կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-11 23:51
Հասարակություն

Քննիչ հանձնաժողովը ոչինչ չի տալու՝ բացի այն, որ կարդարացնեն այս պատերազմում պարտությունը․ Սեյրան Օհանյան

Քննիչ հանձնաժողովը ոչինչ չի տալու՝ բացի այն, որ կարդարացնեն այս պատերազմում պարտությունը․ Սեյրան Օհանյան

Ինչպես արդեն հայտնի է, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու Արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին: «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համոզմամբ` իշխանությունները ստեղծել են այս հանձնաժողովը՝ պատասխանատվությունը նախկին իշխանությունների վրա բարդելու համար:

Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Պարոն Օհանյան, խմբակցության հայտարությունից պարզ է դառնում, որ մասնակցությունն անիմաստ եք համարում, քանի որ կարծում եք, թե իշխանությունները չեն կարող բացահայտումներ անել և իրական մեղավորներին գտնել: Չեք կարծու՞մ, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը լրացուցիչ տեղեկատվություն կտար պատերազմի տարբեր իրավիճակների վերաբերյալ, քանի որ Արցախից ու Հայաստանից նախկին ու գործող պաշտոնատար անձինք են հրավիրվելու:

Խորությամբ պետք է ծանոթանալ այն խնդիրներին, որոնք քննիչ հանձնաժողովի առջև դրվում են, որովհետև մակերեսային կետեր են գրված պատգամավորների առաջարկության մեջ, որ միանում են հանձնաժողով ստեղծելու գաղափարին: Ի սկզբանե քննիչ հանձնաժողով ձևավորելու գաղափարը եղել է նրանում, որ այն պետք է լինի ընդդիմության գործիքակազմը, որ ընդդիմությունը կարողանա այս կամ այն կարևոր հարցով քննել պետական կառավարման մարմինների անդամներին, որ այս կամ այն ոլորտի համար պատասխանատու են: Պետությունն ունի իր ամբողջ գործիքակազմը յուրաքանչյուր հարց քննելու համար այնպես, ինչպես այս 1 տարի 3 ամսվա ընթացքում ունեցել է: Այս ժամանակահատվածում պետությունը ոչինչ չի արել, որովհետև իրենք իրենց գնահատական պետք է տան, իսկ ինչպե՞ս իրենց գնահատական տային: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ այս քննիչ հանձնաժողովը ստեղծված է՝ շեղելու, ամեն ինչ բարդելու նախկինների վրա, կամ էլ, ընդհանուր առմամբ, արդարացնելու այն, ինչ կատարվել է պատերազմի ժամանակ: Իրենք էին ասում չէ` եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք զգա, որովհետև պատերազմի ամբողջ ընթացքն իրենք խրախուսել են ազգային հերոսների, գեներալների կոչումներով:

Ձեզ համար հստա՞կ է, որ անարժան, իրենց ծառայությունում թերացած մարդիկ են պարգևատրվել:

Միանշանակ հստակ է, որ կան անարժան մարդիկ, որովհետև մարդիկ, որ պատասխանատու են այս կամ այն գործողությունների համար և' ռազմական և' իրավական ոլորտներում, նրանք բոլորը կոչումներ են ստացել` դեռևս չքննած, թե ովքեր են մեղավորները: Սրան ավելացել է նաև այն, որ քննիչ հանձնաժողովում ընդգրկում են փորձագետների, որոնք պետական կառավարման համակարգի ծառայողներ են եղել, ինչպե՞ս կարող են անաչառ լինել ու արդար գնահատական տալ: Այս ամենը հաշի առնելով՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, նշանակում է ինչ-որ կերպ քննարկումներին մասնակից լինել, լեգիտիմացնել նրանց գոծողությունները:

Այս քննիչ հանձնաժողովն իր նախագահի գլխավորությամբ չի կարող անաչառ գնահատական տալ, էլ չեմ ասում, որ քննիչ հանձնաժողովի կազմը շատ փոքրաթիվ է, որ ամբողջությամբ լիարժեք գնահատական տա այն իրավիճակին, որ եղել է պատերազմի ժամանակ: Նաև հանձնաժողովի ղեկավարությունը, պատգամավորները, որոնք նախորդ գումարման խորհրդարանից են, ուզեն, թե չուզեն, իրենք ևս պատասխան պետք է տան, թե ինչ վերահսկողական գործառույթ են իրականացրել մինչև պատերազմը, պատերազմի ժամանակ, նաև՝ պատերազմից հետո սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Քանի որ քննիչ հանձնաժողովի գաղափարն ընդդիմության գործիքակազմ է, որ կարողանա գնահատական տալ գործող պետական համակարգին, ուստի ընդդիմությունը պետք է մեծ դերակատարում ունենա այդ հանձնաժողովում: Պետությունն անաչառ չի կարող ինքն իրեն քննել, մանավանդ այս իշխանությունների օրոք։ Այս իշխանություններն ամեն ինչ փորձում են նախկինների դաշտ տեղափոխել, ուրիշի վրա գցել, խեղաթյուրել, մանիպուլացնել: Պատերազմից առաջ բանակցային գործընթացը տարել են այնպիսի մի ուղղությամբ, որ սկսել են բանակցությունները զրոյական կետից, իսկ այնտեղ, որտեղ բանակցությունները զրոյից են սկսում, ավարտվում են, այնտեղ սկսվում է պատերազմը: Բանակցային գործընթացի վերաբերյալ շատ բաներ հիմա կարող են ասել, ամեն դեպքում, սեղանի վրա եղել է փաստաթուղթ, դրա շուրջ եղել է բանակցություն` հիմքում Արցախի ինքնորոշումը, Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշված ապրելու մեր ժողովրդի իրավունքը: Այդ ամենը ձախողվել է, այժմ Արցախն անկլավային վիճակում է, մեր սահմաններում և սահմաններից ներս ադրբեջանցիներն են:

Ինչպե՞ս կարող է գերագույն գլխավոր հրամանատարը, որը նախևառաջ մեր զինվորի համազգեստը չի հագել և մինչև հիմա էլ իրենց շուրջը պտտվում են մարդիկ, որ ինչ-որ անհասկանալի համազգեստներ են հագնում, դոշերը բաց, առանց գլխարկ և հայտնվում են զորքերում և զորամասում, ինչպե՞ս կարող է գլխավոր հրամանատարն այդ ամենը տեսնի ու խրախուսի՝ ասելով` դե ինչ ներկայացրել է բանակը, այն էլ նախագահին եմ ներկայացրել, ինչի դու չունե՞ս ապարատ, որը գնահատական կտա և ռեալ կասի` հերոսի կոչումն ինչի համար եք ներկայացրել, տվյալ ծառայողն ինչ պարտականություններ ունի և ինչպես է իրականացրել, ու նույնը դակել է նախագահը:

Պատերազմից հետո ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության պետ Մովսես Հակոբյանը հայտարարում էր, որ զորահավաքի լրակազմը դադարեցվել է, և որ իր ասածը փաստող ձայնագրություններ կան։ Այս հայտարարությունների իրավացիությունը պարզելու համար ձեր խմբակցության համար արդյունավետ չէ՞ր լինի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, թե՞ Ձեզ համար ամեն ինչ հստակ է:

Անձամբ ինձ համար որպես ռազմական գործի մասնագետի` հստակության կարիք չկա, ես հասկացել եմ, որ զորահավաքային խնդիրները չեն իրականացվել: Պատերազմի ժամանակ գտնվելով Արցախում՝ հասկացել եմ, որ զորահավաքային խնդիրը ձախողել են, բանակին մենակ են թողել, և բանակը բոլոր ճակատներում անձնուրացաբար կռվել է: Պետությունը թիկունք չի կանգնել բանակին, որ համալրի, մանավանդ այն հատվածում, որտեղ մխրճում է եղել վերախմբավորումներով, անձնակազմի և այլ նյութատեխնիկական համալրումներով հակառակորդին կանգնեցնի:

