կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-07 14:38
Քաղաքական

Լուռ Հայաստան. խոսեք՝ արդա՞ր է Պուտինի քաղաքականությունը

Լուռ Հայաստան. խոսեք՝ արդա՞ր է Պուտինի քաղաքականությունը

Արևմուտքը երևի երբեք այսքան միակամ դիրքորոշում չի ունեցել, ինչպես այս ռուս-ուկրաինական հակամարտության մեջ է։ Կարծես, հասարակության բոլոր շերտերը՝ քաղաքական ու մտավորական շրջանակները, աշխատավորներն ու  ծառայողները, համախմբված են ընդդեմ Ռուսաստանի, վստահ, որ Ռուսաստանը չարիք է, որ ուզում է վերականգնել Ռուսական կայսրությունը, և որ Արևմուտքը՝ աշխարհը, պարտավոր է սատարել ազատատենչ Ուկրաինային ընդդեմ նվաճողական Ռուսաստանի։  Ու սատարում են շռայլորեն. մի կողմից արևմտյան իշխանությունները շռայլորեն զենք են մատակարարում Ուկրաինային և տնտեսական պատժամիջոցներով մեկուսացնում Ռուսաստանը, մյուս կողմից՝ հասարակության մտավորական շրջանակները ռուսաստանցիների հետ համագործակցությունները չեղարկում, ռուսներին օստրակիզմի ենթարկում  ու ռուսական մշակույթի հետ կապված միջոցառումները չեղարկում։

«Այժմ Իտալիայում մեղք է լինել ոչ միայն ողջ ռուս, այլև մեռած ռուս, որն իր ժամանակ՝ 1849-ին, դատապարտվել էր մահապատժի, քանի որ կարդում էր այն, ինչ արգելքի տակ էր»,- գրել է իտալացի գրող Պալո Նորին այն բանից հետո, երբ Միլանի Բիկոկա համալսարանը չեղարկել էր Դոստոևսկուն նվիրված իր դասախոսությունների շարքը, որ նա պատրաստել էր իր՝ 2021-ին հրատարակած «Ֆյոդոր Դոստոևսկու անհավատալի կյանքը» (Sanguina ancora. L'incredibile vita di Fëdor M. Dostoevskij (Mondadori, 2021) գրքի հիման վրա։

Նա նամակ էր ստացել համալսարանից, որ պրոռեկտորը ռեկտորի հետ որոշել են հանել Դոստոևսկու կուրսը, որ խուսափեն ամեն տեսակի տարաձայնություններից, հատկապես՝ ներքին, այսպիսի լարված ժամանակաշրջանում։ Սակայն բարձրացած աղմուկից հետո համալսարանը վերանայել էր իր որոշումը ու դասախոսությունները թույլատրել։

Բայց ո՞վ կսպասեր, որ 21-դարում, իտալական համալսարանում ռուսաֆոբիան այն աստիճանի կպղտորեր մթնոլորտը, որ ռեկտոր ու պրոռեկտոր նույնիսկ մտքներով անցկացնեին չեղարկել աշխարհի մեծագույն գրողներից մեկին նվիրված դասախոսությունները միայն այն բանի համար, որ ռուս է։ Իսկ գուցե չգիտակցված գաղափա՞ր կա այս չեղարկման մեջ, որ Դոստոևսկին փրկության այլ ճանապարհ էր ուղենշում, ի հակադրություն եվրոպական ազատականությանը (КузубоваТ.С. Путь к спасению: две версии Ф. М. Достоевского // Контекст и рефлексия: философия о мире и человеке. 2017.Том6. No5А.С.27-38)։

