Մանիպուլյացիայի կամ տեխնոլոգիայի կիրառմամբ փորձում են մոլորեցնել մարդկանց:
Ընդդիմությանը վերագրում են թեզեր, որոնց հետ ընդդիմությունը կապ չունի և փորձում են այդ թեզերը իբր թե ջարդել, դրանով ցույց տալով, որ հեռակա բանավեճ կա, և այդ բանավեճում հաղթում են: Սա պարզ տեխնոլոգիա է, ՀՀ-ում վաղուց վառված և կիրառության համար անպիտան: Հետևաբար, չի կարելի ասել, որ ընդդիմությունը խաղաղությանը դեմ է, մանավանդ որ ընդդիմությունից ավելի ոչ ոք խաղաղություն ունենալու ցանկություն չունի:
Մենք՝ դաշնակցականներս, մեր լուսավոր ընկերներին ենք կորցրել, սրանք մեզ խաղաղության մասին քարոզ են անում: Այն դեպքում, որ նույնիսկ իրենք վստահ չեն իրենց օրակարգի հաջողության վրա: Մեկ ասում են հնարավոր է Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, մեկ ասում են, որ խաղաղության օրակարգը կարող է ձախողվել, քանի որ ադրբեջանական կողմը փորձ է անում վիժեցնել, մեկ էլ թե բա մենք չենք շեղվում և գնում ենք խաղաղության: Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ-ին զենք վաճառելը կդիտեն թշնամական վերաբերմունք իրենց նկատմամբ: Պարտադրում են, որ ծնկաչոք ընդունենք իրենց 5 կետերը, պարտադրում են Արցախն ամբողջությամբ հանձնել, իսկ ՀՀ իշխանության որոշ դեմքեր պնդում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի թեզը սխալ է:
Իմ կարծիքով (օգտվելով կարծիք հայտնելու սահմանադրական իրավունքից) Արսեն Թոորոսյանի գրառումը կամա-ակամա երկու մեսիջ ունի.
ա/ պատերազմի քարոզի մեջ մեղադրել, հետո ուղերձ տալ թշնամուն, սադրանքներ իրականացնել,
բ/ կամ իրենք կլինեն իշխանության կամ պատերազմ կլինի:
Երկորդ կետը ըստ էության բխեցված է առաջինից:
Ուրեմն լսե՛ք: ՀՀ սահմանների անվտանգության պահպանումը իշխանության սուրբ և սահմանադրական պարտավորությունն է: Չփորձեք սեփական եսն ավելի բարձր դասել, չփորձեք հանուն իշխանության պահպանման անել բաներ, որոնք չփարատված կասկածի տեղիք են տալիս: Ինչպես տեղի ունեցավ պատգամավորների անվանացուցակի հայտնվելը խաղաղապահների ձեռքում:
ՀՀ-ում ներքաղաքական գործընթացներ են, որոնք ունեն ընդդիմախոսներ, սա չտանեք արկածախնդրության դաշտ:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ ֆինանսների հանձնախմբի նախագահ