կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 19:43
Հասարակություն

Շուշիի հռչակագիրն իր սուր ծայրով Հայաստանի դեմ ուղղված վտանգավոր ռազմական դաշինք է, որը կարող է արնաքամ անել մեր երկիրը. Աշոտ Մելքոնյան

Շուշիի հռչակագիրն իր սուր ծայրով Հայաստանի դեմ ուղղված վտանգավոր ռազմական դաշինք է, որը կարող է արնաքամ անել մեր երկիրը. Աշոտ Մելքոնյան

«Շուշիի հռչակագիրն՝ իր սուր ծայրով, Հայաստանի դեմ ուղղված խիստ վտանգավոր ռազմական դաշինք է, որ կնքել են մեր թշնամիներ հանդիսացող՝ արևելյան և արևմտյան «հարևանները»։

Հետևաբար, մենք պետք է խիստ զգոն լինենք, որ այդ սուր ծայրը չծակի մեր երկրի գլխավոր զարկերակը, որն այս պահին Հայաստանի հարավային դարպասն է՝ Սյունիքը։ Հակառակ պարագայում մեր երկիրն արյունաքամ կլինի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է պատմաբան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, վերլուծելով թուրք ադրբեջանական տանդեմի կողմից վերջերս վավերացված «Շուշիի հռչակագիր»-ն ու դրա հնարավոր աղետալի հետևանքները Հայաստանի Հանրապետության համար։

«Եթե մի փոքր խորանանք, ապա ցավալիորեն կպարզենք, որ ինչ - որ իմաստով, այս դաշինքը ՆԱՏՕ-ի կողմից խրախուսանք է։ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի առաջատար անդամ երկիր, փաստորեն, նմանօրինակ պայմանագիր է կնքում առերևույթ չեզոք և որևէ ռազմաքաղաքական միավորի չպատկանող Ադրբեջանի հետ, այդպիսով՝ հեռավար տարբերակով, Ադրբեջանին դարձնելով ՆԱՏՕ-ին հարող պետություն, - ասում է պատմաբան Աշոտ Մելքոնյանն ու հավելում, - ստացվում է, որ, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրն» ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական շահերի դեմ, որով այս երկու պետությունների ռազմաքաղաքական շրջանակներին ստիպում է մտածել՝ փոխելու իրենց վերաբերմունքը թուրք ադրբեջանական վտանգավոր տանդեմի նկատմամբ։ Նկատենք նաև, որ այդ վերաբերմունքը մինչ օրս մեզ, մեղմ ասած, չի բավարարել և, գուցե, սա դառնա առիթ, որպեսզի, ասենք, ռուս – թուրքական անբացատրելի տանդեմը, որը մեր խորին համոզմամբ հակասում է նաև Ռուսաստանի Դաշնության շահերին, վերջ ունենա»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021 թվականի հունիսի 15-ին այցելել էր Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:

Այսօր՝ փետրվարի 21-ին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկման էր դրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կողմից հեղինակած հայտարարության նախագիծը՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ։

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հանձնաժողովի նիստում հայտնել էր, որ իրենք չեն միանալու Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությանը։

Աղբյուրը՝ Փաստինֆո