Օստրակիզմի ևս մի օրինակ. Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը չեղարկել է նվագախմբի դիրիժոր՝ ռուսաստանցի Վալերի Գերգիևի հետ պայմանագիրը, որ կնքվել էր 2015-ին և գործում էր մինչև 2025 թիվը։ Ինչո՞ւ, լռելու համար։ Նախապես Մյունխենի օբերբուրգոմիստր Դիտեր Ռեյտերը Գերգիևի առջև ուլտիմատում էր դրել, որ միանշանակորեն դատապարտի Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, հակառակ դեպքում՝ պայմանագիրը կչեղարկվի։ Գերգիևը լռել էր, և պայմանագիրը չեղարկվեց։ Նույն պատճառով Գերգիևի հետ պայմանագրերը խզել է նաև Միլանի Լա Սկալան, և Քարնեգի Հոլն էլ չեղարկել է նրա համերգը, պայմանագիրը պատրաստվում է խզել Համբուրգի սիմֆոնիկ նվագախումբը։ Գերմանական մամուլը աշխարհի լավագույն  դիրիժորներից մեկին հեգնական արտահայտություններով նկարագրում է որպես Պուտինի սիրելի, հղումներ անում, որ նա պաշտպանել է «Ղրիմի անեքսիան», 2014-ին մեղադրել է Արևմուտքին, որ Կիևում Մայդանով ուղղակի ուզում էր իրենով անել կարկանդակի մի կտոր՝ Ուկրաինա անվանմամբ։  Այո, մենք իմանում ենք, որ երաժիշտը նաև քաղաքական հայացքներ ունի։ Սակայն գերմանական մամուլը բաց է թողնում Գերգիևի հայացքներում ամենագլխավորը՝ Գերգիևն ազգությամբ օս է, և ուրեմն՝ մեծ անհանգստություն ունի օս ժողովրդի ճակատագրի համար։ Ռուսաստանը, ճանաչելով Հարավային Օսիայի անկախությունը, փրկեց նրա ժողովրդի մի հատվածին տեղահանությունից ու բնաջնջումից։  2008-ի օգոստոսին Վալերի Գերգիևը նվագախմբով գալիս է Հարավային Օսիայի պատերազմից ավերված մայրաքաղաք Ցխինվալ և համերգ-ռեքվիմ տալիս կառավարության ավերված մուտքի դիմաց՝ «Ձեզ՝ ողջերին և զոհվածներին։ Քեզ՝ Հարավային Օսիա»։

Նույնիսկ արևմտյան այն մտավորականները, որոնք հասկանում են Ռուսաստանի կողմից ռազմական ուժ կիրառելու դրդապատճառները՝ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների մոտ 4 միլիոն բնակչության՝ իրենց հողում ապրելու իրավունքը պաշտպանելը և ՆԱՏՕ-ի առաջխաղացումը Ռուսաստանի սահմանների մոտ կանխարգելելը, սկսել են քննադատել Ռուսաստանին ու Պուտինին։

Նրանցից մեկը՝ ռեժիսոր Օլիվեր Սթոունն է, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր խղճի վրա շատ պատերազմներ ունի ծանրացած, բայց դա չի արդարացնում Պուտինի ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Տասներկու սխալը մի ճիշտ չի դառնում։ Ռուսաստանի նվաճումը սխալ է։ Այն շատ այլ սխալներ է արել»։ (Although the United States has many wars of aggression on its conscience, it doesn’t justify Mr. Putin’s aggression in Ukraine. A dozen wrongs don’t make a right. Russia was wrong to invade. It has made too many mistakes.) Ու թվարկում է Ռուսաստանի սխալները։

Բայց հենց սկզբից էլ, երբ Պուտինը հայտարարեց ռազմական գործողությունները սկսելու մասին՝ Ուկրաինան դեմիլիտարիզացնելու ու դենացիֆիկացնելու մասին, պարզ էր, որ նա մեծ ռիսկի է գնում, որն իր հետևից երկրին բերելու է տնտեսական ճգնաժամ, Արևմուտքի կողմից մեկուսացում և այլն։ Մենք տեսանք, որ նրա համար առաջնային են ռուսալեզու իր հայրենակիցների շահերը, Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը՝ թույլ չտալ, որ քթի տակ, իր պատմական հայրենիքում՝ Կիևյան Ռուսիայում, Ռուսաստանին ուղղված թշնամական հրթիռներ տեղադրվեն, քան օրվա պատեհապաշտությունը՝ հարմարվել արևմտյան՝ ծայրը չունեցող սանկցիաների տակ երկրի գոյությունը մի կերպ քարշ տալուն ու Դոնեցկի և Լուգանսկի իր հայրնակիցների բնաջնջմանը կամ ասիմիլացմանը։

