Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2022 թվականի հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց վճիռը, Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով, կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով Փաշինյանի ազատազրկման իրավաչափության հետ: Չանդրադառնալով վճռի բովանդակային կողմին՝ ուշագրավն այն է, որ վճռում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկել Փաշինյանի կողմից ներկայացված ո՛չ փաստական հանգամանքները, և ո՛չ էլ իրավական փաստարկները: Սա, իհարկե, կանխատեսելի էր՝ հաշվի առնելով, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում իշխանության է եկել այդ նույն գանգատարկուն, այսինքն՝ այս գործով թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը, փաստացի, նույն անձն են:
Արդյունքում, Ստրասբուրգի դատարանում խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ Հայաստանն առհասարակ չի իրացրել դատական պաշտպանության իր իրավունքը, պասիվ վարքագիծ է դրսևորել գործի քննության ողջ ընթացքում, չի առարկել գանգատ բերողի փաստարկներին, չի ներկայացրել ամբողջական, անհրաժեշտ և բավարար ապացույցների բազա՝ զրկելով Եվրոպական դատարանին գործն իրականում քննելու, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու և դեպքերի իրական և ամբողջական պատկերը բացահայտելու հնարավորությունից:
Ընդ որում, այս ողջ գործընթացը խախտում է թե՛ Եվրոպական կոնվենցիայի էությունը, և թե՛ Ստրասբուրգի դատարանի կանոնակարգերով սահմանված դրույթները: Մասնվորապես, Հայաստանի ներկայացուցիչը պարտավոր էր համագործակցել Դատարանի հետ՝ չսահմանափակվելով ձևական մասնակցությամբ և զրո իրական պաշտպանությամբ և այլն:
Այսինքն, օգտագործելով նույն «ջութակը»՝ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո խաղացել է դատավարության երկու կողմերում՝ բեմադրելով դատավարության ընթացքը: Մինչդեռ, առնվազն 2018 թվականի մայիսից Փաշինյանն այլևս չէր կարող հանդիսանալ տուժող: Գալով իշխանության՝ Փաշինյանը պարտավոր էր բարեխիղճ գտնվել և տեղեկացնել Եվրոպական դատարանին, որ այլևս չի կարող տուժող հանդիսանալ այս գործով, ինչպես նաև հետ վերցնել իր գանգատը Դատարանից:
Նման պրակտիկան Եվրոպական դատարանի համար աննախադեպ է, քանի որ վերջինս ուղղակիորեն չարաշահվել է ֆիկտիվ իրավական վեճի շրջանակներում:
Սարգիս Գրիգորյան
GPartners իրավաբանական գրասենյակ