Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եղիպատրուշ գյուղում կա Գրիգոր Նարեկացի անունը կրող մի քանի , ներկայացնենք դրանցից երկրորդը: Այն սրբավայր է, որն ունի երկու՝ հրաշագործ զորություն ունեցող Մեծ և Փոքր Ավետարաններ: Երկու Սուրբ գրքերը գյուղ է բերել արմատներով մշեցի Հայրապետյանների ընտանիքը: Ավետարանը տեղափոխելիս ընտանիքը հանդիպել է բազմաթիվ դժվարությունների, մասնավորապես թուրք և քուրդ պաշտոնյաներն ամեն կերպ փորձել են խոչընդոտել նման սրբությունների տեղափոխումը: Ընտանիքի ավագ Ավետիք Հայրապետյանն այն փաթաթել է բամբակի մեջ կապել իր մարմնի վրա և անցկացրել է Արաքսի այս ափը:
Ի տարբերություն գյուղում գտնվող մնացած Գրիգոր Նարեկացի անունը կրող սրբավայրերի՝ այս սրբավայրը Հայրապետյաններին պատկանող տարածքում առանձնացված տեղ չունի: Հայրապետյանները երկու Սուրբ գրքերը պահում են իրենց տան մի անկյունում:
Փոքր ավետարանն ունի իր հատուկ առաքելությունը. այն մի քանի տասնամյակ առաջ հիմնականում տարվում և դրվում էր ծննդկան մայրերի գլխի մոտ, որպեսզի երկունքի ցավերը թեթևացնի: Բոլոր այն ընտանիքները, ովքեր այդ նպատակով տարել են Սուրբ Գիրքը իրենց պարտքն են համարել գրքի համար շապիկ կարել և հենց այդ է պատճառը, որ գիրքն այսօր պահվում է մոտ 10-15 շորից պատրաստված շապիկի մեջ:
Խորհրդային տարիներին, ինչպես միշտ, և՛ պետանվտանգության մարմինները և՛ հին իրերի ուսումնասիրությամբ զբաղվողները հետաքրքրվել են գրքով, անգամ առաջարկել են վաճառել այն, բայց ընտանիքը կտրականապես մերժել է:
Պետանվտանգության մարմիններից ընտանիքը մեծ դժվարությամբ է կարողացել թաքցնել Սուրբ գիրքը:
Ավետարանի զորության մասին վկայում են բազմաթիվ դեպքեր.
դրանցից մեկը պատահել է, երբ տարիներ առաջ, Հայրապետյանները որոշել են իրենց պատկանող տարածքում մի տեղ առանձնացնել, Ավետարանի համար: Սուրբ գիրքն իր տեղափոխելուց հետո ընտանիքի հայրն իր երեխաների հետ բարձրանում է սար` քեղ հավաքելու, ինչի ժամանակ արջը հարձակվում է նրանց վրա: Հայրը երեխաների հետ մի կերպ ազատվում է գազանի ճիրաններից: Տղամարդը տուն է վերադառնում շատ ծանր վնասվածքներով, ապա նրա առողջությունը գնալով վատթարանում է, բժիշկները ի վիճակի չեն լինում շտկել առողջական վիճակը: Տղամարդու վիճակը կայունանում է միայն Սուրբ գիրքը իր հիմնական տեղը վերադարձնելուց հետո:
Տարիներ առաջ գերդաստանի անդամներից մեկը, ով եղել է դիզվառելիք տեղափոխող մեքենայի վարորդ, իր մեքենայով Սպիտակի ոլորանների մոտ բավականին ծանր վթարի է ենթարկվում, բայց գրեթե չի վնասվում. այդ ամենը բացառապես կապվում է Ավետարանի հրաշագործ զորության հետ:
Մհեր Համբարձումյան