Դեռ ավելին՝ Ռուսաստանը արդեն ընկրկել էր արևմտյան ճնշումների տակ, հիմա մենք խոսում ենք Ուկրաինայի 4 միլիոն ռուսալեզու բնակչության իրավունքների մասին, բայց Ուկրաինայի ռուսալեզու բնակչությունը շատ ավելին է՝ 15 միլիոնից ավելի։  2014-ից հետո Ուկրաինայի տիրապետության տակ մնացած ռուսալեզու բնակչությունը ստիպված սկսեց հրաժարվել մայրենի լեզվից և ասիմիլիացվել ուկրաիներենի մեջ։

Ուկրաինայում ապրող ռուսալեզու բնակչությունը՝ ուկրաինացի, թե ռուս, տեռորի տակ են՝ հանկարծ չխոսեն իրենց ռուսական արմատների, ռուսների հետ մշակութային  ու էթնիկ կապերի մասին։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ում հրապարակված այս նամակը ամբողջությամբ բացում է այն պատկերը, որի մեջ է գտնվել Ուկրաինայի ռուսալեզու բնակչությունը.  «Գրում եմ ռուսական քաղաք Սումիից։ Նա ռուսական էր այն ժամանակվանից, երբ առաջին տեղաբնակները, որ փախել էին Սպիտակ եկեղեցուց (քաղաք Կիևի մոտ) 1652 թվին՝ մոտ 100 ընտանիք, որոշեցին հիմնավորվել այստեղ՝  երեք գետերի միախառնման տեղում։ Կազակների քաղաք հիմնելու թույլտվություն ստանալու համար նամակ գրեցին Ռուսաց արքա Ալեքսեյ Միխայլովիչին։ Նա էլ թույլտվություն տվեց։ Ինչո՞ւ այս էքսկուրսը։ Այս մասին ես իմացա 5-րդ դասարանում՝ ապրելով արդեն «Նեզալեժնայում» («Незалежна» Ուկրաինայի անկախությանը տրված արհամարհական անվանում), և այդ ժամանակ իմացա, որ Սումին պատմական, վաղեմի ռուսական քաղաք է։ Բայց շատերը, որոնք դա գիտեն, գերադասում են լռել։ Եվ այդ ամենը շատ սահուն եղավ․ սկզբում փաստաթղթերը սկսեցին լրացնել միայն ուկրաիներեն, հետո վերափոխեցին դպրոցական դասագրքերը, վերապատմեցին պատմությունը… 2014-ից հետևողականորեն սողոսկում էր ատելությունը ռուսերենի, Ռուսաստանի նկատմամբ, իսկ ոմանց մոտ էլ ռուսական ամեն ինչի նկատմամբ (բացի գազից, բենզինից ու էլեկտրականությունից)»։

2021-ի հուլիսին Ուկրաինան ընդունեց «Բնիկ ժողովուրդների մասին» օրենք, որի մեջ ռուսները չեն մտնում։ Ուկրաինա՝ պատմություն, մշակույթ, անցյալ, ներկա՝ առանց ռուսների։

Սա եղավ մի ժողովրդի նկատմամբ, որը 300 տարուց ավելի համաշխարհային պատմությունը կերտողներից մեկն է։

Օլիվեր Սթոունը, նաև նրա պես մտածողները արդյո՞ք լրիվ ինքնուրույն կարծիք են արտահայտում, թե՞ արևմտյան հակառուսական մթնոլորտը այնքան ուժգին է, որ նրանց էլ ակամա ստիպում է հարմարվել այդ մթնոլոտին ու արդարության  մասին խոսելու փոխարեն թվարկել Պուտինի սխալները, որոնք շարադրվում են արդեն որպես պատերազմի հանցագործություններ։

ՆԱՏՕ-Ռուսաստան կոնֆլիկտի պատճառն այն է, որ մոնոպոլ կապիտալիզմը՝  առաջնորդությամբ ԱՄՆ-ի,  նպատակադրվել է աշխարհի ամենամեծ ու ամենահարուստ ռեսուրսներով երկիրը հնազանդեցնել ու նրա անսահման ռեսուսները տնօրինել։ «Մոնպոլ կապիտալիզմ» ձևակերպումը Սամիր Ամինինն է (Samir Amin), որ ցույց է տալիս, որ կայսերական կապիտալիստական կոլեկտիվ տրիադան (ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ Եվրոպա, Ճապոնիա) համաշխարհայնացման անվան տակ աշխարհի բոլոր ռեսուրսները յուրացնելու ճանապարհին վերացնում է չմիավորվող-դիմադրող կառավարությունները, իսկ հետո, տիրանալով այդ երկրների ռեսուրսներին, դրանցից ստացած շահույթը բաշխում երեքի մեջ՝ աղքատության մատնելով «ծայրամասերը»։

Ձախ ճառաբանությունը պետք է որ այս կոնֆլիկտում նկատեր Ռուսաստանի արդարացի լինելը՝ մի կողմից ուկրաինական նացիոնալիզմի ճիրաններից փրկում է իր հայրենկակիցներին, մյուս կողմից՝ դիմադրում մոնոպոլ կապիտալիզմի ախորժակին և դառնում դիմադրող ու ինքնուրույն մյուս երկրների համար առաջամարտիկ ու օրինակ։

Դեռ մինչ պատերազմը՝ փետրվարի 7-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինը հույս էր հայտնում, որ Կիևը կկատարի Մինսկի համաձայնագիրը, և ասել էր՝ «нравится, не нравится —терпи моя красавица» («հավանում ես, չես հավանում, դիմացիր, իմ գեղեցկուհի», այսինքն՝ Կիևը ստորագրել է Մինսկի համաձայնագիրը ուրեմն ինչքան էլ չհավանի իր ստորագրած փաստաթուղթը,  պետք է կատարի այն։ Չկատարեց ու ստացավ պատերազմ)։ Սլովեն փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը այդ խոսքը մեկնաբանում  է որպես Ուկրաինան բռնաբարելու նպատակ և հորդորում կաստրացիայի ենթարկել Ռուսաստանը՝ հնարավորին չափ այնպես մարգինալացնել, որ նրա համաշխարհային  հեղինակությունից ոչինչ չմնա։

Արևմուտքի հրահրած ուկրաինական սադրանքը բացահայտում է նաև արևմտյան ձախ մտավորական հեղինակության իրական միտքը, որում բացակայում է ձախ ճառաբանությունը, կապիտալիզմի անհագ ախորժակի քննադատությունը, և հեղինակավոր ձախ փիլիսոփան դառնում է ԱՄՆ-ի նախագահ Բայդենից ավելի Բայդեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգից ավելի Ստոլտենբերգ։

Եթե ԱՄՆ-ի նվաճողական քաղաքականությունը քննադատող ռեժիսորն ու հեղինակավոր ձախ փիլիսոփան են ընկնում ռուսաֆոբիայի լարած թակարդն ու միանում հակառուսական պրոպագանդայի ամենակուլ տիրապետությանը, ապա Հայաստանում մտավորականներն ինչպե՞ս կողմնորոշվեն։ Հայաստանում շփոթություն է։ Պրոարևմտյան ուժերը, պարզ է, հակառուսական դիրքերում են։ Բաց թողնենք այս թեման, որ այս արևտամետներն ուղղակի սատար են կանգնում Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամի ուժերին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եղբայրական ուկրաինական նացիոնալիստներին։

Սակայն հայկական մտավորական և քաղաքական մյուս շրջանակներում չեն երևում հստակ դիրքորոշում ունեցողներ, լողացող, անորոշ կարծիքներ են միայն երևում։ Զգացվում է, որ խուսափում են, որ հանկարծ իրենց չհամարեն Ռուսաստանի պաշտպան, ուրեմն՝ նաև պատերազմի ու ավերի կողմնակից։

Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում միայն Ռուսաստանի շահերի հարց չէ, նաև գաղափարախոսություն կա տակ, և հենց այդ գաղափարների վրա հիմնվելով է Ռուսաստանը ներխուժել Ուկրաինա, և արժեր, որ Հայաստանում էլ լինեին հստակ դիրքորոշումներ, օրինակ՝ ինչպես Արցախի, այնպես էլ Լուգանսկի ու Դոնեցկի ժողովուրդները ունեն իրենց երկրում ինքնորոշման ու անկախ ապրելու իրավունք։

Իհարկե, ուշացած հարց է, բայց հայկական շրջանակներում այս անորոշությունը մի փոքր ցրելու համար արժե հիմա էլ տալ և ակնկալել պատասխան։

