կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-17 11:38
Տնտեսական

Պաշտոնական վիճակագրությունը վստահություն չի ներշնչում

Պաշտոնական վիճակագրությունը վստահություն չի ներշնչում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակեց հերթական «100 փաստը Նոր Հայաստանի մասին»:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ սոցիալական աջակցության ծրագրերից բացի, վարչապետն այստեղ ներառել էր փաստեր տնտեսական ձեռքբերումների մասին. Ներկայացնենք մի քանիսը՝


– 2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 22.3%՝ նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 1.38 տոկոսային կետով, ինչն այդ հավասար պայմաններում համարժեք է 90.7 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը:

– 1000 խոշոր հարկ վճարողները 2020թ. հունվար-մարտ ամիսներին վճարել են 246 մլրդ դրամ, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել է 11,3%-ով:

– Այս տարվա առաջին եռամսյակում բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով:

– 2019 թվականի ընթացքում զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է 7497 աշխատանք փնտրող, որից 4600 շահառու տեղավորվել է մշտական աշխատանքի:

«Կարևոր է արձանագրել, որ, երբ տվյալները նայում էինք՝ անգամ ճգնաժամի պիկին՝ ապրիլի 20-ի դրությամբ, Հայաստանում ավելի շատ գրանցված աշխատատեղ կար, քան դա եղել է 2017-ին, 2018-ին, և այլն»,- նշել էր գործադիրի ղեկավարը:


– 2018 թվականի մայիսի դրությամբ դիզելային վառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թվականի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38 տոկոսով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով՝ մինչև 280 դրամ:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, սակայն, թերահավատորեն է մոտենում վարչապետի ներկայացրած 100 փաստերում տեղ գտած թվերին, հնչեցվող պաշտոնական այլ ցուցանիշներին ևս.

«Ոչ միայն գերակատարումը տվյալ բյուջեի՝ ընդհանրապես, թե՛ տնտեսական աճի ցուցանիշներ, թե՛ այլ ցուցանիշներ վիճակագրական, ոչ մեկն ինձ մոտ վստահություն չի ներշնչում: Հաշվում են ինչ-որ հատուկ մոտեցումներով, որի պարագայում ստանան թիվ, որն ավելի ցանկալի է բարձրաձայնելու համար. Ինչը որ անում են: Եթե մի տեղ էլ թվացյալ՝ իբրև թե գերազանցում լինի՝ ամենակարևորն այն է, որ որակական փոփոխություն գրեթե ոչ մի տեղ գոյություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Բոստանջյանը:

Մեկնաբանելով դիզվառելիքի շուկայում փոփոխությունների և բենզինի գների նվազման մասին վարչապետի ներկայացրած փաստը՝ տնտեսագետը մի օրինակ բերեց.

«Հիմա, ենթադրենք՝ Մարսի վրա եղանակները բավականաչափ լավ են. գիտե՞ք՝ ինչքան մեծ նշանակություն ունի մեր հեղափոխությունը և նման բաներ…»:

1000 խոշոր հարկ վճարողների 2020թ. հունվար-մարտ ամիսներին վճարումների փաստին անդրադառնալով՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նշվող ամիսների համար հարկերի վճարումը վերաբերում է դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին աշխատած գումարներին.

«Դեկտեմբերի հարկը վճարվել է հունվարին, հունվարինը՝ փետրվարին, փետրվարինը՝ մարտին: Մարտ ամսվա հարկերը վճարվելու են ապրիլին. այդ թիվը դեռ չկա: Բացի այդ՝ հիշեցնեմ, որ նույն ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ այս տարվա առաջին եռամսյակի մասով իրենք ունենալու են թերակատարումներ՝ տարբեր պատճառներից ելնելով, առաջին հերթին՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ավտոմեքենաների աննախադեպ ներկրումը չկա, բացի այդ՝ համաշխարհային շուկայում մետաղների գներն են նվազել, և այլն»:

Պատկերն ամբողջացնելու համար Ս. Պարսյանը հիշեցրեց նաև Ֆինանսների նախարարության կանխատեսումը, ըստ որի՝ այս տարի կարձանագրվի -2 % անկում, և վերջինով պայմանավորված՝ կթերհավաքագրվի շուրջ 169 միլիարդ դրամի չափով գումար.

«Այս պատճառով Կառավարությունն Ազգային ժողով բերեց լրացուցիչ պարտքի պայմանագիր, և Հայաստանը լրացուցիչ 150 միլիարդ դրամի չափով պարտք վերցրեց:

Այսինքն՝ պարոն վարչապետը չպետք է առաջին-երկրորդ ամիսների հիման վրա նման լավատեսական կանխատեսումներ իրականացնի՝ հաշվի առնելով, որ Կառավարությունն այս տարի լրացուցիչ պարտք է վերցնում, կանխատեսվում է անկում, և այլն:

Պետք է հանրությանը, բիզնեսին ճիշտ ազդակներ փոխանցել, որ նրանք իրենց քաղաքականությունը ևս վերանայեն, իրենց առաջնահերթությունները ճշգրտեն»:

Տնտեսագետը շեշտեց, որ մոտակա 1 տարին լինելու է ճգնաժամային, և Կառավարությունը պետք է իր բյուջետային քաղաքականությունը վերանայի՝ կրճատելով անօգուտ ծախսերը.

«Մենք ուղղակի PR-տնտեսական քաղաքականության, կամ PR-սոցիալական քաղաքականության անհրաժեշտությունը չունենք, որովհետև դրա էֆեկտը շատ փոքր է, և հնարավոր է, որ հետագայում այն մարդիկ, ովքեր օգտվել են այդ «PR ակցիաներից», ավելի լուրջ խնդիրներ ունենան:

Հնարավոր է՝ այս տարվա երկրորդ-երրորդ եռամսյակի ընթացքում մենք խնդիր ունենանք աշխատավարձերի վճարման, կենսաթոշակների մասով»:

Արդյո՞ք հակաճգնաժամային ծրագրերն էլ եք համարում «PR ակցիաներ»՝ հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Հակաճգնաժամային միջոցառումների տնտեսական արդյունավետությունը և սոցիալական հասցեականությունը շատ ցածր են. այս ծրագրերում Կառավարությանն ավելի շատ հետաքրքրում է իր վարկանիշի անկումը, քան մարդկանց սոցիալական կենսամակարդակի բարձրացումը:

Բացի այդ, նույն վիճակագրության համաձայն՝ ստացվում է, որ ապրիլ-մայիս ամիսներին մենք ունեցել ենք միջին անվանական աշխատավարձի աճ, գրանցվել են լրացուցիչ աշխատատեղեր. այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ւմ էին ուղղված այդ աջակցության ծրագրերը, եթե ամեն ինչ այդքան լավ է, ո՞ւմ էին օգնում նրանք, Կառավարությունն ո՞ւմ էր աջակցում»:

Պաշտոնական վիճակագրությունը վստահություն չի ներշնչում նաև Սուրեն Պարսյանին.

«Համաշխարհային ֆինանսատնտեսական այս ճգնաժամի պայմաններում բոլոր երկրներում գրանցվում է գործազրկության թվի աճ, միջին աշխատավարձերի անկում, և այլն, բայց Հայաստանում հրաշքով հակառակ երևույթներն են տեղի ունենում, բայց Կառավարությունը, ամեն դեպքում, իրականացնում է որոշակի սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրեր»: