կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 20:54
Քաղաքական

«Երկնքից ստեղ բերող» պատրուլները. ինչու՞ է Փաշինյանը «պաշտում» նրանց

«Երկնքից ստեղ բերող» պատրուլները. ինչու՞ է Փաշինյանը «պաշտում»  նրանց

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ապրիլ ամսից Շիրակի եւ Լոռու մարզերում կգործարկվի պարեկային ոստիկանական ծառայությունը՝ նշելով, որ պարեկային ծառայության ներդրումն իրենց համար շատ կարեւոր նշանակություն ունեցող բարեփոխում է։ Հուլիսից Երեւանում գործող պարեկային ոստիկանության աշխատանքը Փաշինյանը գոհացուցիչ համարեց՝ հավելելով, թե Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարեւոր բրենդը ժողովրդավարությունն է, եւ իրենք ձեւավորում են ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իր ելույթներով բազմիցս ապացուցել է, որ բացարձակ պատկերացում չունի, թե ինչ ասել է՝ ոստիկանություն, ուժային կառույց, ուժային կառույցի արժանապատիվ քաղաքացի։

Բայց այս մասին կխոսենք հետո՝ ավելի ընդարձակ եւ ծավալուն շեշտադրումներով։ Կրկին անդրադառնանք Հայաստանի վարչապետի այսօրվա ելույթին։ Նա նշեց, որ, չնայած առկա տեխնիկական թերություններին, իրենց նախաձեռնած ոստիկանական «բարեփոխումը» իրեն արդարացրել է, եւ հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն է ներդրվելու Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում։

Հիմա՝ աբսուրդի մասին․ Փաշինյանն արդեն որերորդ անգամ բարձր ամբիոնից հայտարարում է, որ պարեկային ոստիկանություն ծառայության անցնելու համար նախկինում ոստիկանությունում աշխատած լինելը պարտադիր չէ, ավելին՝ պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, թեեւ ամենեւին չի թերագնահատում կրթական հատվածը։ Հայաստանում վխտում են հանցագործները, հանցագործությունների աննախադեպ մեծ ծավալ է, իսկ պետական ապարատն իր ամբողջ ռեսուրսով եւ վարչապետի աթոռը զբաղեցրած անձով կենտրոնացել է պարեկային ծառայության վրա, որի աշխատակիցները, չարդարացնելով նախանշված սպասելիքները, կրկնակի, եռակի ավելի են վարձատրվում, քան ոստիկանության քրեական եւ օպերատիվ բլոկի աշխատակիցները։

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, քննչական գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր, վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանը Yerkir.am—ի հետ զրույցում շեշտում է՝ պետք է «լավ նայել» ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներին, որոնք օր ու գիշեր զբաղված են հանցագործությունների բացահայտմամբ:

«Այսքան մեքենա են առել սրանց համար, «Շկոդա»-ներն առան, չարդարացվեց, հիմա նորից անցել են «Քեմրի»-ի: Քրեական հետախուզության բաժանմունքներն ի՞նչ տրանսպորտային հագեցվածություն ունեն, իրական վիճակը շատ անմխիթար է: Հանցագործությունը խեղդում է երկիրը, հատկապես՝ Երեւանը․ չբացահայտված հանցագործություններ, թմրադեղեր, զենքի օգտագործմամբ կատարված հանցագործություններ եւ այլն: Այս ամենը հենց իշխանության վարած սխալ քաղաքականության հետեւանքն է: Օպերատիվ բլոկի աշխատակիցները, որոնք հիմնական լուծը քաշողներն են ոստիկանությունում, տեսնում են, որ պետական մակարդակով ուշադրության կենտրոնում են փողոցում հասարակական կարգ, տրանսպորտային երթեւեկություն ապահովող ծառայողները»,- ասում է նա:

