Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թ․ հոկտեմբերի 19-21-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին:
Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտները, «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայ դատի կենտրոնական խորհուրդը և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը: Գիտաժողովին ներկա էին անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ, հետազոտողներ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ: Գիտաժողովի հյուրերի թվում էր ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահա Դեսուկին։ Գիտաժողովի վերջին օրը զեկույց ունեցավ Եգիպտոսի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Խալիդ Օկաշան։ Նրա զեկույցի թեման էր «Թուրքական ներթափանցումը Աֆրիկա մայրցամաք», որը թարգմանաբար ներկայացվում է ստորև։
Թարգմանությունը՝ Սոնա Տոնիկյանի
Թուրքական ներթափանցումը Աֆրիկա մայրցամաք
Խալիդ Օկաշա
Նպատակները և միջոցները
2002 թվականին՝ Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ իշխանության գալուց հետո, աֆրիկյան մայրցամաքը դարձավ թուրքական ղեկավարության ուշադրության առարկան։ Նա որդեգրեց մի քաղաքականություն, որը հետապնդում էր «Աֆրիկայում տարածվելու» նպատակ։ Կա թուրքական որոշում՝ ներթափանցելու Աֆրիկա մայրցամաք։
Աֆրիկյան մայրցամաքում բնակվում է 3․1 միլիարդ մարդ, որոնց 44 %-ը մուսուլմաններ են։ Այն ունի ռեսուրսների հսկայական պաշարներ և խոստումնալից հնարավորություններ ներդրումների ոլորտում։ Ի լրումն նրա, որ աֆրիկյան երկրների մեծ մասը ոչ կայուն երկրների ցուցակում է, և դրանցում այլ դերակատար պետությունների բուռն գործողություններ են ընթանում, մեծաթիվ էթնիկ և ռասայական հակամարտություններ կան, ինչը Աֆրիկան դարձրել է Անկարայի և նրա միջազգային ընդլայնման նախագծի թատերաբեմ:
Թուրքական ներթափանցումը աֆրիկյան երկրներ հիմնված էր չորս գործիքների վրա՝ տնտեսության, աֆրիկյան տարբեր մայրաքաղաքներում դիվանագիտական անմիջական ներկայության աճի, փափուկ ուժի` մարդասիրական, կրոնական և բժշկական համագործակցությամբ, և ի վերջո՝ ռազմական անմիջական ներկայության։
Այս հետազոտական զեկույցը նպատակ ունի անդրադառնալու Աֆրիկա մայրցամաքում թուրքական հետաքրքրության շարժառիթներին և վեր հանելու Աֆրիկա մայրցամաքի մի շարք տարածաշրջաններ ներթափանցելու համար Թուրքիայի կողմից օգտագործվող ամենաակնառու գործիքները:
Առաջին. Աֆրիկայի նկատմամբ Թուրքիայի աճող հետաքրքրության պատճառները:
1. Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի հույսերի ոչնչացումը, հատկապես, այսպես կոչված, Արաբական գարնան ալիքների բռնկումից, թուրքական ակտիվ դրական քաղաքականության և փափուկ ներթափանցման տասնամյակի ավարտից, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Արևելյան Միջերկրական ծովի աշխարհաքաղաքականության հետ անմիջական բախման փուլի սկսվելուց հետո, ինչը Թուրքիային դրդեց ոչ միայն բախվելու Եվրոպայի շահերի հետ, այլև նույնիսկ սպառնալու նրան փախստականների, զինված աշխարհազորայիններին անմիջական աջակցության և Արևելյան Միջերկրական ծովում եվրոպական էներգետիկ անվտանգության հարցերով:
2. Աֆրիկյան երկրների նկատմամբ արաբների հետաքրքրության նվազումը, որոնք կենտրոնացան ներքին խնդիրների՝ Արաբական գարնան ալիքների հետևանքով առաջացած մարտահրավերների, այդ թվում՝ սահմանների երկայնքով մեկ զինված ահաբեկչական կազմակերպությունների բուռն տարածման վրա:
3. Վերջին երկու տասնամյակների ընթացքում աֆրիկյան մայրցամաքում Թուրքիայի դեսպանատների թիվը 12-ից հասել է 42-ի։ Առևտրային գրասենյակների թիվը 11-ից հասել է 26-ի։ Աֆրիկայում Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության գրասենյակների թիվը 3-ից հասել է 11-ի։ Եվ նրա գործունեության շրջանակն ընդլայնվել է` ընդգրկելով աֆրիկյան 28 երկիր:
4. Նեղուցներում և նավագնացության ռազմավարական գոտիներում գլոբալ մրցակցությունում Թուրքիայի աճող դերը, քանի որ վերջինս սկսել է ավելի շատ ձգտել ռազմական կայուն ներկայության աֆրիկյան մայրցամաքի որոշ տարածքներում։
