կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-20 21:34
Արցախ

Փաշինյան-Պուտին Հայտարարությունը փաստեց՝ Ռուսաստանը չի դիտարկում նշաձողի իջեցումը Արցախի հարցում․ Մետաքսե Հակոբյան

Փաշինյան-Պուտին Հայտարարությունը փաստեց՝ Ռուսաստանը չի դիտարկում նշաձողի իջեցումը Արցախի հարցում․ Մետաքսե Հակոբյան

Դատելով Փաշինյան-Պուտին Հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ Արցախի կարգավիճակի հարցում  նշաձողն իջեցնելու ճնշումը, որի մասին Փաշինյանն ասում էր, գործադրում են Արևմուտքը և Ադրբեջանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Մինչև Մոսկվա գնալը Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում և պահանջում նշաձողն իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում, ինչին հաջորդեց մեր հայտարարությունը, որ նշաձողն իջեցնել նշանակում է ուղղակի հանձնել Արցախը, որովհետև ինքնորոշման իրավունքի հիմքով կարգավիճակն ամենացածր նշաձողն է, դրանից ներքև ուղղակի չկա։ Դրան հաջորդեց Փաշինյանի այցը Մոսկվա։ Եվ եթե նա խոսում է միջազգային հանրության մասին, ապա միջազգային հանրության մաս է կազմում նաև Ռուսաստանի Դաշնությունը, բայց Հայտարարությունից պարզվեց, որ Ռուսաստանի Դաշնությունն այդ տեսակետը չունի։ Պուտինը հստակ ասաց, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնք պիտի կարգավորում ստանան, փաստեց նաև՝ ինչ հիմքով, նաև խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը չի դիտարկում նշաձողի իջեցումը»,-ասաց նա։

Սա պատգամավորին հիմք է տալիս ենթադրելու, որ նշաձողի իջեցման մտադրությունը կա՛մ Փաշինյանի սեփական նախաձեռնությունն է, կա՛մ Արևմուտքի ճնշումը։ Իսկ Արևմուտքի ճնշման վտանգն այն է, որ նպատակ ունի Ռուսաստանին դուրս բերել մեր տարածաշրջանից ու Արցախ մտնել իրենց խաղաղապահ զորախմբով այն պարագայում, երբ Արցախն արդեն կլինի Ադրբեջանի կազմում։

«Կարելի է դրական գնահատել հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կիսում նշաձողն իջեցնելու տեսակետը։ Իսկ եթե Արևմուտքն է կիսում, ապա ՌԴ-ն լրիվ հակառակ է Արևմուտքի օրակարգին։ Մնում է այստեղից հետևություն անի ՀՀ վարչապետը և կոնկրետ որոշի վեկտորի ուղղությունը՝ կոնկրետ որ կողմն է»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Փաշինյանը, նրա համոզմամբ, Արևմուտքի օրակարգն է առաջ տանում, բայց նաև փորձում  է ցույց տալ, իբր նաև Ռուսասատանի տարբերակն է դիտարկում։ Այնինչ արդեն ստիպված է լինելու որևէ կողմն ընտրել, քանի որ երկու կողմի վրա խաղալ հնարավոր չէ։  

«Ամբողջ խնդիրն այն է, որ արդեն եկել է պահը, որ պիտի կոնկրետ ընտրություն կատարի․ եթե տարիներ առաջ հնարավոր էր վեկտոր չուղղել որևէ երկրի կողմը,  ապա հիմա աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ չես կարող, պիտի կոնկրետ ունենաս քո վեկտորը և այս պարագայում, երբ ռուս խաղաղապահը Արցախում է, երբ փաստացի դաշնակից է, թեքվել Արևմուտքի կողմը նշանակում է կործանել Արցախը վերջանականապես և տանել Հայաստանը կործանման»,-համոզված է Արցախի ԱԺ պատգամավորը։

Նա մատնանշեց Ուկրաինայի օրինակը, որը հենց այդ տարբերակով գնաց ցնցումների։ Փաշինյանի պարագայում Մետաքսե Հակոբյանը կարծում է՝ նա անհեռատես, պարտվողական քաղաքականություն է վարում, որովհետև ճնշում են Արևմուտքից, Թուրքիայից, Ադրբեջանից, ինչն, իհարկե, հարիր չէ երկրի առաջնորդին, կամ էլ կան այդ երկրների հետ պայմանավորվածություններ։ Երկու տարբերակն էլ, նրա համոզմամբ, կործանարար են, և դեռևս սթափվելու տարբերակը կա։

Աննա Բալյան