կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-31 16:16
Տնտեսական

2021թ․-ի վիճակագրությունը ևս աղքատացման մասին է

2021թ․-ի վիճակագրությունը ևս աղքատացման մասին է

Այսօր հրապարակվեցին 2021թ․ ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ նախնական ցուցանիշները (հղումը)։ Այսպիսով՝ ևս մեկ անգամ փաստվում է․

Հայաստանում շարունակում է նվազել կյանքի որակը, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները։

Փաստերը՝ թվերով (ցուցանիշները բերված են ստորև՝ աղյուսակում)․

1 Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ ¼-րդ մասը։ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է մոտ 21,7 տոկոսով։

Մասնավորապես՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է 68000 դրամ, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը՝ շուրջ 73400 դրամ։

2 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին չեն ավելացել նաև սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։

3 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։

Այսինքն՝ շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելացել նաև 2022թ․-ին։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակներն ավելացել են աննշան չափերով՝ միջինը 2-3 հազար դրամով։

4 Փոխարենը՝ միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների՝ 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի՝ մոտ 21,5 տոկոս աճ։ Իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսել է սպառողական գների մինչև 5,5 տոկոս աճ։

5 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով: Ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։

Նույնիսկ միջին աշխատավարձի ուռճացված աճի այս ցուցանիշը գրեթե 3 անգամ զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի աճին, սննդամթերքի միջին գնաճից պակաս է շուրջ 1,5 անգամ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների (ձու, ձեթ, բանջարեղեն, շաքար և այլն) միջին գնաճից՝ շուրջ 4 անգամ։ Այլ կերպ ասած՝ 2021թ․-ին ևս աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։

62021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրել, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ, 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության միջին մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվում են 2022թ․-ին։ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։

7 Փաստորեն, օրվա իշխանությունների կեղծ խոստումներն օր օրի բացահայտվում և փոխարինվում են ավելի մեծ ստերով։

 

Ցուցանիշներ

2020թ

2021թ

նվազագույն ամսական աշխատավարձ (դրամ)

68000

68000

բազային աշխատավարձ (դրամ)

66140

66140

միջին ամսական անվանական աշխատավարձ (դրամ)

192621

204048

սոցիալական նպաստ միջին չափ (դրամ)

31350

31350

սոցիալական նպաստի բազային չափ (դրամ)

18000

18000

նվազագույն կենսաթոշակի չափ (դրամ)

26500

26500

հիմնական կենսաթոշակի չափ (դրամ)

18000

18000

նվազագույն սպառողական զամբյուղի արժեք (դրամ)՝ ըստ ՀՀ ԱՆ ցուցանիշների

60305

73400

սպառողական գների ինդեքս՝ նախորդ տարվա համեմատ (%)

104․5

107.2

 

 

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