Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 18-ին Հաագայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նիդերլանդականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թայս ֆան դեր Փլասը։
Երկուստեք գոհունակություն հայտնելով Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում՝ կողմերն արձանագրել են վերջին տարիներին նկատվող դրական դինամիկան և ուղենշեցին առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին։
Մտքեր փոխանակվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և աջակցության, ինչպես նաև՝ երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից խնդրի բարձրացման համար՝ ընդգծելով ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում նման մոտեցման շարունակականության անհրաժեշտությունը։
Հաագայում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցեց Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտռական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված դիվանագիտական ընդունելությանը, որի ընթացքում պարգևատրվել են երկկողմ համագործակցության խորացման գործում ներդրում ունեցած անձինք»,- նշված է հաղորդագրությունում։