Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով վճիռ է կայացրել այն մասին, որ 2008թ. մարտի 1-ից հետո խախտվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները, մասնավորապես՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու՝ պետության պարտավորությունը։
Դատարանի վճռում, սակայն, ուշագրավ փաստ է նշվում․ կառավարությունը չի տրամադրել որևէ տեղեկություն Նիկոլ Փաշինյանի՝ այդ օրերին կատարված գործողությունների վերաբերյալ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հոգին փառավորվում է, որ տեսնում է, թե ինչպես են ոստիկանների ձեռքից մահակներ խլում, ոգևորվում էին, որ թալանվել են խանութներ և այլ:
Ինչո՞ւ կառավարությունը ՄԻԵԴ-ին պատասխանելու իրավունքից չի օգտվել և գոնե այս տեղեկությունները չի նշել։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, որ պետությունն իր պարտավորությունը չի կատարել, բայց վճռին ծանոթանալով տեսնում ենք, որ Կառավարությունն, այն է՝ ՀՀ պետության ներկայացուցիչը, անգամ այդ հրապարակային փաստերը չի ներկայացրել։ Պատճառն այն է, որ ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությանը հարցադրումներ է ուղարկել 2019 թվականի փետրվարին, այն ժամանակ երբ ՀՀ ղեկավարն արդեն Նիկոլ Փաշինյանն էր, իսկ Հայաստանի Կառավարության ներկայացուցիչ նշանակվել է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, որն էլ փաստացի ոչ մի առարկություն կամ, ինչպես տեղեկանում ենք վճռի տեքստից, նույնիսկ դիրքորոշում չի ներկայացրել: Այլ կերպ ասած՝ Եվրոպական դատարանը կայացրել է վճիռ՝ հաշվի առնելով բացառապես դիմող, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները:
Հիշեցնենք, որ նշված հանգամանքը, որ կառավարությունը չի առարկել կամ դիրքորոշում չի հայտնել, ուղիղ գրված է Եվրոպական դատարանի վճռում: Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը ոչ թե պետության շահն է պաշտպանել՝ ներկայացնելով ամբողջ եղելությունը և ունեցած փաստերը, այլ Նիկոլ Փաշինյանի, որը, ի դեպ, պատիժ է կրել մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, և մինչեւ օրս դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է։
Զարմանալի է նաև, որ Եվրոպական դատարանը համարել է, որ կալանավորումը, որը կիրառվել էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, խախտել է նրա իրավունքը, քանի որ եղել է «անժամկետ»․ մինչդեռ, այդպիսինն է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պրակտիկան, այլ դա Քրեական դատավարության օրենսգրքի՝ դեռևս 01.07.1998 թվականին ընդունված կարգավորումն է, ըստ որի դատական քննության փուլում գործում է «անժամկետ» կալանավորումը: Այդ պրակտիկան իրացվում է նաև հենց այս իշխանությունների օրոք, քանի որ այդ կարգավորումը չի վերացվել: Հատկանշական է նաև, որ ՄԻԵԴ-ը չի նշում, թե խախտվել է արդար դատաքննության իրավունքը: Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման վերաբերյալ մեկնաբանություն և գնահատականներ ստանալու համար դիմեցինք միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանին։
NEWS.am–ի հարցին, թե պետությունը, որպես պատասխանող կողմ հանդես գալով, կարո՞ղ էր հրաժարվել որևէ գործով դիրքորոշում հայտնելուց՝ փաստաբանը պատասխանեց՝ որպես կանոն կառավարությունը դա չի անում։
«Իմ երկարամյա պրակտիկայի ընթացքում երբևէ չի եղել, որ կառավարությունը չներկայացնի նկատառումներ, դա շատ կարևոր փուլ է համարվում։ Բայց այստեղ կառավարությունը ձեռնպահ է մնացել, և երկու կերպ կարելի է մեկնաբանել, թե ինչու։ Գուցե կառավարությունը չի ցանկացել տպավորություն թողնել, որ իր ներկայացրած նկատառումները կարող են համարվել սուբյեկտիվ, և այդ պատճառով թողել է փաստերի շարադրանքն այնպես, ինչպես ներկայացվել է ի սզբանե։ Կամ էլ գուցե կառավարությունը չի ցանկացել օբյեկտիվ կանխակալության վիճակում հայտնվել։ Ի տարբերություն սուբյեկտիվ կանխակալության, կա իրավիճակ, երբ անձն իր կամքին հակառակ հայտնվում է այնպիսի իրավիճակում, որ կարող է տպավորություն թողնել, թե նա չի կարող լինել անաչառ։ Գուցե դա է եղել պատճառը, որ կառավարությունը ձեռնպահ է մնացել նկատառումներ ներկայացնելուց, որովհետև սա ստանդարտ իրավիճակ չէ, բացառություն է։ Եվ արդյունքը մենք տեսնում ենք», – ասաց փաստաբանը։
Հարցին՝ արդյոք չի ստացվում, որ պետության շահերն այս դեպքում մնացել են անպաշտպան՝ Արա Ղազարյանը պատասխանեց, որ ի սկզբանե առաջնային է համարվում ներկայացված նախնական դիմումը, փաստերի շարադրանքը։
«Հետո արդեն ՄԻԵԴ-ը, երկրորդ փուլում ստանալով կողմերի հավելյալ փաստարկները և կատարելով սեփական քննությունը, շարադրում է փաստերը և վերլուծություններ կատարում։ Այսինքն պետք է մտածել, որ առավելապես ՄԻԵԴ-ը հիմնվել է առաջին դիմումում ներկայացված փաստերի շարադրանքի վրա, ինչպես նաև հաշվի առնենք, որ մինչ այս արդեն բազմաթիվ որոշումներ են կայացվել։ Հենց թեկուզ մարտի 1-ի առավոտյան 06։30-11։00–ը Օպերայի հրապարակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Որոշում են կայացրել նաև 11։00-ից մինչեւ երեկո ընկած դեպքերի մասով, և կարող է օգտվել իր նախկին որոշումներից։ Տեր-Պետրոսյանի գործով նույնպես որոշում էր կայացվել, բայց նրա դեպքում չէր հաստատվել տնային կալանքի տակ գտնվելու փաստը։ Իսկ այստեղ կարծես թե նման բան է ասվում։ Այստեղ խնդիրն այն չէ, որ պետությունը մնացել է առանց պաշտպանության։ Խնդիրն այն է, որ երբ սկսվեցին առաջին գործերի վերաբերյալ որոշումներ կայացնել, այդ թվում նաև «Հայկական ժամանակի» գործերով, իրավաբանները մտածում են, որ այստեղ տեղի է ունենում դերերի համատեղում։ Այսինքն՝ դիմումատուն և պատասխանողը համատեղվում են մեկ անձի մեջ։ Այդ անձը տվյալ դեպքում կառավարությունն է, որը ներկայանում է որպես դատավարության կողմ։ Եվ որոշ իրավաբաններ կարծիք էին հայտնում, որ միգուցե Նիկոլ Փաշինանը հետ վերցնի դիմումները վարչապետ դառնալուց հետո, որպեսզի օբյեկտիվ կանխակալության վերաբերյալ որևէ ենթադրություններ չհնչեն։ Բայց դա տեղի չունեցավ, և արդյունքում մենք ունենք այս վճիռները»,– ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ եթե կառավարությունը ներկայացներ առարկություններ, չի բացառվում, որ գործն այլ ընթացք ունենար։
«Ես գործեր գիտեմ, որ կառավարությունը երկրորդ փուլում այնպիսի փաստարկներ է ներկայացրել, որ գործը հանվել է ցանկից, այսինքն կարճվել է։ Ես չեմ ասում, որ այս գործով դա տեղի կունենար, բայց նման դեպքեր հաճախ են տեղի ունեցել»,– ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը կարող էր նաեւ նշել, որ տվյալ դեպքում տուժող կողմը հիմա նաև հանդիսանում է պատասխանող կողմ. «Իհարկե դժվար է ասել, թե ինչ որոշում կկայացվեր, բայց կառավարությունը կաշկանդված չէր ներկայացնել նկատառումներ։ Միևնույն ժամանակ, ընթացակարգերը չեն արգելում, որ կառավարութունը չներկայացնի»։
Փաստաբանի կարծիքով՝ ճիշտ կլիներ, եթե կառավարության ղեկավարը նշանակումից հետո գանգատը հետ վերցներ ՄԻԵԴ–ից։
Աղբյուրը՝ NEWS.am