կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-05 16:03
Իրավական

Հայաստանում հերթական ֆինանսական բուրգն է «պայթելու»

Հայաստանում հերթական ֆինանսական բուրգն է «պայթելու»

Հայաստանում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետեր «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսի օֆշորային գոտում: Թվում է` անհանգստանալու կարիք չկա, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում հայաստանյան հանրությունը հասցրել է պատկերացում կազմել օֆշորի և օֆշորային գոտու մասին: Սակայն, ուսումնասիրելով գործարքի մանրամասները, հասկանում ենք, որ ոչ թե անհանգստանալու, այլ տագնապ հայտարարելու ժամանակն է:

 

Եվ այսպես… «Յունիաստրում» բանկի ձեռքբերումից 4 տարի անց Bank of Cyprus-ը տասնյակմիլիոնավոր եվրոյի խնդրահարույց ակտիվներ է հայտնաբերել այնտեղ և առաջարկում է դիտարկել բանկի նախագահի (2008-ից Գագիկ Զաքարյանն է) համապատասխանության հարցն իր զբաղեցրած պաշտոնին: Խնդրահարույց ակտիվների թվում են 2008-ին սնանկացած Marta Group-ի 16,2 մլն դոլարի վարկը և 18 մլն եվրոյի վարկը Экоинвест-ին: Վերջինս պատկանում է Գրիգորի Սրապյանին: Նա նաև Ю-пропертис ընկերության գլխավոր տնօրենն է, որի համասեփականատերերն են «Յունիաստրում»-ի բաժնետերեր Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը: Ըստ աուդիտորի՝ Экоинвест-ը վերահսկել են «Յունիաստրում»-ի վարչության անդամները: 2013-ի հունիսին Կիպրոսի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, Կիպրոսի խորհրդարանի հայ նախագահ Մարիուս Գարոյանի հորդորով Կիպրոսի նախագահը հանձնարարում է դատախազությանը հետաքննել Կիպրոսի բանկի կողմից «Յունիաստրում» բանկի ձեռք բերման գործընթացը: Անցկացված հետաքննության արդյունքում «Ալվարեզ-Մարսալ» քոնսալթինգային ընկերության աուդիտորները եկել են այն եզրահանգման, որ խնդրահարույց վարկերը ներգրավվել են «Յունիաստրում» բանկի վարկային փաթեթի մեջ վաճառքից առաջ:

 

Ըստ նրանց` փաստացի 34.2 միլիոն եվրոյի վարկը Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը վերցրել են հենց իրենք, այնուհետև իրենց իսկ վերցրած վարկը մտցրել են բանկի պորտֆելի մեջ, վաճառել այն արդեն երկրորդ անգամ և վերջում, ուղղակի չսպասարկելով այն, Կիպրոսի բանկը հասցրել սնանկացման եզրին, իսկ իրենք մաքուր տարել են 68.4 միլիոն եվրո: (Իհարկե, բանկի սնանկացման հիմնական պատճառներից մեկն էլ Հունաստանի պարտքի փակումն էր): Դատախազության քննարկման նյութ է դարձել նաև վաճառքի հետ կապված այն հանգամանքը, որ գործարքի գինը արհեստականորեն բարձրացված է եղել, և դրա համար մոտ 50 միլիոն եվրոյի չափ «ատկատներ» են տրվել:

 

Նշենք, որ Գագիկ Զաքարյանը հայկական «Յունիբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահն է և հիմնական բաժնետերերից մեկը: Մասնավորապես` նրան է պատկանում բանկի 12,285% բաժնեմասն ուղղակիորեն, ինչպես նաև 37,715%-ն` անուղղակի կերպով: Գ. Զաքարյանը «Յունիբանկ» ՓԲԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության 50%-ի բաժնետերն է, որի մնացած 50%-ի սեփականատերն էլ նրա գործընկեր Գեորգի Պիսկովն է, որն, ի դեպ, ուղղակիորեն տիրապետում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի մնացած` 12,285% բաժնեմասին:

 

