կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-25 12:56
Քաղաքական

Ադրբեջանին հարկավոր է հայաթափել Արցախը, իսկ դրա համար անելու է ամեն ինչ․ ադրբեջանագետ

Ադրբեջանին հարկավոր է հայաթափել Արցախը, իսկ դրա համար անելու է ամեն ինչ․ ադրբեջանագետ

Արցախում գազատարի 11-օրյա խափանումից հետո երեկ վերջապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձայն հանեց՝ հազիվհազ կարդալով թղթի վրա գրված հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի սադրանքների հետեւանքով Արցախը հումանիտար աղետի շեմին է։

Ադրբեջանից խաղաղություն աղերսող Փաշինյանը ե՛ւ հայտարարում է, որ Բաքվի՝ Երեւանին փոխանցած 5 կետանոց առաջարկներում Երեւանի համար անընդունելի ոչինչ չկա, ե՛ւ ասում է, որ Ադրբեջանն իր զանազան սադրանքներով փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից․ «Դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքներին»:

Բանական, գոնե միջնակարգ կրթություն ստացած մարդու մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, ո՞ւմ հետ է խաղաղության գնում եւ ինչպե՞ս է տրամաբանում, երբ ասում է՝ «Ադրբեջանը մեզ շեղում է խաղաղության օրակարգից, բայց մենք չենք տրվելու սադրանքներին»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Yerkir.am-ի հետ զրույցում շեշտում է՝ վերջին 1,5 տարվա ընթացքում չի արձանագրվել մի դեպք, երբ հայկական կողմից որեւէ հայտարարության արվի, եւ Ադրբեջանը դադարեցնի սադրանքներն ու սպառնալիքները: Ըստ նրա՝ Ադրբեջանը որքան էլ խոսի խաղաղության դարաշրջանի մասին, իր գործողություններով ապացուցում է հակառակը:

«Այս պարագայում ոչ թե խոսքերն են կարեւոր, այլ գործողությունները: Ակնհայտ է, որ Ադրբեջանը խաղաղության միտված կամ փոխըմբռման, երկխոսության գնալու որեւէ գործողություն չի ցուցաբերել, այլ հակառակը՝ սպառնալիքի, ուժի եւ սադրանքների լեզվով է շարունակում խոսել՝ որեւէ կերպ չփոխելով իր քաղաքականությունը»,- ասաց նա:

Բաքվի սադրանքների ֆոնին՝ ներկայացված 5 կետանոց առաջարկներին Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ըստ ադրբեջանագետի, պետք է լինի շատ հստակ, որ Հայաստանը չի դիտարկում Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում, այդ թվում՝ նաեւ Արցախի օկուպացված տարածքները: Ադրբեջանի կողմից ազդակներ են գալիս, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշումն Արցախի հարցով այլ է, եւ այս մտայնությունն առկա է, քանի դեռ Արցախի դեօկուպացիայի հարցը Հայաստանի Հանարապետության իշխանության կողմից պաշտոնապես չի ամրագրվել։

Արցախի հարցով բանակցությունները իր սեփական՝ զրոյական կետից սկսած եւ այդ բանակցությունների արդյունքում Արցախի ավելի քան 75 տոկոսը թուրքին հանձնած Փաշինյանի ու նրա թիմակիցների օրակարգից Արցախի հարցը մե՛կ դուրս է մղվում, մե՛կ արհեստականորեն անհանգստացնում՝ օր օրի աճող հումանիտար աղետով։ Էլիբեգովան շեշտում է՝ մինչեւ չլուծվի Արցախի կարգավիճակի հարցը, բնակչության ինքնորոշման իրավունքը չիրացվի, թշնամու կողմից սադրանքները շարունակվելու են։

«Արցախի հումանիտար հարցը, կարգավիճակի հետ ուղղակիորեն շաղկապված է։ Մինչեւ Արցախը չստանա պաշտոնական անկախ կարգավիճակ, ադրբեջանական կողմը հումանիտար աղետ ստեղծելու պլաններից չի հրաժարվելու: Ադրբեջանին հարկավոր է հայաթափել Արցախը, իսկ դրա համար անելու է ամեն ինչ՝ հոգեբանական ճնշում, սադրանքներ եւ այլն: Հայաստանն է պատրաստվում Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջը, հետեւաբար՝ իշխանության դիրքորոշումը պետք է շատ հստակ լինի: Ինչո՞վ ենք մենք գնում բանակցելու, ի՞նչ օրակարգով»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե Հայաստանի իշխաությունները միայն հարցի հումանիտար կողմն են դիտարկում, թողնելով հարցի քաղաքական, անվտանգային եւ մնացած հարցերը ստվերում, ապա  Ադրբեջանը շատ հանգիստ կարող է միջազգային հանրության առջև բարձրացնել այն թեզը, որ իր տարածքային ամբողջականության շրջանակներում պատրաստ է ապահովել Արցախի բնակչության հումանիտար բոլոր հարցերը, ինչը Ալիեւը բազմիցս ասել է:

«Բայց դա մեզ համար ընդունելի լուծում չէ: Կարգավիճակի հարցն առանցքային է․ մինչեւ Արցախի բնակիչները չլինեն անկախ, չունենան կարգավիճակ, եւ ԼՂ-ն ճանաչված չլինի միջազգային ատյաններում, հումանիտար աղետը շարունակական բնույթ է կրելու»,- ասաց ադրբեջանագետը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հայտարարությունը, թե «պետք է սովոր լինենք նաեւ գազատարը փակ վիճակում ապրել», կամ՝ «գազ չլինի, պիտի մի բանով տաքանանք», Էլիբեգովան որպես աբսուրդ է որակում, ասում է՝  իշխանական այս պատգամավորի խոսքերի մեջ չկա տրամաբանություն, քանի որ, լռես-չլռես, Ադրբեջանն իր գործողությունները շարունակում է:

«Պրակտիկան ցույց է տալիս, որ  ՀՀ իշխանությունները որքան շարունակում են լռել, չբարձրաձայնել, Հայաստանի տարածք ներխուժած եւ մեր տարածքային ամբողջականությունը խախտած ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվում եւ շարունակում են ամրապնդվել ու դիրքավորվել: Բոլոր գիտակից մարդկանց համար ակնհայտ է, որ լռելը խնդրի լուծում չէ»,- հավելեց ադրբեջանագետը:

Լիանա Սարգսյան