կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-23 09:14
Քաղաքական

Ի. Սաղաթելյանին արձագանքելու փոխարեն մարդկանց հիշեցրու ՔՊ֊ի ծրագիրը՝ ի՞նչ է գրված, և ի՞նչ եք անում հիմա. պատասխան Արսեն Թորոսյանին

Ի. Սաղաթելյանին արձագանքելու փոխարեն մարդկանց հիշեցրու ՔՊ֊ի ծրագիրը՝ ի՞նչ է գրված, և ի՞նչ եք անում հիմա. պատասխան Արսեն Թորոսյանին
Իշխան Սաղաթելյանի կոչին Արսեն Թորոսյանի արձագանքը շատ խնդալու կլիներ, եթե այսքան ողբերգական վիճակում չլիներ Հայաստանը:
 
Հետևաբար։
 
Եթե ժողովուրդը քվեարկում է մի ուժի, որը ներկայացրել է ծրագիր, սակայն, այդ ուժը ստելով անում է տրամագծորեն հակառակը, ապա այդ ուժը կորցնում է լեգիտիմությունը։
 
Հայ հասարակությունը պետք է վերհիշի ինչի՞ն է քվեարկել, ի՞նչ են հիմա իրենց ասում և ինչպե՞ս են թաքնվում մարդկանց քվեի հետևում` ըստ էության իրենց մեղսակիցը դարձնելով։
 
Ստորև ներկայացնում եմ ՔՊ-ի նախընտրական ծրագրի Արցախյան հիմնախնդրի հետ կապված շատ կոնկրետ հատվածներ։
Այսպիսով գրված է`
 
- Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։
(Հասկացա՞ք այս նախադասությունը, իսկ ՔՊ մի շարք պատգամավորներ և պաշտոնյաներ հասկացե՞լ են։ Առնվազն պետք է թողեին իրենց պաշտոնները և վռնդվեին այդ կուսակցության ծրագրից արմատապես շեղվելու համար)։
 
- Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Ջանք չենք խնայելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման համար: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:
(Համագործակցության խորացման և նոր ձևաչափերի ստեղծումից զատ, կա գործող ֆորմատ, այն է ՀՀ ԱԺ և Արցախի Հանրապետության Աժ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով։ Քանի՞ նիստ է արել)։
 
- Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
(Այ սա շեդևր է, այս կետը ոչ թե չե՞ն իրականացնում ինչպես մյուս կետերը, այլ դեմ են խոսում և քննադատում ինչպես մյուս կետերի)։
 
- Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:
(Ո՞վ է լսել այսպիսի առաջնահերթություն բանակցային գործընթացում։ Նրանցից ո՞ր դուխովն է դեօկուպացիայից խոսում)։
 
Արսեն Թորոսյանը Իշխան Սաղաթելյանին լսելու և անտրամաբանական արձագանքելու փոխարեն պետք է աներ երեք բան.
 
ա) կարդար սեփական ծրագիրը և համեմատեր իր կուսակից բախտակից մեղսակից ՔՊ-ական պատգամավորների (և ոչ միայն) ելույթների հետ,
 
բ) այ տենց «դուխով» մեկ-մեկ պատասխանեն Ալիևին, որ այդքան ծիծաղելի վիճակում չհայտնվեն,
 
գ) առաջարկեր իր ամբողջ թիմին հանգիստ հրաժարականի դիմում գրել։
 
Հա մեկ էլ չմոռանամ` ժողովրդավարությունը կապ չունի այսօրվա Հայաստանի հետ, իսկ ցույց անելն էլ երբեք հերոսություն չի։

Արմեն Գրիգորյան
Տնտեսագետ, ՀՅԴ անդամ