հայության միջեւ հակադրություն եւ օտարացում սերմանելով»,-ասաց նա։
Նպատակը, վերլուծաբանի համոզմամբ, մեկն է՝ հնարավորինս աջակցել Թուրքիային Արցախի հայաթափման հարցում։
«Չէ՞ որ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը տարածաշրջանում բացատրված է Արցախում հայերի գոյությամբ։ Արցախում հայ չապրի՝ ռուսական խաղաղապահ ուժերն ո՞ւմ խաղաղությունը պիտի ապահովեն։ Ռուսների գնալուց հետո ո՞վ կգա, պարզ է՝ թուրքերը։ Ուստի այսօրվա ՀՀ իշխանության գահին նստած են մարդիկ, ովքեր կա՛մ հակահայ են, կա՛մ խեղկատակ...»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։
Արցախի հայաթափումը կանխելը եւ Հայաստանի սահմաների ամրապնդումը կարելի է իրականցնել միայն ու միայն այս իշխանությունների հեռանալուց հետո, համոզված է նա, իսկ նրանց պետք է հեռացնել վայրկյան առաջ։ Միջազգային ու տարածաշրջանային իրադարձությունները շատ ավելի արագ են զարգանում, քան պատկերացնում եւ արձագանքում ենք մենք՝ հայերս։
Արդյո՞ք Լաչինի միջանցքի ու Բերձոր բնակավայրի հանձնումն արդեն որոշված փաստ է, այլընտրանքային ճանապարհը կլինի՞, թե՞ ոչ և ինչ խնդիրներ կառաջացնի՝ հարցին, Վազգեն Պետրոյանը պատասխանեց․ «Այսօրվա իշխանություններից ամեն բան սպասելի է։ Հայտնի չէ, թե այդ այլընտրանքային ճանապարհներն ում են պետք, երբ այս իշխանությունները ամեն կերպ փորձում են հայաթափել Արցախը։ Չմոռանանք, որ նրանց թեթեւ ձեռքով Քարվաճառն ու Բերձորը նվիրաբերվեցին թուրքին»։
Արցախը հայտնեց իր բացասական դիրքորոշումը Շառլ Միշելի ձևակերպման առնչությամբ․ ի՞նչ ազդեցություն սա կունենա․ Վազգեն Պետրոսյանը համոզված է, որ Բրուսելյան հայտարարությունն արցախաբնակ հայության պահանջների նշաձողը իջեցրեց մինչեւ հատակ։
«Արցախի ինքնորոշման հարցն այնպես վերաձեւակերպվեց, որպեսզի արցախահայության բախտը մնա թուրքի որոշելիք․ սա է «․․․կարգավորել այն հարցերը, որոնք կապված են Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ» ձեւակերպման իմաստը։
ՀՀ իշխանությունները մի՝ քանդելու հարցում, վարպետ են՝ բարձրակարգ վարպետ։ Այնչափ վարպետ, որ հավանաբար Սուլթան Աբդուլ Համիդի, Թալեաթ Փաշայի, Քեմալ Աթաթուրքի եւ այլ մարդակերների հոգիները դժոխքում հրճվում են»,-հայտարարեց Վազգեն Պետրոսյանը։