5. Աֆրիկյան մայրցամաքում քաղաքական իսլամական շարժումներին աջակցությունը։ Անկարան ձգտում է համագործակցելու որոշ իսլամական ուժերի հետ՝ ծայրահեղական կազմակերպությունների միջոցով ուժերի հարաբերակցությունը փոխելու նպատակով։
6. Աֆրիկայում թուրքական ռազմական հավակնությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքը՝ ի լրումն թուրքական սպառազինության սպառման համար նոր շուկա բացելուն մի տարածաշրջանում, որն ականատես է լինում ահաբեկչական կազմակերպությունների տարածման ու տարատեսակ զինված բախումների։
7. Անկարայի տնտեսական և առևտրային շահերի ապահովումը Աֆրիկայում և տնտեսական հարաբերությունների հաստատումը։ Տարածաշրջանի երկրների հետ տնտեսական հարաբերությունների հաստատմամբ Անկարան կարող է ուժեղ ազդեցության հասնել մայրցամաքում և տարածաշրջանում։
Երկրորդ. Թուրքիայի՝ աֆրիկյան մայրցամաք փափուկ ներթափանցման գործիքները։
Թուրքիան աշխատում է մեծացնել իր ազդեցությունն ու ներկայությունը աֆրիկյան մայրցամաքում մի շարք գործիքների կիրառմամբ, որոնցից կարելի է առանձնացնել ամենակարևորները.
– Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալություն։ Մայրցամաքում իր գործունեությունը ծավալում է 22 համակարգման գրասենյակների միջոցով, որոնք տարբեր ոլորտներում օգնություն են տրամադրում աֆրիկյան երկրներին: Գործակալությունը մեղադրվում է այդ քողի տակ հետախուզական գործունեության ծավալման, թուրքական վարչակազմի կողմից ահաբեկչական կազմակերպությունների հավաքագրման և ֆինանսավորման մեջ: Այն բազմաթիվ ծրագրեր է իրականացրել տարածաշրջանի երկրներում ՝ Չադ, Նիգեր և այլն:
– Թուրքական «SADAT» ընկերություն։ Այն ներկայացնում է Աֆրիկայում թուրքական քաղաքականության կարևոր թևը և օգտագործվում է բազմաթիվ ձևերով, ինչպես զենքի վաճառքի, այնպես էլ անվտանգության և հետախուզական ծառայությունների առնչությամբ։ Այն կարող է օգտագործվել որոշ օրինական և անօրինական հարցերում։
– Թուրքական «Ալ-Մաարեֆ» հիմնադրամ։ Ստեղծվել է Թուրքիայի կառավարության կողմից` Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապված օտար դպրոցների ղեկավարման համար։ Հաստատությունն ունի 23 մասնաճյուղ Աֆրիկայում և 333 դպրոց 43 երկրում։ Այն կարողացավ գրասենյակներ հիմնել տարածաշրջանի մի շարք երկրներում: Դրանք են Չադը, Գաբոնը, Գամբիան, Գվինեան, Մալին, Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Սիերա Լեոնեն, Սուդանը և Թունիսը:
Փափուկ ուժի այլ գործիքներ
Առաջին հերթին՝ մարդասիրական օգնությունը: Ներգրավված են տարածաշրջանում գործող մի շարք թուրքական կազմակերպություններ, ինչպիսիք են Թուրքիայի Կարմիր մահիկը, Թուրքիայի կրոնական հիմնադրամը և Թուրքիայի հումանիտար ընկերությունների ֆեդերացիան, որոնք մարդասիրական օգնության ակցիաներ են իրականացնում տարածաշրջանի շատ երկրներում:
Երրորդ. թուրքական ազդեցության գոտիները աֆրիկյան մայրցամաքում։
– Թուրքական ներթափանցումը Աֆրիկայի եղջյուր։
Աֆրիկայի եղջյուրը ներառված է աֆրիկյան մայրցամաքի վերաբերյալ թուրքական ավելի լայն ռազմավարության շրջանակներում, որը կենտրոնացած է աշխարհագրական սեփական շրջապատից հեռու գտնվող շրջանակներում ռազմավարական ընդլայնման և տարածման վրա։ Եվ ահա թուրք պաշտոնյաները Աֆրիկան դիտարկում են որպես հնարավորությունների և ապագայի մայրցամաք: Տնտեսական և անվտանգային զարգացումները կարող են մեծացնել Աֆրիկայի եղջյուրի տարածաշրջանային ռազմավարական դիրքի կարևորությունը, քանի որ տարածաշրջանը ելք ունի դեպի Կարմիր ծով, Ադենի ծոց և Հնդկական օվկիանոս։ Նրանք, ովքեր վերահսկում են այն, կարող են վերահսկել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որն աշխարհի ամենակարևոր ջրային ուղիներից մեկն է առևտրային և ռազմական առումներով։ Այդ պատճառով Թուրքիան ձգտում է մեծացնելու իր ներթափանցումը Աֆրիկայի եղջյուրի տարածաշրջան բազմաթիվ քաղաքական, տնտեսական և ռազմական գործիքների միջոցով։
Սա կարելի է բացատրել հետևյալ կերպ.