Հանձնաժողովի կազմը` այդ փոքր քանակությունը և այն կարճ ժամանակահատվածը, որ տրված է աշխատելու համար, շատ քիչ է, որ կարողանան անաչառ ու ռեալ գնահատական տալ այս ամենին: Եթե չեն վախենում դրանից, թող այդ գործիքակազմը տային ընդդիմությանը:

Կազմ ասելով նկատի ունեք մասնագիտակա՞ն որակները:

Հանձնաժողովի նախագահությունը:

Դուք քննադատաբար էիք մոտենում նաև ապրիլյան քննիչ հանձնաժողովի կազմին, բայց հյուրընկալվեցիք և վերջում ասացիք, որ բովանդակային քննարկում է եղել։ Այդ դեպքում ինչո՞ւ եկաք, չէ՞ որ նույն նախագահությունն էր հանձնաժողովում:

Ես ընդունեցի հրավերը, որ տարբեր մեկնաբանություններ չլինեն և չասեն, թե պատասխանատվությունից խուսափում է, վախենում է, բայց մասնակցելուց հետո էլ ասացի, որ եթե ես լինեի, քննիչ հանձնաժողով չէի կազմի: Այնպիսի խորությամբ, ինչպես այդ հարցերը ՊՆ-ում են քննարկվել, ավելի մանրամասն չէր կարող լինել: Նախարարությունը, շտաբը, մենք մեզ չենք խնայել, բացահայտել ենք բոլոր թերությունները, որ հետագա մարտավարական ծրագրերում փոփոխություններ անենք, արել ենք և այդ ուղղությամբ աշխատել ենք: Անկախ ամեն ինչից` քննիչ հանձնաժողովում ինձ համար նորություն չի եղել, գնացել եմ, քանի որ իրենք ցանկացել են ինչ-որ բան իմանալ, ես էլ պատասխանել եմ այդ հարցերին: Զավեշտալին այն է, որ քննիչ հանձնաժողովի ամբողջ նյութերը, որի համար հիմք են հանդիսացել նաև ՊՆ-ից ստացված եզրակացությունները, որոնք իմ ձեռքի տակով անցել են բազմիցս, տասից ավելի անգամ հետ եմ տվել, խմբագրել են, հիմա ուզում եմ այդ նյութերին ծանոթանալ, թույլ չեն տալիս, ասում են՝ գաղտնիության թույլտվություն չունես:

Այս պահին չկա՞ նման թույլտվություն:

Ոչ, շինծու քրեական գործի պատճառով:

Պարոն Օհանյան, ի՞նչ կանխատեսումներ ունեք, հանձնաժողովը վերջնարդյունքում ի՞նչ զեկույց կպատրաստի, մեղավորների շրջանակն ու՞ր կարող է հասնել:

Պատգամավորների առաջարկության տեքստը որ կարդում ենք հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության վերաբերյալ, այնպիսին չէ, որ սկսելու են քննել պետական կառավարման ապարատի ծառայողներին, իսկ այդտեղ խնդիրներն ավելի շատ են, քան մարտավարական օղակի գործողություններում:

Եթե Ձեզ հրավիրեն հանձնաժողով` ասելով, որ պատերազմի ժամանակ ինչ-որ կարգավիճակ եք ունեցել, ինչպե՞ս կարձագանքեք:

Առաջին հերթին պետք է հյուր կանչեն Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահին, ԱԽ քարտուղարին… բազմահազարանոց պետական ապարատ կա, բոլորին թող հյուր հրավիրեն: Հետևենք, տեսնենք ինչ աշխատանք է տանում հանձնաժողովը: Ես այն կարծիքին եմ, որ քննիչ հանձնաժողովը ոչինչ չի տալու՝ բացի այն, որ կշեղեն, կգցեն նախկինների վրա, կամ կարդարացնեն այս պատերազմում պարտությունը:

Աղբյուրը՝  hetq.am