Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1992 թ-ի մայիսի 9-ի կադրերում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչոց Մայր տաճարում հեկեկացող տղամարդը «Ամարասի Արթուրն» է՝ Արթուր Ալեքսանյանը․ Yerkir.am-ին ասաց Արցախի Գերագույն խորհրդի նախկին քարտուղար Վլադիկ Հակոբյանի որդին՝ պատմական գիտություների թեկնածու Տարոն Հակոբյանը, որն ի մի է բերել հոր արխիվը։
Շուշիի Մայր տաճարում Արցախի Գերագույն Խորհրդի նախագահության անդամներն են և որոշ պատգամավորներ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պատարագ է մատուցում։
«Այն մարդիկ են, ովքեր քաղաքական որոշում կայացրին Շուշիի ազատագրման վերաբերյալ։ Պատարագի ընթացքում էլ դեռ որոշ տարածքներում մարտական գործողություններ են ընթանում՝ քաղաքը մաքրվում էր թշնամուց»,-տեսանյութը մեկնաբանեց Տարոն Հակոբյանը։
Շուշիի ազատագրման ռազմագործողության ամբողջ քաղաքական պատասխանատվությունն այն ժամանակ վերցրեց Արցախի իշխանությունը՝ ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահությունն այդ մասին որոշում կայացրեց՝ ասաց նա։
«ՀՅԴ անդամներ Գեորգի Պետրոսյանը ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, Վլադիկ Հակոբյանը՝ ԳԽ քարտուղարը։ Գերագույն խորհրդի նախագահության մեծամասնությունը Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամներ էին, և կարելի է ասել՝ Դաշնակցությունը ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Անգամ կան կադրեր՝ ինչպես Գեորգի Պետրոսյանը ավտոմատը ձեռքին Շուշիի ռազմագործողությանը մասնակցում է․ ասում են՝ Բեկոր Աշոտը մի դասակ էր ուղարկել, որ Գեորգիին պահեն՝ ոչ մի բան չլինի»,-պատմեց Տարոն Հակոբյանը։
Արցախի Գերագույն Խորհրդի նախագահության որոշումը կար, վստահեցրեց նա, նախագահության անդամների մեծ մասը վկայում է այդ մասին, բայց արխիվային փաստաթղթերից այդ որոշումը երևի հանվել է՝ հասկանալի պատճառներով։
«Միջազգային հանրությունն այն ժամանակ դեմ էր նման ռազմագործողության, Թեհրանյան բանակցություններն էին ընթանում այդ ժամանակհատվածում․ հենց այդ ժամանակ Շուշիի ռազմագործողությունն սկսվեց ու ձախողվեցին թեհրանյան բանակցությունները»,-նշեց Տարոն Հակոբյանը։
Թեհրանյան բանակցությունները 1992-ի մայիսի 6-ին էին․ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հրավերով Թեհրան էին ժամանել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԱՀ նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը: Նրանք, առանց ԼՂՀ իշխանությունների մասնակցության, բանակցություններ պետք է վարեին` ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Այս ձևաչափը չէր արտացոլում ղարաբաղյան հակամարտության էությունը, բայց բանակցությունների արդյունքների հիման վրա ստորագրվեցին համաձայնագրեր: Եվ մինչ ընթանում էին թեհրանյան բանակցությունները՝ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ԼՂՀ իշխանությունները որոշում կայացրին սկսել Շուշիի ազատագրման ռազմագործողությունը, որը, Տարոն Հակոբյանի վստահեցմամբ, մեծ դժգոհությամբ ընդունվեց Հայաստանի այն ժամանակվա նախագահի կողմից:
Մյուս կողմից, Շուշիի ազատագրմամբ Արցախի սուբյեկտայնությունը մեծացավ․ բարձրացվեց ժողովրդի պայքարի ոգին, Հայաստանի հետ ցամաքային կապ ստեղծվեց, ոչնչացվեցին նաև ադրբեջանական կրակակետերը, որոնցից Ստեփանակերտի վրա ամեն օր 400-ից ավելի արկ էին թափում։
«Հետագայում Հայաստանի իշխանությունները, թերևս, վախեցան Արցախի սուբյեկտայնության մեծացումից։ Այն ժամանակ քաղաքական երկու հակառակ թևեր էին իշխում՝ Արցախում ՀՅԴ-ն էր հիմնական քաղաքական ուժը, Հայաստանում՝ ՀՀՇ-ն։ Հայաստանի իշխանությունները երևի վախեցան այդ հզորացումից»,-ասաց Տարոն Հակոբյանը։
Ռազմագործողության պլանավորումն իրականացվել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի շտաբում, որի հրամանտարը Արկադի Տեր-Թադևոսյանն էր։
1992 թ-ի տեսանյութում, երբ Ղազանչեցոց եկեղեցում Գեորգի Պետրոսյանին հարցում են՝ ինչ է զգում, Արցախի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարը պատասխանում է․ «Պատմության մեջ ոչ մի դեպք չի եղել, որ որևէ մեկին հաջողվի վերցնել Շուշին, բայց մենք վերցրինք։ Ինչպե՞ս, որովհետև դա մերն էր, մենք վերադարձրինք մերը, մենք կարողացանք դա անել»։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․