կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-17 10:25
Հասարակություն

Ֆրանցիսկոս պապը Զատկի պատարագի ժամանակ դատապարտել է պատերազմն Ուկրաինայում

Ֆրանցիսկոս պապը Զատկի պատարագի ժամանակ դատապարտել է պատերազմն Ուկրաինայում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում տեղի ունեցած Զատկի սուրբ պատարագի ժամանակ դատապարտել է Ուկրաինայում տեղի ունեցող դաժան պատերազմը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Պատարագին ներկա է գտնվել ուկրաինական Մելիտոպոլ քաղաքի քաղաքապետ Իվան Ֆեդորովը, որն անցյալ ամիս ձերբակալվել էր ռուս զինվորականների կողմից, այնուհետեւ ազատ արձակվել գերիների փոխանակման արդյունքում:

Իտալացի կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն պատարագի ժամանակ փոխարինել է պապին՝ որպես արարողության գլխավոր հոգեւորական: Ֆրանցիսկոս պապը չի կարողացել ղեկավարել երկրպագության արարողությունը՝ ենթադրաբար, նյարդացավի սրման պատճառով, որն ուղեկցվել է ոտքերի ուժեղ ցավով, սակայն նա ներկա է եղել պատարագին. նա նստած է եղել մեծ սպիտակ աթոռին՝ բազիլիկի առաջ եւ կանգնել է միայն Ավետարանի ընթերցման ժամանակ:

Հռոմի պապն, իր հերթին, նստած է ընթերցել: Նա շեղվել է նախապես պատրաստված տեքստից, որպեսի ընդգծի ուկրաինացի քաղաքապետի, նրա ընտանիքի եւ երեք ուկրաինացի խորհրդականի ներկայությունը պատարագին: Քահանայապետը դատապարտել է «պատերազմի խավարն ու դաժանությունը»:

«Մենք բոլորս աղոթում ենք ձեզ համար եւ ձեր կողքին ենք: Մենք աղոթում ենք, քանի որ այնքան շատ տառապանքներ են տեղի ունեցել: Մենք միայն կարող ենք առաջարկել ձեզ մեր ընկերակցությունը, մեր աղոթքները եւ ասել ձեզ. «Քաջալերվե՛ք, մենք ձեզ հետ ենք»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Քարոզի ավարտին նա ասել է «Քրիստոս հարյավ ի մեռելոց» արտահայտությունն ուկրաիներեն: