Ինչպես արդեն գրել էի, չորեքշաբթի՝ փետրվարի 9-ին լրացավ Հայաստանի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Օրը նշանավորվեց երկու երկրների հարաբերություններին նվիրված գիտաժողովով, որի կապակցությամբ պիտի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին ու մասնակիցներին: Իսկ հիմա երբ կենացներն արդեն ավարտված պիտի համարել, փորձենք օրն ամփոփելով հասկանալ, թե 30-ամյակի կապակցությամբ ինչ ունեցանք:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որ ավելի վաղ տարբեր երկրների ղեկավարներին հղած ուղերձներով նրանց շնորհավորել էր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հավանաբար մոռացավ նման ուղերձ հղել նաև Իրանի նախագահին:
Իրանի նախագահն էլ, որ օրեր առաջ գրավոր ուղերձով ու հեռախոսազրույցով Ղազախստանի նախագահին շնորհավորել էր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի հետ հարաբերությունների վերահաստատման 30-ամյակի կապակցությամբ որևէ ակնարկ չունեցավ:
Իրանի ԱԳ նախարարը մի քանի օր առաջ այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց իր հայ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին: Ուղերձի ստացման մասին մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա ՀՀ ԱԳՆ կայքում: Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարարն էլ շնորհավորական ուղերձ հղեց իր իրանցի գործընկերոջը, որի մասին ինչպես կարելի է գուշակել փոխադարձության սկզբունքով որևէ անդրադարձ չկա Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Այս ընթացքում անցած երկուշաբթի օրը ԻԻՀ նախագահն ընդունեց Իրանում նորանշանակ դեսպանների հերթական խմբի հավատարմագրերը, իսկ Հայաստանի նորանշանակ դեսպանն էլի ներառված չէր հիշյալ խմբում: Ի դեպ, հիշեցնեմ որ Իրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արսեն Ավագյանը Թեհրան է ժամանել նոյեմբերի սկզբին ու իր հավատարմագրի պատճենն Իրանի ԱԳ նախարարին հանձնել է նոյեմբերի 22-ին: Երկուշաբթի օրը տեղի ունեցած արարողությանը մասնակից Պաղեստինի ու Կուբայի դեսպաններն ընդամենը մեկ օր էր ինչ իրենց հավատարմագրերի պատճենները հանձնել էին Իրանի ԱԳ նախարարին, իսկ մեր դեսպանին արդեն 2,5 ամիս է ինչ հերթ չի հասնում:
Հիշենք, որ խոսում ենք ոչ թե հեռավոր Աֆրիկայում գտնվող մի երկրի, այլ մեր ռազմավարական գործընկերներից մեկի հետ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների մասին, որը տարիներ շարունակ եղել է արտաքին աշխարհի հետ մեր շփման ամենավստահելի ու ապահով միջոցն ու պատուհանը: Իսկ այսօր՝ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին «նիսիայի հետևից ընկնելով կարծես նաղդն էլ ենք կորցնում»:
Հ.Գ.
Մեր դեսպանի հավատարմագրի հարցով հույսով եմ իմ լրագրող ընկերներից որևէ մեկը վաղը կառավարության նիստից հետո կփորձի հարց ուղղել ինչ-որ պաշտոնատար անձի: Թեև այս իշխանության ներկայացուցիչներից շիտակ խոսքի ակնկալիքը մեծ շռայլություն կարող է համարվել: