կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 17:40
Քաղաքական

Բռնագաղթած արցախահայությունը հումանիտար արհավիրքի առջև է․ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը միացել է կոչին

Բռնագաղթած արցախահայությունը հումանիտար արհավիրքի առջև է․ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը միացել է կոչին

80 մտավորականներ դիմել են ՄԽ համանախագահներին և միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու, Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու և հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար:

Հայտարարությունը ստորագրել է նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը, որը Yerkir.am-ի հետ հարցազրույցում փաստեց, որ բռնազավթված տարածքները դեօկուպացնելն ու հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելը բխում են ՄԱԿ-ի կոնվենցիաներից և վերաբերում են բոլորին։

«Բայց, փաստորեն, արցախահայույթունը այդ բոլոր տարածքներից արտաքսվեց, հիմա նրանք բոլորն էլ պրոբլեմի առջև են կանգնած։ Սա մի հումանիտար ողբերգության, արհավիրքի բերեց, որովհետև բռնագաղթած արցախահայությունը հիմա անորոշ ու անապահով վիճակում է։ Դա արվեց ամենաաննպաստ ձևով և՛ մեզ, և՛ արցախահայության համար»,-ասաց Գևորգ Պողոսյանը։

Նրա համար ակնհայտ է, որ իշխանությունների քայլերը բավարար չեն․ ասում է՝ մենք ոչ միայն պատերազմն ենք տանուլ տվել, այլ նաև ինֆորմացիոն պատերազմը, նաև դիվանագիտական հնարավորությունները, պառլամենտական ազդեցության օղակները, և դա մարդկանց հոգեպես և քաղաքականապես ճնշում է, որովհետև կային քայլեր, որ կարող էին արվել, բայց չեն արվել։

Մտավորականները իրենց բողոքի ձայնն ուղղելով միջազգային հանրությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատն ստանձնած կառույցներին՝ նաև հայտարարել են, որ բռնազավթված տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Արցախի Հանրապետությանը, իսկ այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային արժեքները հայ ժողովրդի մշակույթի անբաժան մասն են:

Ակադեմիկոսն ասաց՝ համեմատելով Ուկրիանայի ու Արցախի պատերազմները, ակնհայտ է, թե ամբողջ արևմտյան հանրությունը ինչ ձևով է սատարում Ուկրաինային, այնինչ Արցախում պատերազմի ժամանակ լուռ էր։

«Եվ որպես հայ մարդ և որպես քաղաքացի, բնականաբար, մտածմունքի մեջ եմ ընկնում, թե ինչո՞ւ այն ժամանակ, երբ ադրբեջանաթուրքական ագրեսիան էր Արցախի դեմ, Արևմուտքը, Եվրոպան և մեր բարեկամ Միացյալ Նահանգներն այդպիսի սատարում, ինչպես Ուկրիաինային, չարեցին։ Սա լուրջ հարց է, որ պետք է հասկանանք։ Նույն երևույթն է՝ հարևան երկիրը հարձակվում է կողքի երկրի վրա, և մի դեպքում մեծ արձագանք է լինում՝ ամենախիստ սանկցիաներով Ռուսաստանի նկատմամբ, իսկ մյուս՝ Արցախի դեպքում, համարյա արձագանք չեղավ, եթե նույնիսկ լինում էր՝ երկու կողմերին էին կոչ անում չգնալ ծայրահեղ քայլերի։ Սա չի կարող մեր կողմից չվերլուծվել, որովհետև տպավորություն կար, որ դեմոկրատական աշխարհը նման  դեպքերում միշտ բողոքի ձայնը պետք է բարձրացներ, բայց պարզվեց՝ այդպես չէր»,-ասաց Գևորգ Պողոսյանը։

Նրա հետևությունները երկուսն են․ կա՛մ դիվանագիտական դաշտում  շատ վատ ենք աշխատել, կա՛մ կա խտրականություն մեր հանդեպ Եվրոպայի և Արևմուտքի կողմից։

Աննա Բալյան