կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 20:40
Հասարակություն

Այս իշխանությունների և Հայաստանը ցեղասպանած թուրքի միջև չկա տարբերություն. Վազգեն Պետրոսյան

Այս իշխանությունների և Հայաստանը ցեղասպանած թուրքի միջև չկա տարբերություն. Վազգեն Պետրոսյան

Ադրբեջանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը, ըստ էության, հայ ժողովրդի հանդեպ նախավերջին ցեղասպանությունն է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Վազգեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ներկայացված փաստաթղթին և 5 կետերից բաղկացած այդ փաստաթղթից բխող վտանգներին:

«Ադրբեջանը և Թուրքիան պատմության ընթացքում ցույց են տվել, որ չեն ցանկանում հայությանը տեսնել իրենց կողքին: Դա է պատճառը, որ նրանք ցեղասպանել են հայ ժողովրդին. ես չեմ հասկանում այսօրվա իշխանությունների խաղաղության բանաձևը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ներկայացված փաստաթղթղին, ապա դա նախավերջին ցեղասպանությւոնն է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրագործել Արցախում: Արցախը հայաթափելով՝ Ադրբեջանի և Թուրքիայի հաջորդ նպատակը Հայաստանը վերցնելն է: Իսկ այս իշխանությունները, քանի որ հեռու են ազգից և ազգայինից, ընդունելու են Բաքվի առաջարկությունները: Անկեղծ ասած, եթե Թալեաթ փաշային կամ Քեմալ Աթաթուրքին գերեզմանից հանեին, բերեին նստեցնեին Հայաստանի կառավարության գլխին, ապա իրենք նույն հաջողությամբ կիրականացնեին այն աշխատանքները, որոնք  իրականացնում են այս իշխանությունները: Այս իշխանությունների և Հայաստանը ցեղասպանած թուրքի միջև չկա որևէ տարբերություն»,- ասաց  Վազգեն Պետրոսյանը:

Բաքվի կողմից ներկայացվող հինգ կետերի ընդունումը բնաջնջման եզրին կկանգնեցնի արցախահայությանը: Ըստ էության, Բաքվի բռնապետը չի փոխել իր քաղաքականությունը և ամեն ինչ անում է, որպեսզի Արցախն ամբողջությամբ հայաթափի և ուծացնի: Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները ընդունեն Բաքվի հինգ կետերից բաղկացած փաստաթուղթը, ապա հարցականի տակ կդրվի նաև ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում: Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ եթե այս իշխանությունները ընդունեն Բաքվի առաջարկությունները, ապա կհրաժարվեն ապահովել ժողովրդի անվտանգությունը:

«Եթե դո՛ւ ժողովրդի անվտանգությունը դնում ես հարցականի տակ, ապա անիմաստ է խոսել խաղաղության մասին: Ադրբեջանը այդ փաստաթղթում անդրադարձել է փախստականների հարցին, և Հայաստանը պետք է փոխհատուցի այն վնասները, որոնք հասցվել են նրանց: Հարց է առաջանում. հայ փախստականների համար ո՞վ պետք է փոխհատուցում տա: Հայերը Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և այլուր ավելի հարուստ էին, քան Ադրբեջանի քոչվորները, ովքեր ապրում էին Հայաստանում: Հայկական կողմը որևէ պահանջ չի ներկայացնում այդ ամենի վերաբերյալ: ՀՀ իշխանություններն իրենց գլխավոր հրամանատարի հետ միասին իրավունք չունեն խոսելու հայության շահերից, քանի որ իրենք դրանից հեռու են: Եվ եթե իրենք չեն հասկանում՝ ինչ է նշանակում նմանատիպ փաստաթղթի ստորագրումը, և չեն պատկերացնում՝ դա ինչ աղետ է բերելու հայության գլխին, ապա պետք է այս իշխանություններից ձերբազատվել և հույս չդնել ռուս խաղաղապահների վրա: Եթե Հայաստանը ստորագրի ինչ որ փաստաթուղթ, ապա Ռուսաստանը չի ունենա պատրվակ այս տարածաշրջանում մնալու համար և ինչպե՞ս պետք է պաշտպանի հայությանը Արցախում. եթե մայրը հրաժարվում է իր զավակից՝ հարևանը ի՞նչ կարող է անել»,-եզրափակեց  Վազգեն Պետրոսյանը:

                                                                                              Լենա Կարապետյան