Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուրջ մեկ տարի առաջ՝ 2021 թ. մարտին, հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմի օրերին Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից հավաքվել է գումար՝ Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու համար: Փողի հավաքման նախաձեռնողը եղել է Լոռու մարզպետարանը: Ընդ որում՝ դպրոցներին հրահանգվել է գումարը ներկայացնել ՌԴ ռուբլու տեսքով՝ պատճառաբանելով, թե այն միանգամից ռուբլիով փոխանցվելու է ՌԴ: Դպրոցները պահանջել են գումարի հանձնման ստացական, սակայն մարզպետարանից ոչինչ չեն տվել:
Հրապարակումից հետո խմբագրությունը Լոռու մարզի այլ շրջաններից տեղեկություններ ստացավ, որ Լոռու մարզպետարանը գումար է հավաքել ոչ միայն Վանաձորի դպրոցներից, այլև ամբողջ մարզից: Հայտնել էինք, որ նշված գումարի հավաքման հրահանգն իջեցվել է զանգահարելու միջոցով, ընդ որում՝ բոլորին զանգել են բացառապես «WhatsApp» համակարգի միջոցով:
Քանի որ Լոռու մարզպետարանից կտրուկ հրաժարվել էին բանավոր բացատրություն տալ, գրավոր հարցում էր ուղարկվել Լոռու մարզպետարան՝ պարզաբանում ստանալու՝ մինչ օրս Լոռու մարզպետարանի կողմից ինչո՞ւ չի հրապարակվել պատերազմի օրերին Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու նպատակով Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից ՌԴ ռուբլիով հավաքված գումարի ծախսման մասին հաշվետվությունը, և ե՞րբ է հրապարակվելու այն:
Պատասխանն առավել քան ապշեցուցիչ էր՝ տեղեկատվությունը չի կարող ներկայացվել, քանի որ այն պարունակում է պետական գաղտնիք: Փաստորեն, եթե հանկարծ հայ հասարակությունն իմանա, թե ինչ են արել հավաքած փողերը, Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սանձազերծել…
Լոռու մարզպետի աթոռին ժամանակավորապես կառչած անձը (նույն ինքը՝ մարզպետ Արամ Խաչատրյանը) ազգակործան պատուհաս շեֆին քսմսվելու համար կամ նրա «ֆաս» հրահանգով երեկ ինչ-որ բաներ է հոխորտացել ՀՅ Դաշնակցության և վերջինիս հետ համագործակցող ուժերի հասցեին:
Ե՛վ շեֆին, և՛ իրեն խորհուրդ կտայինք՝ պատասխանել հետևյալ հարցերին`
-ռազմական դրությունը վաղուց վերջացել է, Արամ Խաչատրյա՛ն, ի վերջո, հաշվետվություն և պատասխան տալո՞ւ եք, թե ի՞նչ ճակատագրի է արժանացել պատերազմի օրերին մարզի կրթական հաստատություններից «WhatsApp»-ի միջոցով հավաքված գումարը,
-մարզպետարանի քար լռությունից կամ վերոնշյալ պատասխաններից կարո՞ղ ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ այդ փողերը գրպանվել են կամ, այսօր ավելի ընդունված տերմինով ասած, «լափել» են: Իսկ թե ինչ են ասում կամ ինչպես են կոչում պատերազմի օժանդակության, բանակի կամ զինվորի փողը գողացողին՝ բոլորը գիտեն:
Մենք և մարզի կրթական հաստատությունները սպասում ենք պատասխանի:
Վահե Սարգսյան