Մինսկի համաձայնագրով Ուկրաինան պետք է ձևավորեր ֆեդերատիվ հանրապետություն, որի մեջ կմտնեին Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունները։ Այդ հանրապետությունները, որ իրենց անկախությունն էին հռչակել, Մինսկի համաձայնագրով, մեղմ ասած, ոգևորված չէին, նրանց սրտով չէր, բայց, հանուն խաղաղության, ստորագրել էին այն ու պատրաստ էին ընդունել Ուկրաինա պետության գերիշխանությունը։

Սակայն 7 տարի շարունակ Կիևը հրաժարվում էր կատարել Մինսկի համաձայնագիրը, փոխարենը՝ ռազմական ուժով փորձում ճնշել ու, իրեն ենթարկեցնելով, վերացնել Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունները։ Այսինքն՝ Ուկրաինայի իշխանությանը ձեռք չէր տալիս այն, որ այդ հանրապետություններն անցնում էին իր գերիշխանության տակ,  քիչ էր դա, և Պորոշենկոյի և Զելինսկիի իշխանություններն ուղղակի ուզում էին վերացնել նրանց։ Այդ ռազմական գործողությունների պատճառով մոտ 12 հազար մարդ է սպանվել, բազմաթիվ մարդիկ փախստական են դարձել։ Ռուսաստանը համբերատար առաջ էր տանում խաղաղ ճանապարհով կոնֆլիկտի լուծման կուրսը։ Բայց՝ ապարդյուն, հենց անցյալ տարի Ուկրաինայի նախագահ Զելինսկին հայտարարեց․ «Ովքեր իրենց ռուս են համարում, մեծ սխալ են անում՝ մնալով ու ապրելով Դոնեցկում»։ Այսինքն՝ ուկրաինական ծրագիրը հստակ է՝ Դոնեցկն ու Լուգանսկը բռնակցել Ուկրաինային և այդ տարածքում էթնիկական զտումներ անել, բնակչությանը քշել Ռուսաստան։

Օլիվեր Սթոունը Պուտինին քննադատելու հետ մեկտեղ հարց է տալիս՝ բայց հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարող էր Պուտինը փրկել Դոնեցկի ու Լուգանսկի ռուսախոս ժողովրդին (But we must wonder, how could Putin have saved the Russian-speaking people of Donetsk and Luhansk?)։

Եվ պատերազմից խուսափելու լուծումներից մեկը տեսնում է՝ գուցե Պուտինը պետք է շրջափակեր երկու դիմադրող շրջանները և օգներ 1-3 միլիոն բնակիչներին՝ վերաբնակվել Ռուսաստանում։ (Or perhaps Putin should’ve surrendered the two holdout provinces and offered 1-3 million people help to relocate in Russia)։

Ոչ, Ռուսաստանը դեռ այդ երկիրը չէ, որ հրաժարվի պաշտպանել իր հայրենակցներին իրենց պատմական հայրենիքում և այն հանձնի թշնամուն։

Ուկրաինան հսկայական զորք էր կուտակել այդ երկու հանրապետությունների սահմանագծին՝ 100 հազարից ավելի։ Հիմա՞ր են, որ չեն հասկանում՝ ռազմական ճանապարհով գնալով, ի վերջո, բախվելու են Ռուսաստանի հետ։ Այո, բա ի՞նչ են, նրանց շատ արդյունավետ հրահրում է Արևմուտքը՝ խոստանալով բաներ, որոնք չի կատարելու։ Այս հիմարությունը մենք տեսանք 2008-ին Վրաստանում,  երբ Վրաստանը՝ Սաակաշվիլին, ռուս խաղաղապահների վրայով ներխուժեց Հարավային Օսիա։ Պարզ էր, չէ՞, որ ռուսները չեն հանդուրժելու, որ Վրաստանն իր զինվորների վրայով տարածք նվաճի։

Արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի ու Օսիայի անկախությունները, այսինքն՝ փրկեց այս ժողովուրդներին վրացական նացիոնալիզմի՝ բնաջնջելու սպառնալիքից։

Եվ, ընդհանրապես, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի շուրջն իր օղակը սեղմում է արմատական նացիոնալիստական, կարելի է ասել՝ ֆաշիստական  ուժերի միջոցով։ Վրաստանում այն ուժերն են, որոնք Օսիայի ու Աբխազիայի ժողովուրդներին էին ուզում բնաջնջել, երկրի ներսում ճնշում են ազգային փոքրամասնություններին։ Այն, որ Ուկրաինայում իշխում են ուկրաինական ֆաշիստները,  ժառանգները նրանց, ովքեր երկրորդ աշխարհամարտին Հիտլերի կողմից էին կռվում Սովետական Միության դեմ և փոքրամասնություններին ցեղասպանության ենթարկում, սոսկ  ռուսական պրոպագանդա չէ, իրականություն է։

Այսօրվա Ուկրաինայի պարծանքն են Ստեպան Բանդերան և նրա համախոհները,  որոնց ստեղծած Ուկրաինական նացիոնալիստական շարժումը (ОУН(б)) և Ուկրաինական ապստամբ բանակը («УПА») 1943-1944 թվերին մոտ 60 հազար լեհ են կոտորել։ Բայց ոչ միայն լեհերի, նաև` հայերի։  1944 թվի ապրիլի 19-21-ը Հարավային Ուկրաինայի Կուտ գյուղում 200 հայերի են կոտորում միայն նրա համար, որ հայերը համարում էին Վոլինը Լեհաստանի մաս (տեղեկությունը ռուսական վիքիպեդիայից

Ստեպան Բանդերայի բազմաթիվ հուշարձաններ կան Ուկրաինայում, նաև՝ նամականիշ։ Իսկ 2016-ին Կիևի Մոսկովյան պողոտան վերանվանվեց  Ստեպան Բանդերայի անունով։

Եվ ՆԱՏՕ-ի այս ճնշումը մի կողմից ՆԱՏՕ-ին վերածում է նացիստական շարժումների հրահրողի, մյուս կողմից Ռուսաստանին դարձնում է ինտերնացիոնալի՝ իր հարևան երկրներում դենացիֆիկացիա իրականացնողի։ Այդ քաղաքականության  արտահայտությունն է Պուտինի՝ մարտի 3-ի ելույթը. «Ես ռուս մարդ եմ և իմ տոհմում, ինչպես ասում են, հենց միայն Իվաններ ու Մարիաներ են, բայց երբ ես տեսնում եմ այնպիսի հերոսության օրինակներ, ինչպիսին է դաղստանցի, ազգությամբ լակ երիտասարդ Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովի սխրանքը, մեր մյուս մարտիկների սխրանքը, ես ուզում եմ ասել՝ ես լակ եմ, ես դաղստանցի եմ, ես չեչեն եմ, ինգուշ եմ, ռուս եմ, թաթար, հրեա, մորդվին, օս։ Ռուսաստանի բոլոր էթնիկ խմբերն անհնար է թվարկել, բայց ես հպարտանում եմ, որ այդ աշխարհի մի մասն եմ, Ռուսաստանի հզոր, բազմազգ աշխարհի մի մասը։ Դրա հետ մեկտեղ երբեք չեմ հրաժարվի այն համոզմունքից, որ ռուսներն ու ուկրաինացիները միևնույն ժողովուրդն են»։

Եթե Ռուսաստանը դուրս գար իր նեղ պետական շահերի շրջանակից և ոչ թե ակամա, այլ գիտակցաբար որդեգրեր փոքր ժողովուրդների իրավունքների պաշտպանության վերազգային գաղափարը, ապա աշխարհում համախոհների լայն շերտ կունենար։ 

Ինչևէ, վերադառնանք ռուս-ուկրաինական առճակատմանը։ Հարցս հայ գործիչներին ու մտավորականներին՝ ի՞նչ էր ասելու Պուտինը՝ Լուգանսկ ու Դոնեցկ, ի՞նչ անեմ, Ուկրաինան Մինսկի համաձայնագիրը չի կատարում, ես էլ չեմ ուզում արևմտյան սանկցիաների տակ մտնել, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք կամ էլ լսեք Զելինսկիին, տեսեք՝ Օլիվեր Սթոունն էլ է նույնը առաջարկում՝ եկեք Ռուսաստան, ձեզ համար ապահով պայմաններ կստեղծենք։ Թե՞ ճանաչելու էր Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների անկախությունը ու ռազմական ճանապարհով վերացնելու այդ հանրապետությունների ու նաև ամբողջ Ռուսաստանի գլխին կախված վտանգները։

 

Վահան Իշխանյան