– Քաղաքական ներթափանցում. Սոմալին հատուկ առաջնահերթություն է ստացել աֆրիկյան մայրցամաքի երկրների վերաբերյալ թուրքական հաշվարկներում, և հետևաբար այն աշխատեց Սոմալիի գործերին միջամտելու ուղղությամբ` նպաստելով քաղաքական ճգնաժամերի կարգավորմանը և տրամադրելով հումանիտար օգնություն։ Մենք գտնում ենք, որ այս օգնության իրական շարժառիթն այն է, որ Սոմալին դարպաս է դեպի աֆրիկյան երկրներ։ Միևնույն ժամանակ այն բաց շուկա է աֆրիկյան արտադրանքի համար, ինչը դրդեց Անկարային մտածելու աֆրիկյան մայրցամաքում ներդրումներ կատարելու համար գալ այս երկիր։
– Անկարան և Խարտումը համագործակցում էին 2017 թվականից՝ Սուդանի տապալված նախագահ Օմար ալ-Բաշիրի օրոք, ինչի մասին վկայում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմավարական այցը: Սուդանում արագ քաղաքական վերափոխումները մտահոգություն են առաջացրել Անկարայում, սակայն տեսնում ենք, որ 2021 թ․ օգոստոսին Սուդանի ինքնիշխանության խորհրդի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի այցը Թուրքիա վերացրեց Անկարայի շատ վախերը:
– Թուրքիան նաև չանտեսեց ծովափնյա փոքր պետության՝ Ջիբութիի կարևորությունը և նրա հետ զարգացրեց իր դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները։ Նաև փափուկ ուժի միջոցով ներթափանցելու նպատակով 2015 թվականին Էրդողանի՝ երկիր կատարած այցի շրջանակներում որոշվեց կառուցել Ամբուլիի բարեկամության ամբարտակը, «Ֆադլա» մզկիթը և «Աբդուլ Համիդ II» վարժարանը:
Անդրադառնանք թուրք-եթովպական հարաբերություններին։
1․ Քաղաքական հարաբերություններ
Տեսնում ենք, որ երկու երկրների միջև կան փոխադարձ պաշտոնական այցեր․ Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Թուրքիա է այցելել 2021 թ․ օգոստոսի վերջին, և այդ այցի հետևանքով կողմերը ջրային և ռազմական ոլորտներին վերաբերող չորս համաձայնագիր են ստորագրել։ Նախագահական այս այցին նախորդել էր 2021 թ․ փետրվարի 12-ին Եթովպիայի արտաքին գործերի նախարար Դեմեկե Մեկոնենի այցը Թուրքիա, որի ընթացքում քննարկվել էին երկկողմ հարաբերություններին և նախագահական այցի նախապատրաստմանը, ինչպես նաև Անկարայում Եթովպիայի դեսպանատան նոր նստավայրի բացմանն առնչվող հարցեր: Այս պաշտոնական այցերը հաստատում են Ադիս Աբեբայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի մեծ հետաքրքրությունը: Այսպիսով՝ վերջին շրջանում ականատես ենք թուրք-եթովպական հարաբերությունների քաղաքական և դիվանագիտական մերձեցմանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդին առաջարկել է միջնորդել Տիգրայի շրջանում հակամարտության դադարեցմանը։ Եթովպիան նաև խնդրել է Թուրքիային միջնորդել իր և Սուդանի սահմանային վեճը լուծելու հարցում:
2. Տնտեսական և առևտրային հարաբերություններ
– Թուրքիան աշխատում է տնտեսական գործիքների կիրառման ուղղությամբ՝ Աֆրիկայի եղջյուրի տարածաշրջանում իր ներկայությունը մեծացնելու համար՝ տրամադրելով տնտեսական օգնություն, ձգտելով բարձրացնելու առևտրային փոխանակման մակարդակը և խրախուսելով թուրք գործարարներին ու ներդրողներին ուսումնասիրելու տարածաշրջանում ներդրումային հնարավորությունները:
