կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-06 17:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսպանացի միկրովիրաբույժների մասնակցությամբ՝ Հայաստանում վիրավոր զինվորների բուժման նորագույն մեթոդներ են քննարկել

Իսպանիայից, Իտալիայից ու Հարավային Կորեայից պլաստիկ վիրաբույժների խումբ է այցելել Երևան՝ AMADeA Բժշկական բարեգործական միության նախաձեռնությամբ սեմինարի մասնակցելու նպատակով՝ նվիրված ոտքի միկրովիրաբուժությանը։

AMADeA Բժշկական բարեգործական միության նախագահ, Մադրիդի Gregorio Marañón հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր Լիլիան Գրիգորյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ Հայաստանից է առաջարկվել, որ այս տարի կենտրոնանան հենց ոտքի վիրաբուժության թեմայի վրա՝ ելնելով այն բանից, որ պատերազմից հետո շատ զինվորներ դեռևս բուժման անհրաժեշտություն ունեն։

«Սեմինարի օրերին նորագույն շատ տարբեր բուժման մեթոդների մասին է խոսք եղել, և շատ պրոդուկտիվ է անցել այդ միջոցառումը․ արտասահմանյան մասնագետները կիսվել են փորձով տեղի մասնագետների հետ։ Հյուրերը շատ դրական տպավորություն են ստացել Հայաստանի մասնագետներից․ ցավոք, շատ մեծ փորձ ունենք այդ բնագավառում»,-ասաց Լիլիան Գրիգորյանը։

Ինֆորմացիայի տեսական փոխանակում է տեղի ունեցել, բայց այցը նախաձեռնող կազմակերպությունը  պլանավորում է, որ համագործակցությունը լինի շարունակական և հետագայում նորից կազմակերպվեն տարբեր տիպի միջոցառումներ, որտեղ նրանք կկարողանան այցելել հիվանդանոցներ և կատարել վիրահատություններ, որպեսզի կապը շարունակական լինի ոչ միայն տեսական, այլև պրակտիկ մակարդակում։ Հյուրերը դրական են արձագանքել առաջարկին։  

AMADeA բժշկական կազմակերպությունը Իսպանիայում ստեղծվել է 2021 թ-ի հունվարին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։  Տարբեր ծրագրեր է իրականացնում՝ կրթական, հետազոտական և աջակցության ծրագրեր։

Անցյալ տարի սրտանոթային մեծ սիմպոզիում են կազմակերպել Հայաստանում, այս տարի սեպտեմբերին նորից մտադիր են իմիջինգի վրա կենտրոնացած սրտանոթային սիմպոզիում անցկացնել։

«Իսպանացի վիրաբույժների և այլ մասնագետների մեծ խմբի հետ մտադիր ենք նորից այցելել Արցախ։ Անցյալ տարի ևս այցելել ենք և աշխատել ենք Ստեփանակերտի հիվանդանոցում։ Այս տարի հույս ունենք ավելի մեծ խումբ տանել տարբեր մասնագետների։ Ես Արցախի առողջապահության նախարարության մասնագիտական ժողովի անդամ եմ և կապի մեջ եմ այդ ժողովի հետ, փորձում եմ ընտրել այն մասնագետներին, որոնք շատ անհրաժեշտ են տվյալ պահին Արցախում, որպեսզի հենց այդ մասնագետները կարողանան այս տարի այցելել և կատարել պրակտիկ ասիստենցիալ աշխատանքներ Մարտակերտում։ Մենք այս տարի խոսում ենք ոչ միայն Ստեփանակերտի, այլև Մարտունի, Մարտակերտ և Ստեփանակերտ այցելելու մասին»,-ասաց Լիլիան Գրիգորյանը։

Կան նաև այլ ծրագրեր․ դրանցից մեկը սրտանոթային հիվանդների համար մասնագիտական ցանցի պատրաստումն է։

«Դա կլինի Հայաստանի տարբեր զանգվածներում՝ ոչ միայն Երևանում։ Կլինի ցանց, որտեղ կպատրաստենք տարբեր մասնագետների, որոնք կզբաղվեն սրտանոթային հիվանդություններով, որպեսզի նրանք կարողանան ավելի ճիշտ և ավելի հեշտ այդ օգնությունը մատուցել բնակչությանը մայրաքաղաքից դուրս, որտեղ ավելի շատ կարիքը կա այդպիսի օգնության»,-ասաց նա։

Արցախ այցելել են անցյալ տարի հունիսին։ Մասնագեների մի մասը իսպանացիներ են եղել՝ իսպանական անձնագրերով, և ոչ մի խնդիր չեն ունեցել, ամեն ինչ շատ հաջող է անցել։ Այս տարի պլանավորել էինք այցը կատարել հունիս ամսին, բայց ստեղծված իրավիճակից ելնելով՝ երևի հետաձգեն մի քանի ամիս։

«Ես շատ եմ ցանկանում, որ կարողանանք այս այցն անպայման կատարել, բայց, իհարկե, պետք է ապահովենք բոլոր մասնագետների անվտանգությունը։ Իրենք, իհարկե, մտահոգված են, դրա համար այս շաբաթվա ընթացքում պետք է նորից խոսակցություն ունենամ հենց տեղում, որպեսզի լավ ճանաչեմ Արցախի իրավիճակը, նաև նկատի պիստի ունենանք, որ հիմա Ռուսաստանի հետ էլ են հարաբերությունները մի քիչ լարված՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։ Այնպես որ, այդ բոլոր հանգամանքները դժվարացնում են մեր աշխատանքները, բայց հույս ունեմ, որ կկարողանանք դա կատարել»,-ասաց Լիլիան Գրիգորյանը։  

Իսպանիայի հայ համայնքը մեծաթիվ չէ․ Լիլիանը 30 տարի է՝ Իսպանայում է, փոքր տարիքում ընտանիքի հետ Երևանից է գնացել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Դպրոցն այնտեղ է ավարտել, սովորել բուհում, մի քանի տարի աշխատել ԱՄՆ-ում, բայց հետո որոշել է վերադառնալ Եվրոպա և այժմ աշխատում է Մադրիդում որպես ինտերվենցիոն սրտաբան։ Հայաստանի հետ կապը պահում է նաև այսօրինակ ծրագրերով։

«Արցախյան 44-օրյա պատերազմն ինձ շատ փոխեց, որովհետև ինձ համար պարզ դարձավ՝ ինչ դեր պետք է ես ունենամ որպես անձ իմ հայրենիքի ճակատագրում։ Ես երկար տարիներ եմ ապրում Իսպանիայում, բայց արմատները երբեք չի կարելի մոռանալ։ Ինձ համար պարզ դարձավ, որ եթե ամեն մեկս չաշխատենք, որ մեր հայրենիքն ամրապնդվի, ոչ մեկից չենք կարող պահանջել փոխել մեր երկրում եղած իրավիճակը»,-ասաց Լիլիան Գրիգորյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․