Հետաքրքրվեցինք՝ «ավանդական» ոստիկանության եւ այս նոր՝ պարեկային ծառայության աշխատանքը նժարի վրա դնելիս ի՞նչ գնահատական կտա, հաշվի առնելով նաեւ այն, որ պարեկները բարձր աշխատավարձ են ստանում՝ կրկնակի ավելի՝ օպերատիվ ծառայության աշխատակիցներից:

«Երկնքից աստղեր են իջեցնո՞ւմ, որ դրանց այդքան ուշադրություն են դարձնում, անհամեմատ բարձր աշխատավարձ են տալիս այդ ծառայության աշխատակիցներին՝ համեմատած ոստիկանության մյուս աշխատողների: Կրկնում եմ՝ հատկապես օպերատիվ քրեական հետախուզության ծառայողներին պետք է ուշադրություն դարձնել, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են»,- հավելեց նա:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե բարձրագույն կրթությունը պարտադիր չէ պարեկ դառնալու համար, գեներալ-մայորն ասաց, որ իրենց ժամանակ ոստիկան դառնում էին պարտադիր ուսուցմամբ․ «Ոստիկանության ակադեմիան բաժանվում էր երկու մասի՝ դպրոցը եւ ակադեմիան: Դպրոցը տալիս էր միջնակարգ մասնագիտական կրթություն, ակադեմիան՝ բարձրագույն: Այն ժամանակ, եթե բարձրագույն կրթություն չէր պահանջվում, ապա միջնակարգ մասնագիտականն էր պարտադիր ոստիկանություն ընդունվելու համար: Մասնագիտական կրթություն էր տրվում ուսանողներին ոստիկանական համակարգի, մասնագիտական գործունեության եւ այլնի մասին՝ մասնագետ դառնալու համար:  Ծիծաղելի է սրանց՝ պարեկային ծառայությունը ֆետիշացնելու մոտեցումը: Վերջին հաշվով, ոստիկանական ծառայությունների մեջ փոքր մասն է պարեկային ծառայությունը: Հիմնարարը օպերատիվ ծառայությունն է: Բայց, արի ու տես, իշխանությունը ֆետիշացնում է պարեկային ծառայությունը: Պտուղներն էլ արդեն քաղում ենք․ հենց իրենք են տեսուչներ բռնել՝ կաշառքի եւ այլ խախտումների հետ կապված»:

Գագիկ Համբարձումյանի դիտարկմամբ՝ իշխանությունը գլուխ է գովում եւ ամբողջ ռեսուրսը ներդնում պարեկների վրա, որովհետեւ իրենք են այս ծառայության հիմքում կանգնած։

«Իրենք այսքան մեծ ուշադրություն են դարձնում պարեկներին, որովհետեւ համարում են, որ այդ ծառայությունն իրենք են ստեղծել, ամեն գնով գովազդում ու  գլուխ են գովում, որ ուսուցիչներն էլ են գալիս պարեկային ծառայություն»,- ասաց գեներալ-մայորը՝ ծիծաղելի եւ ամոթալի համարելով, որ ուսուցչի աշխատանքը պարեկի աշխատանքի հետ նույն նժարին է դրվում։

«Պարեկային ծառայողը, կրթություն ստանալով, կարող է դառնալ ուսուցիչ, գիտնական եւ այլն, բայց արդեն բարձրագույն կրթություն ստացած ուսուցչին պարեկ տանելու իրողությունը գովազդելը նսեմացնում է ուսուցչի դերը: Երբ ճապոնացիներին հարցնում են՝ ո՞նց եք հաջողության հասել, ասում են՝ շատ կտրուկ բարձրացրին ուսուցչի դերը, նրա աշխատավարձը, հեղինակությունը հասարակության մեջ, ստատուսը, ինչը հանգեցրեց հասարակության զարգացմանը: Իրենց ստեղծածը գովազդելու համար նսեմացնում են ուսուցչին»,- եզրափակեց Գագիկ Համբարձումյանը:

Լիանա Սարգսյան