– Թուրքիան Աֆրիկայի եղջյուրի երկրների, հատկապես Սոմալիի առևտրային կարևոր գործընկերներից է, որն ակտիվորեն ներգրավված էր նրա վերականգնման աշխատանքներում. նավահանգիստների, օդանավակայանների և դպրոցների զարգացման միջոցով, ի վերջո, բանը հասավ այնտեղ, որ 2020 թ․ հունվարին Թուրքիան արժանացավ Սոմալիի կառավարության հավանությանը Սոմալիի տարածքային ջրերում նավթ որոնելու հարցում։
– Մյուս կողմից՝ Եթովպիա ուղղվող թուրքական ներդրումների ծավալը գերազանցել է հինգ միլիարդ դոլարը՝ ըստ Եթովպիայի ներդրումային կոմիտեի 2020 թ․ տվյալների:
3. Հումանիտար օգնություն
– Թուրքիան ապավինեց օգնությունների միջոցին՝ որպես տարածաշրջանում իր ներկայության ապահովման մեխանիզմի, որը նրա համար ստեղծեց դրական և գրավիչ վարկանիշ՝ համեմատած արևմտյան տերությունների հետ, և նրան դարձրեց Աֆրիկայի եղջյուրի բազմաթիվ երկրների գործընկեր: Այս առումով Միջազգային զարգացման և համագործակցության գործակալությունը մեծ դեր խաղաց՝ տրամադրելով բազմաբնույթ օժանդակություն, ներառյալ կրթաթոշակները։ Սոմալին 2011 թ․ Թուրքիայի հումանիտար աջակցության ամենամեծ մասնաբաժինը ստացած երկիրն էր: Սա ի լրումն թուրքական «Ալ-Մաարեֆ» հիմնադրամի, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի գրասենյակի ենթակայության ներքո և ձգտում է փոխարինելու «Ֆաթուլլահ Գյուլեն» հիմնադրամին, որն արդեն մեծ տարածում է գտել Աֆրիկայում՝ մարդասիրական և կրթական գործունեության միջոցով:
– «Թուրքական Մաարեֆի օժանդակությունը» ազդեցիկ դեր խաղաց Աֆրիկայի եղջյուրում՝ մզկիթների կառուցման և բազմաթիվ երկրներում կրթական ու մշակութային դերի մեծացման ու գործունեության իրականացման միջոցով: Դրանով ազդել է հասարակությունների մշակութային կառուցվածքի վրա, ինչն էլ ցույց տվեց Սուդանի փորձը, երբ հիմնադրամը ստացավ «Ալ-Բաշիր»-ի խորհրդարանի հավանությունը երկրում թուրքական դպրոցներ հիմնելու համար, հատկապես մինչև 2019 թվականը Թուրքիայի և Սուդանի վարչակարգերի միջև գաղափարական ուղղությունների մերձեցման խորապատկերին:
4. Ռազմական և անվտանգային համագործակցություն
– 2017 թ․ Թուրքիան Սոմալիում բացեց արտասահմանում իր ամենամեծ ռազմաբազան՝ 50 մլն դոլար արժողությամբ: Սոմալիի մայրաքաղաքի ծայրամասում՝ գլխավոր օդանավակայանի մոտ կառուցված հսկայական բազայի տարածքը 400 հեկտար է և ընդգրկում է 200 թուրք սպաներ, ինչը թույլ է տալիս թուրքական վարչակազմին ավելի մեծ ազդեցություն ունենալ Աֆրիկայի եղջյուրում։
– Թուրքիայի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Հուլուսի Աքարը 2018 թ․ նոյեմբերի սկզբին այցելեց Սուդան։ Նրա այցը ներառեց Կարմիր ծովում ելք ունեցող Սուակին կղզին, և պարզվեց, որ անհնար է Կարմիր ծովի վրա թուրքական ռազմաբազայի հիմնումը կղզու փոքր չափերի պատճառով:
Թուրքիայի ներխուժումը աֆրիկյան Սահելի տարածագոտի
Աֆրիկյան Սահելի տարածաշրջանում Թուրքիայի քայլերը բացահայտում են տարածաշրջանում մշտական ներկայություն հաստատելու նրա ձգտումը՝ թուլացնելով մրցակից երկրների ազդեցությունը Թուրքիայի կողմից Սահելի և Սահարայի տարածաշրջաններում անվտանգության բացակայության և անկայունության հանգամանքի շահագործմամբ, որոնցում «Ալ-Կաիդան» և ԴԱԻՇ-ը ակտիվորեն գործում են իրենց ազդեցության գոտին ընդլայնելու և ամրապնդելու համար: Անկարան ձգտում է ներթափանցելու Սահելի տարածաշրջան և Արևմտյան Աֆրիկա՝ մի շարք նպատակների հասնելու համար, որոնցից կարելի է նշել հետևյալները.