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Գ. Զաքարյանը և Գ. Պիսկովը «Յունիբանկ» ՓԲԸ-ի հավասար` 50-ական % բաժնեմասի սեփականատերեր են: Գ. Զաքարյանը, «Յունիաստրում» բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց բացի, նաեւ «Յունիստրում» ընկերության վարչության նախագահն է: Այժմ նրանք ամբողջությամբ վաճառել են «Յունիբանկ» ՓԲԸ-ի իրենց բաժնեմասերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը, որի սեփականատերերը դարձյալ իրենք են: Այսինքն` տվյալ գործարքը կարող է միայն մի նպատակ հետապնդել` ֆորս մաժորի: Սնանկացման դեպքում Գ. Զաքարյանը և Գ. Պիսկովը անձնական գույքերով այլևս պատասխանատվություն չեն կրի, պատասխանատվությունը կընկնի «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության վրա, որն, ինչպես վերը նշեցինք, գտնվում է օֆշորային գոտում:

 

Նման պարագայում բնական է, որ ՀՀ ոչ մի ավանդատու քաղաքացի ուղղակի ի վիճակի չի լինելու հասնել Կիպրոս, վարձել փաստաբան և այդ ընկերությունից պահանջել իր գումարները: Ի դեպ, 2014թ. մարտի 12-ին Գ. Զաքարյանը և 2014 թ. փետրվարի 20-ին Գ. Պիսկովը արդեն իսկ վաճառել են «Յունիստրիմ» դրամային փոխանցումների համակարգի` իրենց բաժնեմասերը: Այսինքն` եթե նախկինում «Յունիբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ վստահության հիմնական աղբյուր էր այն, որ նրա թիկունքին կանգնած էր «Յունիստրիմ» դրամային փոխանցումների համակարգը, ապա այս պահին դա էլ չկա: Նշենք պարզապես մի հանգամանք, որը վկայում է այն մասին, որ այսօր «Յունիբանկի» գործերը Հայստանում այնքան էլ լավ չեն: Գաղտնիք չէ, որ բանկերը բարձր տոկոսներով ավանդներ են վերցնում այն ժամանակ, երբ ֆինանսական խնդիրներ են ունենում:

 

Ներկայումս ՀՀ –ում գործող ավանդային ամենաբարձր տոկոսը հենց «Յունիբանկ»-ինն է : Այսօր «Յունիբանկ» ՓԲԸ-ն ակտիվ գովազդի միջոցով քաղաքացիներից 14% տարեկան տոկոսադրույքով ավանդներ է ներգրավում, բայց, միևնույն ժամանակ, տարեկան 9.5%-ով վարկեր տրամադրում: Թե ինչպե՞ս է գոյատևում այս բանկը, պատկերացնելն անհնար է, համենայն դեպս, մեզ հայտնի չէ այնպիսի մի սխեմա, երբ ապրանքը կարելի է վերցնել թանկ գնով, այն վաճառել ավելի էժան և շահույթ ստանալ: Թեև նման սխեմաների հեղինակներ գործել են դեռևս 1990-ականներից, բայց վերջում բոլորի արարքներն էլ որակավորվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, և համապատասխան սուբյեկտները ծովափ գնալու փոխարեն ուղեւորվել են ուղղիչ աշխատանքային հիմնարկություններ: Այս դեպքում ակնհայտ է դառնում կիպրոսյան սցենարի կրկնությունը Հայաստանում: Նայելով այս սցենարին` դժվար չէ պատկերացնելը, որ Զաքարյան-Պիսկովը զույգն անցել է ավարտական փուլին, այն է` որքան հնարավոր է շատ ավանդներ ներգրավել ՀՀ բնակչությունից, տալ ցածր տոկոսով վարկեր ` իրենք իրենց, ինչպես արվել է Կիպրոսում, այնուհետև վաճառել « Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը ինչ-որ մի դրածո ֆիրմայի և հետագայում այն հայտարարել սնանկ, ինչը որ արվեց Կիպրոսում:

 

Վերլուծելով այս ամենը և հաշվի առնելով «Յունիբանկի» տերերի «փառավոր» անցյալը` առավել քան ակնհայտ է դառնում Հայաստանում հերթական ֆինանսական բուրգի պայթելու հավանականությունը` այս անգամ «Յունիբանկի» տեսքով: Հույս ունենք, որ պատկան մարմինները նշված հանգամանքներն ուսումնասիրության կարժանացնեն և հետաքննություն կսկսեն ոչ թե «Յունիբանկի» պայթելուց հետո, այլ հիմա, քանի դեռ հնարավոր է ինչ- որ կերպ կանգնեցնել ՀՀ քաղաքացիների վերջին խնայողությունների արտահոսքը դեպի օֆշոր:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Հ.Գ. Հոդվածում նշված փաստերին առանձին-առանձին yerkir.am-ը կանդրադառնա առաջիկա իր հրապարակումներում: