կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 14:09
Քաղաքական

Եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չէ․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում  Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չխաղալ զոհերի էմոցիաների վրա:

«Ես զոհվածների գերեզմանների առաջ ծնկի եմ գալիս, ծնկի եմ եկել: Մենք պետք է ինքներս գրենք մեր պատմությունը, ոչ թե ուրիշներին թույլ տանք, որ իրենք գրեն մեր պատմությունն ու դա մատուցեն մեզ»,- ասաց նա։ 

 Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանը օրակարգ չի պարտադրել:  «Մենք հողեր ենք պահել, քանի դեռ դա շատերին ձեռնտու է եղել, ախր եկեք սա հասկանանք: Հերիք է, այսքան նայել ենք, եկեք տեսնենք, այսքան լսել ենք, եկեք իմանանք, որովհետև հիմա մենք խոսում ենք Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու մասին: Հայաստանն ու Արցախը ընդամենը հողակտորներ չեն, Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է, սա ենք մենք ուզում»,- ասաց նա:
 
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի շուրջ մեծ ագրեսիվություն կա ու  ոչ միայն այնտեղ, որտեղ տեսնում ենք.  կա բազմաթիվ այլ տեղերում, և պետք է կառավարել ագրեսիվությունը, ուրիշ տարբերակ չկա:
 
Փաշինյանն անդրադարձավ ևս մեկ դիտարկման. «Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք, իսկ, կներեք, եթե պատերազմ սկսեց, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանենք, պայմանագրայիններին բերենք, մենք ուզում ենք բոլորին հետ բերենք, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման ու սահմանապահներ. քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ, խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգած է սահմանապահ, ու հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով, ոչ թե դիրքերի, բարձունքների: Մենք մոտ հազար զոհ ենք ունեցել խաղաղության ժամանակաշրջանում, մի մասը ոչ մարտական պայմաններում. դա խաղաղություն չէ»,- ընդգծեց Փաշինյանը:
 
Նա ելույթն ավարտեց ու խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: «Այն օրակարգը, որ մենք առաջարկում ենք, նրանց հիշատակը հարգելու ու նրանց զոհողություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու ամենակարևոր ձևն է», - նշեց Նիկոլ Փաշինյանը: