Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների համար, որոնք Իսրայելում հակասեմական են համարվել։
Իսրայելի վարչապետի գրասենյակը երկու առաջնորդների միջև հինգշաբթի՝ մայիսի 5-ին, կայացած հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ Բենեթը «ընդունեց ներողությունը և շնորհակալություն հայտնեց Պուտինին՝ հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի վերաբերյալ իր դիրքորոշումը պարզաբանելու համար»։
Մինչդեռ Կրեմլի՝ բանակցություններին հաջորդած ուղերձում ոչինչ չի ասվում ՌԴ նախագահի՝ ներողություն խնդրելու մասին։ Դրանում միայն նշվում է, որ ՌԴ նախագահն ընդգծել է Իսրայելի նկատմամբ Ռուսաստանի բարեկամական վերաբերմունքը։
Բենեթի գրասենյակից հայտնում են, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ուկրաինական պատերազմը: Բենեթը խնդրել է Պուտինին՝ «դիտարկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից մարդկանց տարհանելու տարբեր տարբերակներ», իսկ ՌԴ նախագահը «խոստացել է թույլ տալ տարհանել խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ վիրավորներին՝ ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի մարդասիրական միջանցքներով»։
Իսրայելը, որտեղ բնակչության 15%-ը ռուսախոս է, մինչև վերջին շրջանում փորձում էր չեզոք մնալ և, օրինակ, հրաժարվել զենք Ուկրաինային մատակարարելուց՝ սահմանափակվելով միայն սաղավարտներով ու զինվորական հոսպիտալներով:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, հայտարարել էր. «Այն փաստը, որ ինքը (Զելենսկին) որպես փաստարկ է ներկայացնում` «ինչպես կարող ենք ունենալ ազգայնականացում, եթե ես հրեա եմ»: Եթե ճիշտ եմ հիշում, վախենում եմ սխալվել, բայց, իմ կարծիքով, Հիտլերն էլ հրեական արյուն ուներ։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Եվ մենք վաղուց լսել ենք, որ իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, սովորաբար, հրեաներն են: «Ընտանիքն ունի իր սև ոչխարները», ինչպես մերոնք են ասում…»:
Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Իսրայելը ծրագրում է մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Խոսքը պաշտպանական համակարգերի մասին է, որոնք ապահովում են ցամաքային զորքերի պաշտպանությունը։