կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 12:33
Քաղաքական

Մտածում եմ՝ բանակցությունները մեզ պե՞տք են, թե՞ ոչ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է․ Ռոբերտ Քոչարյան

Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանի իշխանություններն այդ թեմայից չեն ուզում խոսել ընդհանրապես, և նպատակը հետևյալն է, որ մեր հանրությունը, նաև Ղարաբաղում այս հարցում իրենց հետ որևէ հույս չկապեն․ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հետևյալ հարցին․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ալիևը հայտարարում է, որ հարցը փակվել է, Մինսկի խմբի համանախագահ երկրները շարունակում են ասել, որ պետք է կարգավորվի։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա, և արդյո՞ք Հայաստանի իշխանություններից ինչ-որ բան կախված է այդ գործընթացը սկսելու համար, ի՞նչ իրավիճակում է այս քաղաքական գործընթացը»։

Երկրորդ նախագահը նաև ընդգծեց․ «Եվ սա աշխատելու է․ մեկ տարի, մեկուկես, երկու տարի Ղարաբաղից ընդհանրապես չխոսելով՝ տպավորություն է ստեղծվելու, որ հենց Ղարաբաղի հարցի հետ մենք այլևս առանձնապես կապ էլ չունենք, եթե հարց էլ կա, գնացեք ռուսների հետ քննարկեք, խաղաղապահներն իրենք են, անվտանգության երաշխավորներն իրենք են։ Ես կարծում եմ, որ սա արվում է  գիտակցաբար»։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին, Ռոբերտ Քոչարյանը նշեց․ «Ես մեկ-մեկ ուզում եմ պատկերացնել այդ բանակցությունների առաջին փուլը, հանդիպեցին մեկ սեղանի շուրջը Ղարաբաղի հարցի բանակցությունների ապագան որոշելու համար, ինչի՞ մասին են խոսելու։ Օրինակ՝ Հայաստանի պատվիրակությունը կամ պատվիրակը ի՞նչ թեմա է քննարկելու, ի՞նչ տարբերակ են քննարկելու։ Ինչպես մեր պատգամավորներն են խորհրդարանում անում, ադրբեջանական կողմը ձայնագրությունը միացնելու է, ասելու է՝ ձեր ղեկավարն ընդունում և ամբողջ հայ ժողովրդին համոզում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վաղուց ճանաչված է Հայաստանի կողմից։ 2-րդ կետով այդ նույն ձայնագրությունը սեղմելու են ու ասեն՝ ձեր ղեկավարն ընդունում է, որ երբևէ  16-ից թվից նույնիսկ տեսական շանս էլ չի եղել քննարկել Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանից դուրս, և ընդհանրապես՝ ձեր ղեկավարը կասկածի տակ է դրել Ղարաբաղի հայկականությունը։ Ես այդ բանակցություններին մասնակցել եմ շատ անգամներ, առաջին բանակցությունները, որտեղ Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցություն է ունեցել Հռոմում, ես այդ բանակցություններին մասնակից եմ եղել Բորիս Առուշանյանի հետ։ Հիմա ես անկեղծ ասեմ՝ մեծ անհանգստությամբ եմ սպասում այդ բանակցություններին, նույնիսկ մտածում եմ՝ հիմա դրանք պե՞տք են, թե՞ ոչ այնքան ժամանակ, մինչև Հայաստանի Հանրապետությունում այս իշխանությունն է, որովհետև բանակցելու թեմա չկա։ Պետք է գնաս և ընդունես, որ հետագա բանակցային գործընթացը գնալու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ ներառյալ Ղարաբաղը, և շատ կասկածելի առումով Ղարաբաղի հայկականության հարցը ևս սեղանի վրա է լինելու, որ սա համայնքային հարց է՝ հայկական համայնք, ադրբեջանական համայնք։ Այս վիճակում ենք մենք գտնվում և այս վիճակի մեջ են  մեզ գցել՝ մեկ նպատակ ունենալով՝ արդարանալ ինչ-որ մեղադրանքներից, և այդ արդարանալու նպատակին զոհաբերվեց ամբողջ բանակցային գործընթացը»։