Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխող վարչախմբի մի քանի չինովնիկներ վերջապես համարձակություն ունեցան կառավարական տաքուկ կաբինետներից դուրս գալու եւ այցելելու Ծովագյուղ ու Սեմյոնովկա՝ լսելու այս համայնքների բնակիչների պահանջները։
Երեկ Ծովագյուղի ու Սեմյոնովկայի գյուղացիները 16 ժամ փակ են պահել Երեւան-Դիլիջան ավտոճանապարհի՝ Ծովագյուղի հատվածը, բացել են այն բանից հետո միայն, երբ ժամանել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվում՝ նաեւ ՀՀ ոստիկանապետի տեղակալներից մեկը, և գյուղացիները պայման են դրել, որ հանդիպում տեղի կունենա պատկան մարմինների հետ եւ կքննարկվի երկու համայնքների խոշորացման հարցը։
Նշենք, որ Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը, չեն ուզում՝ իրենց գյուղը միանա Սեւան քաղաքին։ Նույն պահանջով՝ երկու գյուղերի բնակիչները բոյկոտեցին 2021թ․ դեկտեմբերի 5-ի ընտրությունները․ բնակիչներից եւ ոչ մեկը չմասնակցեց ՏԻՄ ընտրություններին։
Yerkir.am-ի հետ զրույցում Սեմյոնովկայի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանն ասաց, որ գյուղացիների պահանջը չի փոխվել՝ ցանկանում են միանալ ոչ թե Սեւանին, այլ Ծովագյուղին։ Նա նշեց, որ երեկ ուշ երեկոյան ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր՝ ժամը 14։00-ին, հանդիպում տեղի կունենա պատկան մարմինների հետ։ Հանդիպմանը ներկա են լինելու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ինչ-որ պաշտոնյա եւ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը։ Այս անձանցից գեթ մեկը ընտրություններից հետո չի ցանկացել հետաքրքրվել՝ ո՞րն է գյուղացիների բոյկոտի պատճառը, որ չեն մասնակցել ընտրություններին։
Դավիթ Մնացականյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են կառավարվում Ծովագյուղն ու Սեմյոնովկան, եթե կառավարությունը ձեռքերը լվացել է այս համայնքներից։ «Կառավարում չկա համայնքներում։ Ոչ մի ձեւ, ոչ մեկի կողմից ուշադրություն չի եղել, բյուջեի հատկացում չկա, չեն հարցրել՝ ժողովրդի զայրույթի պատճառը ո՞րն է, չեն էլ հանդիպել ժողովրդին, ընտրություններից հետո ոչ մեկը չի եկել կառավարությունից: Մենք խոշորացմանը դեմ չենք, ոչ էլ Սեւան քաղաքի հետ խնդիր ունենք, բայց եթե խոշորացնում են՝ երկու համայնքը թող միասին լինեն: Թող այս փուլով այդպես լինի, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ունենք նոր խոշորացում, եթե չարդարացնենք սպասելիքները, թող նորից խոշորացնեն»,- ասաց Մնացականյանը:
Կառավարության անտարբերությունն ու արհամարհանքն այս երկու համայնքների նկատմամբ, ըստ մեր զրուցակցի, պայմանավորված է նրանով, որ իշխող վարչախմբի համար միևնույն է՝ կա՞ն այս գյուղերը, թե՞ ոչ։
«Դուք շատ լավ գիտեք, թե Հայաստանում ինչ է կատարվում, ինչ են անում իշխանությունները: Էս երկու համայնքին ո՞վ պիտի տեր կանգներ, երբ Հայաստանում ինչ ուզում՝ անում են։ Որ համայնքները դուրները չի գալիս, ասում են՝ էս մեզ պետք չի»,- ասաց Մնացականյանը:
Ճշտող հարցին՝ նկատի ունեք Սյունիքի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի հայկական բնակավայրերի եւ դիրքերի՝ ադրբեջանցիների կողմից օկուպացված լինելու հանգամանքն ու իշխող վարչախմբի վերաբերմո՞ւնքը, պատասխանեց․ «Այո, կհասնեն էս գյուղերին էլ, ի՞նչ տարբերություն: Կառավարությունն ի՞նչ ունի մտածելու: Նրանց համար մեկ ա՝ էս գյուղերը կան, թե՝ ոչ: Ո՞վ է տեսել՝ 16 ժամ համայնքների ժողովուրդը ճանապարհ փակի, կառավարությունից մեկը չայցելի՝ հասկանալու համար, թե ի՞նչ են ուզում բնակիչները»։
Սեւան-Իջեւան ճանապարհահատվածը փակած գյուղացիներին ԱԺ ամբիոնից պատասխանեց Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ճառասացը հայտարարեց․ «Պատասխանատու կերպով կարող եմ ասել՝ այն բոլոր գումարները, որ վերջին տարիներին ծախսվել են Ծովագյուղում, հիմա նորից կծախսվեն Ծովագյուղում, բայց՝ ավելի շատ, ինչո՞ւ, որովհետև իրենց խոշորացման արդյունքում հնարավորությունները մեծացել են։ Այսինքն՝ դա թյուր կարծիք է, որ միավորման արդյունքում իրենց համայնքը կարող է տուժել, չի՛ տուժի։ Առաջարկել ենք ստեղծել աշխատանքային խումբ, կուզեն մենք կգնանք գյուղ, կուզեն մարզպետարանում, կուզեն Երեւանում, ցանկացած տեղ, կարող ենք գնալ, հանդիպել, քննարկել»։
Արձանգանքելով Սանոսյանի այս ելույթին՝ Սեմյոնովկայի համայնքապետի ժպ-ն շեշտում է՝ համայնքները կկործանվեն խոշորացումից հետո։ «Մեզ էդ գումարները պետք չեն, մեր երկու համայնքներն էլ լավ զարգանում էին։ Հիմա ավելի վատ է լինելու, գնալու ենք կործանման, մենք շատ լավ հասկանում ենք: Շփվում ենք մարդկանց հետ, գիտենք՝ որտեղ ինչ է կատարվում: 16 ժամ ճանապարհը փակ ա եղել, Գնել Սանոսյանը էդ ընթացքում թող գար, հանդիպեր ժողովրդի հետ, խորհրդակցեր, հասկանար պատճառը: 3-4 ամիս անցել ա, ոչ մի արձագանք չեն տալիս, մարզից պատգամավոր ունենք, տարածքային կառավարման նախարարություն ունենք, ոչ մեկը չայցելեց, չհետաքրքրվեցին ժողովրդի պրոբլեմով, չիմացան, թե ինչ ա կատարվում էս երկու համայնքներում։ Խոշորացման տակ ընկած գյուղերում հազար ու մի հարցեր են առաջացել, մանկապարտեզներն անգամ չեն կարողանում պահել»,- ընդգծեց զրուցակիցս։
Լիանա Սարգսյան