կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-20 20:58
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեպտեմբեր 27-ից ի վեր, ինչ հայտարարվում է թշնամու կողմից, ցավոք սրտի, իրականություն է դուրս գալիս․ Հրաչ Վարժապետյան

Գորիս-Կապան ճանապարհով իրենց ավտոմեքենայով ընթացող երկու հայ երիտասարդին ադրբեջանցիների գերեվարելը, և ՀՀ անվտանգության մարմինների կողմից դրա մեղքը հենց երիտասարդների վրա բարդելը Փաշինյանի ընդհանուր քաղաքականության մեկ բաժինն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։

«Այս բոլորը պետք է գնալ՝ նոյեմբերի 9-ի անձնատվական ստորագրության և անձնատվական քաղաքականության մեջ դիտել․ ամբողջ փաթեթ է, որ կգնա Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ։ Այս ամբողջ պարունակին մեջ կդիտեմ նաև այդ ճանապարհային միջադեպերը․ անշուշտ որ ցավալի, ընդվզեցնող միջադեպեր են, իշխանության այս քաղաքականությունը, բնական է, որ անընդունելի է, բայց ինձ ավելի մտահոգող բաժինը գտնվում է մեր ժողովրդի մոտ․ ես զարմանում եմ, թե ինչպես մեր ժողովուրդը՝ ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես աշխարհով մեկ, չի ընդվզում, չի փոթորկում և դուրս չի գալիս՝ մերժելու այս ընթացքը, որ կարող է ավելի վատ վիճակի հասցնել մեր ժողովրդին»,-ասաց Հրաչ Վարժապետյանը։

Նա գործնական բացատրություն դժվարանում է գտնել ՀՀ իշխանությունների այս կեցվածքի համար, ասում է՝ կընդվզես, կզարմանաս, բայց բացատրություն չկա, որովհետև որևէ առումով հնարավոր չէ արդարացնել նման քայլը հայկական կողմից։

Այսօր իսկ խոսվում է Թուրքիայի հետ բացահայտ հարաբերությունների մասին, նշեց Հրաչ Վարժապետյանը, արդեն ՀՀ իշխանությունների կողմից «միջանցքների» մասին է խոսվում, և ոչ թե միայն «մեկ  միջանցքի»։

«Ո՞ւր կարող է հասնել այս քաղաքականությունը․ այսուհետև մեր պետության պետականության և ազգային անվտանգության խնդիրն է, պետականություն կորցնելու, հայրենիքի սահմանների հետ երբ սեփական իշխանությունը վերաբոերվում է այս տրամաբանությամբ, նշանակում է պետականության կորցնելու խնդիր կա»,-ասաց նա։

Հրաչ Վարժապետյանի համար ցավալի է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանից ենք լսում, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպում է խնդրել, նա էլ պայման է դրել որ Սյունքիով միջանցքը պետք է տա՝ նոր։

«Ցավալի է, որ այս ամենը լսում ենք թշնամու բերանից, և, ցավոք, ապատեղեկատվություն չէ։ Սեպտեմբեր 27-ից ի վեր, ինչ հայտարարվում է թշնամու կողմից, ցավոք սրտի, իրականություն է դուրս գալիս։ Փոխարենը, հայկական իշխանությունների և նրանց արբանյակների կողմից անմիջապես փորձում են հայտարարել հակառակը․ այսօր իսկ Մանե Գևորգյանը հայտարարեց, որ այդպիսի բան գոյություն չունի, բայց այս ամենը մեր ժողովրդին հիմարի տեղ դնելու փորձ է, որն անընդունելի է։ Եվ այստեղ է, որ Թուրքիայի նախագահը երբ բացահայտորեն հայտարարում է, որ առաջարկ է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, որ տեղի ունենա հանդիպում և դիմացը Մանե Գևորգյանը հակառակն է փորձում ասել, ինձ ցավ է պատճառում, ցանկացած հայի ցավ է պատճառում իմանալ, որ, ցավոք սրտի, թշնամու հայտարարությունն էր ճիշտը և ոչ թե մերը։ Սա իրապես ցավեցնող իրականություն է, որի առաջը միայն կարող են առնել ՀՀ իշխանությունները»,-ասաց Հրաչ Վարժապետյանը։

Նա այս ամենը իրապես տարօրինակ քաղաքականություն որակեց, որ կշարունակեն ՀՀ իշխանությունները, որի արդյունքը շատ վատ կարող է լինել։

Ամբողջ հայ ժողովուրդը, կարծես, չի տեսնում պետություն կորցնելու վտանգը, նշեց նա, կարծես թմբիրի մեջ է․ վերազարթնելու անհրաժեշտություն կա։

Նա վստահեցրեց՝ եթե բանը հասնի նրան, որ Թուրքիայի նախագահը բացահայտորեն պահանջի հրաժարվել Ցեղասպանության հարցի հետապնդումից, իսկ ՀՀ  իշխանությունները համաձայնեն,  առնվազն Սփյուռքը չի լռելու։

Հրաչ Վարժապետյանը նաև մտահոգություն հայտնեց, որ Փաշինյանի մասնատող քաղաքականությունը ազդում է նաև Սփյուռքի կառույցների վրա, ինչպես նաև դժվարացնում է նրանց աշխատանքը պետական մարմիններից հայանպաստ որևէ քայլ պահանջելու հարցում, որովհետև պետական մարմիններն անմիջապես հակադարձում են, որ Հայաստանի իշխանություններն այլ քաղաքականություն են առաջ տանում։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․