– սերտ հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործող զինված կազմակերպությունների հետ` ամրապնդելու համար իր դիրքերը` նպատակ հետապնդելով ունենալու այնպիսի դերակատարություն, ինչպիսին իրականացնում են միջազգային տերությունները, օրինակ՝ Միացյալ Նահանգները, թուրքական ընդլայնողական օրակարգերի ճանաչման դիմաց, ինչպես նաև ֆրանսիական հեգեմոնիայի դաշտ ներթափանցելու համար՝ նպատակ ունենալով սահմանափակելու տարածաշրջանում Փարիզի ազդեցությունը և զսպելու Սիրիայում, Իրաքում, Արևելյան Միջերկրական ծովում և Լիբիայում թուրքական էքսպանսիոնիստական ծրագրին նրա հակազդեցությունը,
– աշխատել անօրինական ներգաղթի, կազմակերպված հանցավորության ցանցերի ու մարդկանց և թմրանյութերի մաքսանենգության խնդիրներով ճնշել եվրոպական երկրներին և նրանց հետ սակարկել գործիքների ձեռքբերման համար,
– վերահսկել աֆրիկյան մայրցամաքի արևմտյան ափի նավահանգիստները, քանի որ թուրքական «Albayrak Group»-ը Գվինեայի «Կոնակրի» նավահանգիստը ձեռք է բերել 25 տարով՝ կատարելով 700 մլն դոլարից ավելի ներդրումներ՝ ի լրումն Գամբիայի «Բանջուլ-Բարրա» նավահանգստի, որի նպատակն է բարելավել ներդրումային հնարավորությունները թուրքական ընկերությունների համար,
– լուծարել Արևմտյան Աֆրիկայում «Ֆաթահուլլահ Գյուլեն» շարժման կենտրոնները և բռնագրավել դպրոցներից ու սպասարկող հաստատություններից դրանց գույքը։
Հարկ է նշել, որ աֆրիկյան Սահելի տարածաշրջան ներթափանցելու համար Թուրքիան ապավինում է մի շարք գործիքների, որոնք կարելի է բնութագրել հետևյալ կերպ։
1. Դիվանագիտական գործունեության ակտիվացում։
– Թուրք պաշտոնյաների պաշտոնական այցերը Սահել և Արևմտյան Աֆրիկայի երկրներ։ 2020 թ․ հունվարին Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին այցը Գամբիա և Սենեգալ էր, իսկ 2020 թ․ հուլիսին Թուրքիայի արտգործնախարարի այցը Սահել և Արևմտյան Աֆրիկա ներառեց Տոգոն, Հասարակածային Գվինեան և Նիգերը:
– Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այցի միջոցով Թուրքիայի կողմից քաղաքական վերափոխումների խնդրի շահարկումը Մալիում, որը 2020 թ․ օգոստոսին ականատես եղավ ռազմական հեղաշրջման, որի ժամանակ տապալվեց նախագահ Բուբաքար Կեյտան: Այցը ռազմական հեղաշրջման օրինականացման և միջազգային աջակցության ապահովման քայլ էր Ֆրանսիայի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում, որը տասնամյակներ շարունակ Մալիի իրարահաջորդ կառավարությունների ավանդական դաշնակիցն էր:
2․ Անվտանգային համագործակցություն։
– Արևմտյան Աֆրիկայի երկրներին անվտանգության և ռազմական փորձի տրամադրում:
– Անկարայի կողմից անվտանգության, համագործակցության համաձայնագրերի կնքում տարածաշրջանի շատ երկրների հետ, ինչպիսիք են Մավրիտանիան, Գամբիան, Կոտ դ’Իվուարը, Չադը, Սուդանը, Գվինեան, Նիգերիան և Բենինը։ 2020 թ․ հուլիսին անվտանգության համաձայնագիր ձեռք բերվեց նաև Նիգերի հետ:
– Թուրքական «SADAT» հիմնադրամի կողմից ռազմական ուսումնական ծրագրերի իրականացում աֆրիկյան շատ ուժերի և բանակների համար։ Այն նաև փնտրում է աֆրիկյան մայրցամաքում ռազմական գործարքներից օգուտ ստանալու հնարավորություններ:
3․ Փափուկ ներթափանցում։
– Թուրքիան ակտիվ գործունեություն է ծավալում Սահելում և Արևմտյան Աֆրիկայում՝ ներգրավվելով մարդասիրական օգնության ոլորտում․ ակտիվ են այս ոլորտում աշխատող մի շարք թուրքական կազմակերպություններ, ինչպիսիք են թուրքական Կարմիր մահիկը, Թուրքական կրոնական հիմնադրամը և Թուրքական մարդասիրական ընկերությունների միությունը, որոնք մարդասիրական և օժանդակության միջոցառումներ են իրականացնում տարածաշրջանի շատ երկրներում:
– Թուրքիան փորձում է իր կողմը գրավել տուարեգներին և օգտագործել նրանց իր ներկայիս քաղաքականության և Թուրքիայի նախագահի անձնական հավակնությունների ամրապնդման նպատակով՝ Աֆրիկայում տուարեգներին օգնելու և իսլամի շրջանակի ընդլայնման քողի ներքո։ 2020 թ․ ապրիլին 10-ին մի խումբ տուարեգ շեյխեր և առաջնորդներ այցելեցին Թուրքիա:
– Աֆրիկյան մայրցամաքի Արևմտյան ափին՝ ծովային նավահանգստի հատվածում, առկա է թուրքական ներթափանցում և վերահսկողության հաստատում շատերի վրա: Թուրքական «Albayrak Group»-ը 25 տարով ձեռք է բերել Գվինեայի «Կոնակրի» անկախ նավահանգիստը ավելի քան 700 միլիոն դոլար ներդրմամբ՝ ի լրումն Գամբիայի «Բանջուլ-Բարրա» նավահանգստի։ Դա նպատակ ունի թուրքական ընկերությունների համար բարելավելու ներդրումային հնարավորությունները:
