Միացյալ Նահանգները հայտարարել է, որ մոտ 3000 հավելյալ զորք կուղարկի Լեհաստան եւ Ռումինիա՝ ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական դաշնակիցների դիրքերն ամրապնդելու համար։ Ֆրանսիան հայտնել է, որ նախատեսում է նաեւ զորքեր ուղարկել Ռումինիա ՆԱՏՕ-ի ապագա առաքելության շրջանակում:
Կրեմլը հայտարարել է, որ ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի տեղակայումը Արեւելյան Եվրոպայում էսկալացիա է համարվում։
Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ իրականում նպատակը իրադրությունը կարգավորելն է։ «Չեմ կարծում, որ դուք կարող եք դա սադրանք անվանել՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի մեր պարտավորությունների»,- ասել է Լե Դրիանը ռումինացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրվում է հինգշաբթի օրը երրորդ անգամ այս շաբաթվա ընթացքում զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Երկու երկրների նախարարները Բուխարեստում ճգնաժամի շուրջ բանակցություններ են վարել Արեւելյան Եվրոպայից եւ Բալթյան երկրներից 9 նախարարների, այդ թվում՝ Լեհաստանի, Չեխիայի եւ Էստոնիայի, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ։
Նրանք երկուսն էլ հաստատել են, որ Եվրոպան պատրաստ է լայնամասշտաբ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե վերջինս հարձակվի Ուկրաինայի վրա։
ՆԱՏՕ-ն Ռումինիայում ունի բազմազգ ցամաքային ուժեր՝ մինչեւ 4000 զինծառայող։ ԱՄՆ եւս ունի զինծառայողներ, որոնք տեղակայված են Ռումինիայի եւ Բուլղարիայի առանձին բազաներում:
Ֆրանսիացի պաշտոնյաները նշում են, որ նպատակը կլինի առաքելության ստեղծումը Բալթյան երկրներում առաքելության նմանությամբ։
Փարիզն առաջարկել է ղեկավարել առաքելությունը, որը կարող է ներառել շուրջ 1000 զինծառայող տարբեր երկրներից:
Մանրամասները կքննարկվեն փետրվարի կեսերին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հաջորդ հանդիպման ժամանակ։