կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 19:11
Հասարակություն

Խաղաղության գինը որոշում է ոչ թե Նիկոլը, այլ Թուրքիան և Ադրբեջանը. Արա Վարդանյան

Խաղաղության գինը որոշում է ոչ թե Նիկոլը, այլ Թուրքիան և Ադրբեջանը. Արա Վարդանյան

Արևմուտքը դրդում է Ռուսաստանին հարձակվել Ուկրաինայի վրա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան հնարավոր ռազմական բախմանը:

«Այդ քայլի հետևում կանգնած է շատ պարզ պրագմատիկ տնտեսական հաշվարկ: ԱՄՆ-ում կա լուրջ խնդիր. դոլարը գահավիժում է ցած: Դրա պատճառն էլ այն է, որ կորոնավիրուսի ժամանակ ամերիկյան կառավարությունը միլիոնավոր դոլարներ է բաժանել ժողովրդին, այդ դոլարը ուղղակի տպվել է առանց որևե հիմքի: Այսօր ԱՄՆ-ում նկատվում է խայտառակ գնաճ և սղաճ: Հիմա այս ամենը կայունացնելու համար նախ պետք է կարողանան կարգավորել իրենց դրամական միջոցը՝ դոլարը: Դրա համար պետք է աշխարհը ավելի մեծ կախման տակ դնել դոլարից: Այստեղից հասկանալի է դառնում Ռուսաստան-Ուկրաինա լարումը: Ռուսաստան-Ուկրաինա լարվածությունը տնտեսական բաղադրիչ ունեցող լարվածություն է: Ոչ միայն պատերազմն է վտանգավոր, այլև պատերազմական իրավիճակը. այս պահին տեսնում ենք հնարավոր պատերազմի վտանգը Ռուսաստանում, Ուկրաինայում և Եվրոպայում: Դժվար թե ականատես լինենք լուրջ ռազմական գործողությունների. Ռուսաստանում շատ լավ գիտակցում են այս ամենի պատճառը»,- ասաց Արա Վարդանյանը:

Ըստ նրա՝ եթե  տեղի ունենան ռազմական գործողություններ, ապա դա շատ ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար. չի բացառվում, որ Արևմուտքը,  օգտագործելով թուրք-ադրբեջանական տանդեմին, երկրորդ ճակատը բացի, և Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա:

Անդրադառնալով խաղաղության դարաշրջանի փաշինյանական ընկալումներին՝ Արա Վարդանյանն ասաց, որ դրանք միանգամայն տարբերվում են իր և հայ ժողովրդի պատկերացումներից:

«Ինձ համար խաղաղությունն արժանապատիվ խաղաղությունն է, Նիկոլի համար՝ «խաղաղություն՝ ամեն գնով»-ն է, իսկ այդ գինը որոշում է ոչ թե ինքը, այլ Թուրքիան և Ադրբեջանը: Եթե այստեղից հայտարարում են, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների, ապա իրականում Հայաստանն արդեն իսկ կատարում է թուրքական բոլոր նախապայմանները, ավելին,  վարչապետի մակարդակով հայտարարում են՝ Հայաստանն այլևս չի հետապնդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Դա է պատճառը, որ թուրքական կողմը հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի հետ առանց նախապայմանների նստել բանակցությունների: Երբ խոսք է գնում խաղաղության մասին, ցավոք սրտի, Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանը պետք  է ստորագրի խաղաղության պայմանագիր: Եվ մենք կրկին տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահը ասում է՝ խաղաղության պայմանագիր կարող ենք կնքել սահմանների երկուստեք փոխճանաչման արդյունքում: Սա անընդունելի է մեզ համար, ինչպես նաև, համոզված եմ, ՌԴ-ի համար էլ վատ սցենար է, քանի որ արդեն Ադրբեջանը կպահանջի ռուսական զորքերի դուրսբերումը իր տարածքից: (Քանի որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը, ապա Արցախը հայտնվում է դե ֆակտո Ադրբեջանի տարածքում): Հայաստանն այսօր կառավարվում է պրոթուրքական ուժերով, իսկ այդ ուժերը հետապնդում են թուրք-ադրբեջանական շահը»,- ասաց Ա. Վարդանյանը:

Ի՞նչ ազդակներ են փոխանցում Ադրբեջանը և Թուրքիան «Շուշիի հռչակագիրը» վավերացնելով: Արա Վարդանյանի կարծիքով՝ 2018 թ. ի վեր Թուրքիայի և Ադրբեջանի «դրական» ազդակները չեն փոխվել: Իրենց ազդակները հստակ են՝ ՀՀ-ն և Արցախը քարտեզի վրա չպետք է լինեն:

«Ի տարբերություն ՀՀ-ի` Ադրբեջանից և Թուրքիայից եկող ազդակներն այս չորս տարվա մեջ չեն փոխվել: Այս չորս տարվա մեջ չի տրվել լիարժեք պատասխան թուրքին կամ ադրբեջանցուն: Մենք չենք հակադարձել որպես երկիր իրենց որևէ հայտարարությանը: Շատ հետաքրքիր բան է ստացվում՝ Բելառուսի նախագահը շատ վատ է արտահայտվում ՀՀ-ի հասցեին, և իշխող ուժի պատգամավորները մեկը մեկին հերթ չտալով հոխորտում են, բայց երբ Ալիևը վարչապետին անվանում է հարբեցող ծաղրացու, իշխանությունը լուռ է: Իսկ թե ինչու են լռում՝ կարող ենք կարծել. կա՛մ այս իշխանությունները գտնվում են թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ, կա՛մ էլ Թուրքիայում, Ադրբեջանում կան շատ լուրջ կոմպրոմատներ, որոնք կօգտագործվեն իրենց դեմ, եթե հակադրվեն թուրք-ադրբեջանական օրակարգին»,- եզրափակեց Արա Վարդանյանը: 

                                                                                                   Լենա Կարապետյան