4․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայի ճգնաժամին։
Թուրքական կառավարությունը ձգտում է միջամտելու Լիբիայի ճգնաժամի ընթացքին` մի շարք նպատակների հասնելու համար, մասնավորապես` ընդլայնելու իր ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում և խորացնելու իր տնտեսական շահերը` հաշվի առնելով Լիբիայի ունեցած ներդրումային խոստումնալից հնարավորությունները և նավթի պաշարները։ Թուրքական միջամտությունը Լիբիայում եղել է աստիճանական՝ սկսած Ազգային համաձայնության կառավարությանը նյութատեխնիկական, ուսուցողական և ռազմական աջակցություն ցուցաբերելուց, ապա անցնելով օդային կամրջի բացմանը՝ Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ տեղափոխելու համար, այնուհետև Անկարան շարունակել է Ազգային համաձայնության կառավարության հետ անվտանգության, ծովային, տնտեսական, ռազմական և առևտրային գործընկերության համաձայնագրեր ստորագրելով:
Լիբիայի ճգնաժամում Թուրքիայի կիրառած ամենաակնհայտ գործիքներն են.
1․ Դիվանագիտական ակտիվ դերակատարությունը։
– Թուրքիան ձգտել է ներգրավվելու լիբիական ճգնաժամին առնչվող քաղաքական պայմանավորվածություններում և բանակցային փուլերում՝ ամրագրելու իր դերը որպես ճգնաժամի կառավարման հարցում միջազգային ջանքերին արդյունավետորեն մասնակցող պետություն, ինչպես դա անում է Սիրիայի դեպքում:
– Անկարան մասնակցել է մի շարք խոշոր միջազգային քննարկումների, և տեսնում ենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը 2020 թ. հունվարին ներկա էր Բեռլինի կոնֆերանսին, որին մասնակցող մի շարք երկրների առաջնորդներ ընդգծեցին, որ Թուրքիան պետք է գործնականում դադարեցնի վարձկանների տեղափոխումը Լիբիա, ինչը մինչ օրս չի կատարվել:
– Անկարան ակտիվ քաղաքականություն է վարում Լիբիայի հարևան երկրների նկատմամբ: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են Թունիս, Ալժիր, Նիգեր և Մալի, ինչի միջոցով Անկարան նպատակ ունի մոբիլիզացնելու այդ երկրների աջակցությունը Լիբիայի արևմուտքում գտնվող իր հավատարիմ կառույցներին և հեշտացնելու զինյալներին սատարելու և աջակցելու գործողությունները՝ տվյալ տարածքներում այդ երկրների հողերի և ենթակառուցվածքների օգտագործման միջոցով:
2․ Տնտեսական պայմանագրերը։
– Թուրքիան Ազգային համաձայնության կառավարության հետ մի շարք համաձայնագրեր և համագործակցության արձանագրություններ է կնքել, որոնք տնտեսական հեռանկար են ապահովում Համաձայնության կառավարության հետ։ 2020 թ․ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կնքվել են 4 համաձայնագրեր, որոնցից առաջինը Լիբիայի կենտրոնական բանկի, առևտրի և արդյունաբերության նախարարությունների և որոշ թուրքական ընկերությունների միջև էր, որոնք ներառում են մաքսային ենթակառուցվածքի հանձնումը թուրքական «SSK»-ին, որը պատասխանատու դարձավ լիբիական մաքսային ոլորտում էլեկտրոնային համակարգի ստեղծման և կառավարման գործում:
– Փոխըմբռնման հուշագրերից մեկը վերաբերում էր թուրքական ընկերությունների և լիբիացի գործատուների միջև եղած խնդիրների լուծմանը և թուրք կապալառուների համար ճանապարհ հարթելուն, որպեսզի նրանք Լիբիա մտնեին մեծ նախագծերով և հեշտացված պայմաններով: Եվ դա՝ ի լրումն այլ համաձայնագրերի, որոնք վերաբերում էին երկու կողմերի միջև ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը՝ երկու կենտրոնական բանկերի միջև կապի և նրանց միջև փորձի փոխանակման հիման վրա:
– Լիբիան ունի նավթի և գազի պահուստային կարևոր պաշարներ․ լիբիական անմշակ նավթի հաստատված պաշարները գնահատվում են 4․46 միլիարդ բարել, ի լրումն գազի պաշարների, որոնք գնահատվում են 55 տրիլիոն խորանարդ ֆուտ: Թուրքիան նպատակ ունի ուժեղացնելու իր ներկայությունը Լիբիայում՝ իր շահերն այնտեղ իրացնելու և ճնշման քարտեր ունենալու համար Արևելյան Միջերկրական ծովի վրա գերիշխանության և ռեսուրսների պայքարում:
3. Անվտանգությունը և ռազմական համագործակցությունը։
Թուրքիան աշխատել է անվտանգության պայմանագրերի կնքման վրա` Լիբիայում թուրքական ռազմական ազդեցություն և ներկայություն հաստատելու համար, և դա ակնհայտ է հետևյալում.
