Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 3-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր հետևյալը. «Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ: Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ» (հայտարարության պատճենը՝ ստորև):
Նախորդիվ փաստել էինք, որ, Արցախի պաշտոնական վարչական բաժանմամբ, գոյություն չունեն նախկին Սովետական Ադրբեջանի Ֆիզուլու և Զանգելանի շրջանները. դրանցից առաջինը Հադրութի շրջանի Վարանդա, երկրորդը՝ Քաշաթաղի շրջանի Կովսական բնակավայրերն են՝ պատմական Հայաստանի Արցախի և Սյունիքի գավառները։
Պաշտոնական հաղորդագրության մեջ գործածելով ադրբեջանական աշխարհագրական տերմինները՝ Փաշինյանի իշխանությունը հավելյալ անգամ փաստում էր, որ Արցախի Հանրապետության տարածքները հանձնվել են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածությունների արդյունքում, և ՀՀ ներկայիս կառավարությունն արդեն չի էլ ընդունում Արցախի Սահմանադրությամբ ամրագրված, հայ ժողովրդի արյամբ ներկված տարածքների գոյությունն ու ապագայում դրանց ազատագրման անհրաժեշտությունը։
Ինչևէ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ՀՀ պաշտպանության նախարարության անուններով միաժամանակ երկու դիմում-նամակներով խնդրել էինք մեր լրատվամիջոցին փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի այն քարտեզների կրկնօրինակները, որոնք փոխանցվել են Ադրբեջանին: Անգամ նշել էինք, որ էլեկտրոնային եղանակով տեխնիկապես փոխանցման անհնարինության պարագայում պատրաստ ենք անձամբ ներկայանալ և ստանալ դրանք, իսկ մեր հեռախոսահամարները մշտապես հասանելի են:
Նշյալ գրություններն ուղարկել էինք 2021 թ. հուլիսի 22-ին (լուսապատճենները՝ ստորև): Անցել է ուղիղ 6 ամիս, և նշված պետական օղակներից որևէ պատասխան չկա, իսկ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում (որի միջոցով ուղարկել ենք գրությունները) նշված է, որ մեր դիմում-նամակները դեռ ընթացքում են (լուսապատճենները՝ ստորև): Պարզորոշ է՝ սեփական դավադիր ընթացքին գերի դարձած իշխանությունները դեռ չեն կողմնորոշվում, թե ինչպես մերժեն, որ հերթական անգամ խայտառակ չլինեն և ջրի երես չհանեն այն աքսիոմատիկ ճշմարտությունը, որ իրենք ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ թշնամի Ադրբեջանի շահերին ծառայող պարզ խմբավորում:
Իրականում, Փաշինյանի իշխանության կամ, վերջին հայտարարությամբ բնորոշված, «ստրկապետության»՝ մեր հարցումներին անպատասխան թողնելը նշանակում է տալ հետևյալ «պատասխանը». «Դրանք պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր և նյութեր են, որոնք իրավունք ունի ունենալու միայն Ադրբեջանը»:
Այո՛, Արցախի Հանրապետության Հադրութի և Քաշաթաղի շրջանների որոշ բնակավայրերի ականապատ դաշտերի քարտեզներն իրավունք ունի ունենալու հայ ժողովրդին սեփական բնօրրանում ոչնչացնելու գործին լծված թշնամի Ադրբեջանը (հետևաբար նաև՝ ցեղասպան Թուրքիան), բայց հայկական լրատվամիջոցը՝ ոչ:
Իսկ պետական գաղտնիք պարունակող կարևորագույն քարտեզները թշնամուն հանձնելը, բնականաբար, պետական դավաճանություն է, որի համար դատվելու են բոլոր նրանք, ովքեր մասնակից են դրան։
Վ. Սարգսյան