կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 09:17
Հասարակություն

Ադրբեջանը կրկին ներխուժել է ՀՀ տարածք․ Ներքին Հանդ (մաս 1)

Ադրբեջանը կրկին ներխուժել է ՀՀ տարածք․ Ներքին Հանդ (մաս 1)
Մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով ՀՀ "միջազգայնորեն ճանաչված" սահմանները, գրեթե 1 կմ խորությամբ ներխուժել են Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կազմում գտնվող Ներքին Հանդ գյուղի տարածք և տեղակայվել Ներքին Հանդի հին գյուղատեղիի հատվածում, որտեղ գտնվում են գյուղի գերեզմանոցը, եկեղեցին և խմելու ջրի ակունքը։
 
Թե՛ բնակիչները, թե՛ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը նշում են, որ չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին, գյուղատնտեսական աշխատանքների իրականացնելու համար մոտենալ իրենց այգիներին կամ անասուններին տանել արոտավայր, քանի որ վախենում են․ ողջ տարածքն այժմ դիտարկվում է թշնամու կողմից և շատ վտանգավոր է։ Բնակիչները մտահոգ են նաև, որ ադրբեջանցիները ցանկացած պահի կարող են կտրել իրենց խմելու ջուրը կամ թունավորել այն։
 
Այս պահին գյուղի բնակիչները ֆիքսել են ադրբեջանական զինուժի կողմից տեղադրված 5 վրան։ Զուգահեռաբար ադրբեջանական զինծառայողները դեպի «իրենց նոր դիրքեր» տանող ճանապարհ են կառուցում։
 
Ըստ ամենայնի՝ Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամու առաջխաղացման նպատակը Սրաշեն-Ծավ ճանապարհն է, որը կտրելով՝ թշնամին կտրում է Կապան-Շիկահող-Մեղրի միջպետական նշանակության ճանապարհը՝
․ փաստացի աքցանի մեջ առնելով Ճակատեն-Ներքին Հանդ մոտ 26 կմ-անոց ճանապարհն ու Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերը,
․ բազմակի անգամ դժվարացնելով Ներքին Հանդից մինչև Արաքս ձգվող նոր առաջնագծի պահպանության և պաշտպանության կազմակերպումը թե՛ ծառայության իրականացման, թե՛ թիկունքային ապահովման տեսանկյունից։
 
Թշնամու ներխուժման մասին տեղյակ են եղել բոլոր պատկան մարմինները, սակայն Ադրբեջանի գործած հանցագործության մասին բարձրաձայնելու և համապատասխան ռազմական-քաղաքական գործողությունների դիմելու փոխարեն լռել են ու թաքցրել իրողությունը նախևառաջ ժողովրդից։ Պատճառը կա՛մ պատկան մարմինների ամլությունն է և ապիկարությունը, կա՛մ կատարվածի պլանային լինելը։ Ստացվում է՝ եթե չլիներ Ներքին Հանդ գյուղի թոշակառու տիկին Հասմիկ Ղազարյանի ահազանգը լրատվամիջոցի խմբագրություն, մենք այդպես էլ չէինք իմանա, որ Ադրբեջանի զինված ուժերը կրկին անգամ ներխուժել և տեղակայվել են ՀՀ տարածքում՝ չհանդիպելով որևէ խոչընդոտի, չստանալով որևէ պատասխան։
 
Ալվինա Աղաբաբյան
 «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