– Խորհրդատվության տրամադրում և վերապատրաստում Լիբիայի անվտանգության հաստատություններում՝ երկարաժամկետ ազդեցություն ստեղծելու նպատակով:
– Վերատեղակայվել և տարածվել արևմտյան տարածաշրջանի հիմնական քաղաքներում, ինչպիսին է Միտիգայի բազան, որտեղ թուրքական ինքնաթիռները կենտրոնացած են վարձկաններ և զենք տեղ հասցնելու համար:
– Լիբիայի Արևմտյան ափի որոշ նավահանգիստներ ներառել ազդեցության իր գոտիներում, ինչը նա արդեն հասցրել է անել Տրիպոլիի, Միսրատայի և Ալ-Խումսի նավահանգիստներում:
– Միսուրատայի օդային ֆակուլտետը և քաղաքի նավահանգիստը դարձել են թուրք զինվորականների ամենակարևոր կենտրոններից։
– Թուրքիայի, Կատարի և Ազգային համաձայնության կառավարության միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսում է Միսուրատա նավահանգստի ակտիվացում որպես Միջերկրական ծովի արևելքում գործող թուրքական ռազմածովային նավերի բազա:
– Անկարան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել «Ուքբա բին Նաֆիե» բազայի (Ալ-Վաթիա) և դրա օբյեկտների շուրջ՝ նախապատրաստելով դրանք թուրքական ազդեցության գոտում գտնվող այլ վայր տեղափոխելուն: Սակայն օդային գրոհների ժամանակ հասցվեցին ճշգրիտ հարվածներ, որոնք ամբողջովին ոչնչացրին բոլոր համակարգերը։
– 2020 թ․ հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Լիբիա ռազմական ուժեր ուղարկելու մասին օրենքին, որն աջակցում է Ֆայեզ ալ-Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը՝ դիմակայելու Մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ «Լիբիայի ազգային բանակի» ուժերին:
– Պատվիրակված լիազորությունների հուշագիրը, որը թուրքական խորհրդարանի կողմից հաստատվել է 2020 թ․ հունվարին, թույլ է տալիս Թուրքիային Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը տրամադրել ամեն տեսակի ռազմական և անվտանգային աջակցություն լիբիական տարածքներում, այդ թվում՝ լիբիական տարածքներում ռազմական հենակետերի կառուցումը։
4․ Վարձկանների ներգրավումը Լիբիայի ճգնաժամի ընթացքում։
– Թուրքիան հակված էր թուրքական բանակի հետ միասին վարձկաններից և ահաբեկչական խմբավորումներից խմբեր տեղափոխելու՝ ապահովելու համար Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ աշխարհազորայիններին տեղում աջակցություն, խորհրդատվություն տրամադրելուն և մարզելուն զուգահեռ իր ներկայությունն օրինականացնելու ուղիները և Անկարայի շահերին ծառայող զինված տարրեր գտնելու գործողությունները։
– Սիրիացի վարձկանների՝ Լիբիա տեղափոխումն սկսվեց 2019 թ․ վերջին և շարունակվեց հաջորդ ամիսներին։ 2020 թ․ բեռլինյան համաժողովից հետո այդ գործողությունների տեմպը նվազեց, սակայն չդադարեց: Մենք տեսնում ենք նաև, որ Անկարայի կողմից օտարերկրյա տարրերի փոխադրումը չի սահմանափակվել սիրիացի վարձկաններով, այլ ընդգրկել է նաև տարբեր ազգությունների ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչը դրդեց Լիբիայի հարևան երկրներին բարձրացնելու անվտանգության մակարդակը՝ դիմակայելու համար այդ ահաբեկիչների ներթափանցման փորձերին կամ հարձակումներին:
– Հարկ է նշել, որ Թուրքիան հետ է կանչել իր մի շարք վարձկանների, որոնք Լիբիայի արևմտյան «Ալ-Վաթիա» բազա էին տեղափոխվել 2021 թ․ սեպտեմբերի 14-ին: Տեսնում ենք, որ թուրքական դիրքորոշման փոփոխությունն ունի մտավախություններով պայմանավորված պատճառներ: Ընտրվելու դեպքում Լիբիայի կառավարությունը կվերանայեր Թուրքիայի հետ կնքված ռազմական և ռազմածովային համաձայնագրերը։ Սա թուրքական կառավարության կանխարգելիչ քայլն է` որպես ռազմական ընդլայնման ռազմավարության մի մաս՝ առանց դրանից հետ կանգնելու որպես ռազմավարական նպատակ:
5․ Ներթափանցումը լիբիական հասարակության կառուցվածքում։
– Թուրքիան աշխատել է Լիբիայում ցեղերի առաջնորդներին և սոցիալական խմբերի առանձին կողմերին իրար կապելու ուղղությամբ, ներառյալ ազդեցիկ գործիչները այնպիսի կարևոր քաղաքներում, ինչպիսիք են Միսրատան և Զավիան: Այս կապն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև լիբիական սոցիալական այնպիսի կառույցների առաջնորդների և ներկայացուցիչների, ինչպիսիք են տեբու և տուարեգ ցեղերը:
– Թուրքիան օգտագործեց մի շարք այլ գործիքներ` հերքելու իր նախկին գործունեության վերաբերյալ մեղադրանքները և ապահովելու իր կայուն ազդեցությունը Լիբիայում տիրող իրավիճակի վրա, որտեղ նա հակված է ընդլայնման՝ նպատակ ունենալով նաև աջակցելու և պաշտպանելու թուրքական ծագմամբ լիբիացիներին։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «Լիբիան ունի մեկ միլիոն թուրք», ինչը փորձ է հիշեցնելու տարածաշրջանում Օսմանյան կայսրության թողած ժառանգությունն ու արմատները:
Թուրքիան փորձեց զուգահեռաբար իրականացնել ժողովրդագրական փոփոխություններ` ապահովելու իր գոյատևումն ու ազդեցությունը մինչև նպատակների լիակատար իրականացումը։ Մի շարք զեկույցներ բացահայտել են անվտանգության կառույցներում օտարերկրյա վարձկանների ինտեգրման փաստը, որոնց Անկարան նախկինում տեղափոխել էր Լիբիա։ Դա կապված էր նրանց՝ Լիբիայի քաղաքացիություն ստանալու Անկարայի խոստումների հետ, որպեսզի անվտանգության առաջիկա միջոցառումների ընթացքում նրանք լիարժեք ազդեցիկ քաղաքացիներ լինեին:
– Ազգային բանակի կողմից մայրաքաղաքի ազատագրման գործողությանը հաջորդեցին նաև տեղահանության և արևմտյան տարածաշրջանի՝ արաբական մեծամասնությամբ քաղաքների բնակիչների դեմ համակարգված ագրեսիայի ծրագրերը, որոնք ներառում էին Արևմտյան ափը, Թարխունան և այլ քաղաքներ: Այս հարձակումներին նախորդել էին հարավային շրջաններում լիբիացիների դեմ արաբական ցեղերի կատարած նմանատիպ հանցագործությունները, ինչպես դա տեղի ունեցավ Մուրզուկ քաղաքում տեղահանության և ինքնության դեմ գործողությունների հետևանքով այն բանից հետո, երբ Ազգային համաձայնությանը հավատարիմ որոշ ուժեր տարածվեցին հարավային շրջանում:
Ամփոփենք։ Աֆրիկյան մայրցամաք թուրքական ներթափանցումն ընթացավ փափուկ և կոշտ տարբեր գործիքների կիրառմամբ: Սկզբում Թուրքիան կենտրոնացել էր հումանիտար օգնության և փափուկ ուժի վրա որպես իր քաղաքականության հիմնական ելակետ, որն օգնեց նրան դրական վարկանիշ ձևավորելու՝ համեմատած մայրցամաքի մյուս մրցակից ուժերի հետ: Հետո նա անցավ կոշտ գործիքների վրա հենվելու քաղաքականությանը, ինչը բացահայտում է աֆրիկյան մայրցամաքում ազդեցության և վերահսկողության ընդլայնման թուրքական հավակնությունները: