կարևոր
5500 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-12 16:06
Հասարակություն

Հովանավոր պետությունների դերը ներկայիս աշխարհակարգում. ունի՞ արդյոք Հայաստանը աշխարհաքաղաքական հովանավոր

Հովանավոր պետությունների դերը ներկայիս աշխարհակարգում. ունի՞ արդյոք Հայաստանը աշխարհաքաղաքական հովանավոր

Համաշխարհային պատմության ընթացքի հետ աշխարհակարգի ձևավորման, զարգացման և փոփոխման գործընթացները հասկանալու և վերլուծելու համար անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել միջազգային հարաբերությունների համակարգերի վրա, որոնց հաջորդափոխման արդյունքում աշխարհին «խաղի նոր կանոններ» են թելադրվում։ Այդ համակարգերի փոփոխությունը կարելի է խմբավորել հետևյալ կերպ. բազմաբևեռ աշխարհից անցումը երկբևեռի, երկբևեռից՝ միաբևեռ աշխարհի և միաբևեռից անցումը նոր աշխարհակարգի։ Ըստ այդմ՝ բազմաբևեռ աշխարհակարգի մեջ կարելի է ներառել միջազգային հարաբերությունների հետևյալ համակարգերը՝ Վեստֆալյան, Վիեննայի և Վերսալ-Վաշինգտոնյան, որոնցից առաջին երկուսն ունեին եվրոպակենտրոն բնույթ։ Երկբևեռ աշխարհակարգի հիմքերը դրվեցին միջազգային հարաբերությունների Յալթա-Պոտսդամյան համակարգի ժամանակ։ Իսկ միաբևեռ և նոր աշխարհակարգերը ձևավորվեցին և միմյանց հաջորդեցին Սառը պատերազմի ավարտից հետո։

Ներկայիս միջազգային հարաբերությունների համակարգը լավ հասկանալու համար նախ անհրաժեշտ է կարճ անդրադառնալ նախկին գործող աշխարհակարգերին։ Ընդհանրապես, աշխարհակարգը հարաբերությունների որոշակի համակարգ է, որը սահմանում ու կարգավորում է երկրների միջև հարաբերությունները։ Աշխարհակարգերը սկսել են ձևավորվել 16-րդ դարում, երբ Եվրոպայում աստիճանաբար զարգանում էին «գերտերությունների» և գաղութատիրական երկրների համակարգերը : Այդ շրջանը համընկնում է միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգի գոյության հետ, որը ձևավորվել է համաեվրոպական 30-ամյա պատերազմին հաջորդած 1648 թ. Վեստֆալյան հաշտության արդյունքում և ընդգրկում է մինչև 1815 թ. ընկած ժամանակահատվածը։

Միջազգային հարաբերությունների հաջորդ համակարգը սկսվեց ձևավորվել Ֆրասիական հեղափոխությանը հաջորդած նապոլեոնյան պատերազմներից հետո, որոնք ավարտվեցին Ֆրանսիայի պարտությամբ։

Վիեննայի վեհաժողովը 1814 թ. ամփոփեց արդյունքները և վերականգնեց Նապոլեոնի կողմից խախտված ազգային ինքնիշխանության սկզբունքը։ Ձևավորվեց միջազգային հարաբերությունների նոր համակարգ՝ հայտնի որպես «Վիեննայի համակարգ» կամ «Եվրոպական համերգ» :

Սակայն շուտով ուժերի հավասարակշռությունը խախտվեց, և «Եվրոպական համերգում» ի հայտ եկավ առաջնորդ, որը ստիպեց մյուսներին միավորվել ինքնապաշտպանության նպատակով։ Գերմանիան հավակնում էր ոչ միայն իր տնտեսական ազդեցությունը տարածելու, այլ նաև քաղաքականը, ինչը ստիպեց Ֆրասիային, Ռուսաստանին, Բրիտանիային դաշինք կազմել Գերմանիայի դեմ՝ նույնիսկ հրավիրելով օվկիանոսի այն կողմում գտնվող «հսկային»՝ ԱՄՆ-ին։ Ուժերի հավասարակշռության խախտումն էլ հանգեցրեց համակարգի փլուզմանը : Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը պաշտոնապես ազդարարվեց Վերսալ-Վաշինգտոնյան պայմանագրերի կնքմամբ, որոնց հիմքի վրա էլ ձևավորվեց միջազգային հարաբերությունների նոր՝ Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը։ Վերսալյան պայմանագիրը ստորագրվել է Փարիզում 1919-1920 թթ.։ Պայմանագիրը վավերացրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, սակայն ԱՄՆ-ն այդպես էլ այն չի վավերացրել։ Վերսալյան խաղաղության պայմանագիրը կնքվեց հօգուտ հաղթած պետությունների :

ԱՄՆ-ն չցանկացավ վավերացնել Վերսալյան պայմանագիրը, որի արդյունքում հրաժարվեց Ազգերի լիգայում իր մասնակցությունից։ Պատճառը բոլշևիկների կողմից հրապարակված Անտանտի երկրների միջև ստորագրված գաղտնի փաստաթղթերն էին, որոնց գոյության մասին Վ. Վիլսոնը ոչինչ չգիտեր։ Սրա հետևանքով ԱՄՆ-ն նոր համաժողով հրավիրեց՝ Վաշինգտոնյան համաժողովը։ Այսպիսով` ստեղծվեց միջազգային հարաբերությունների նոր համակարգ՝ Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը։ Անցումը բազմաբևեռ աշխարհակարգից երկբևեռի տեղի է ունեցել Յալթայում և Պոտսդամում 1945 թ. տեղի ունեցած համաժողովների ընթացքում, որոնք էլ հայտնի են միջազգային հարաբերությունների Յալթա-Պոտսդամյան համակարգ անվանումով։ Այդ համաժողովներից հետո պարզ դարձավ, որ բազմաբևեռ աշխարհի ռազմական ուժի, տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական համադրելիությունը դադարել էր գոյություն ունենալ։ Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո տնտեսապես համեմատաբար հզոր դուրս եկան : «Սառը պատերազմի» շրջանում պարբերաբար մեծանում էր երկու գերտերությունների միջև լարվածությունը, սակայն հաջողվում էր խուսափել ռազմական բախումից, քանի որ լուռ համաձայնությամբ աշխարհը գրեթե ամբողջությամբ բաժանվել էր ԽՍՀՄ և ԱՄՆ ազդեցության գոտիների, և այդ բաժանման սահմանները որևէ մեկը չէր խախտում։ ԽՍՀՄ փլուզումով մեկնարկեց ազդեցության գոտիների վերաբաժանման մի նոր գործընթաց, ինչը ստեղծեց միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրավիճակ մի շարք տարածաշրջաններում։ Այս շրջանում շատ ամերիկյան քաղաքագետներ հետևողականորեն փորձում էին ձևավորել միաբևեռ աշխարհակարգի հայեցակարգը՝ հիմնավորելով Միացյալ Նահանգների նոր դերակատարությունը միջազգային հարաբերություններում։

Այսպիսով՝ եթե Վեստֆալյան և Վիեննայի միջազգային համակարգերը աչքի էին ընկնում իրենց «եվրոպակենտրոնությամբ», ապա Վերսալ-Վաշինգտոնյան միջազգային համակարգը, որում իր ուրույն տեղը գրավեց ԱՄՆ-ը, փաստացիորեն դարձավ բազմաբևեռ վերջին աշխարհակարգը, որին հաջորդելու եկավ Յալթա-Պոտսդամյան միջազգային երկբևեռ համակարգը՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի գերակայությամբ։ ԽՍՀՄ փլուզումից և Սառը պատերազմի ավարտից հետո գլոբալ գերտերության կարգավիճակը պահպանեց միայն Միացյալ Նահանգները ։

Այդուհանդերձ միաբևեռ աշխարհակարգը երկար չգոյատևեց։ Ի հայտ եկան նոր գերտերություններ՝ որպես ԱՄՆ հիմնական հակառակորդներ։ Այս անգամ նոր գերտերություններ ի հայտ եկան ոչ միայն արևմտյան, այլ արևելյան ճակատում նույնպես, հանձինս՝ Չինաստանի, ինչպես նաև Ռուսաստանի՝ փլուզված ԽՍՀՄ-ի հիմքերի վրա։ Հենց այս երեք գերտերություններն էլ ներկայում բազմաթիվ երկրների համար հովանավոր պետություններ են։

Գերտերությունների գերակայությամբ ձևավորված աշխարհակարգերի պայմաններում փոքր երկրների համար բավական բարդ է սեփական աշխարհաքաղաքական շահերի սպասարկումը, և վերջիններս հաճախ փնտրում են հովանի՝ մեծ պետությունների հետ դաշինքներ կազմելով կամ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին միանալով ։ Փոքր պետությունները սա անում են իրենց տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրները մեղմելու համար։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ փոքր պետություններին անհրաժեշտ է դիվանագիտական, ռազմական, տնտեսական և վարչական աջակցություն այս ավելի մեծ միավորումներից կամ պետություններից։ Այս ամենը ձեռք բերելու համար փոքր պետությունները առավել հաճախ են պատրաստ զիջելու իրենց ինքնիշխանության մի մասը, քան մեծ պետությունները: Դա պայմանավորված է նրանով, որ փոքր պետություններում գոյատևման և բարգավաճման հեռանկարները սերտորեն կապված են նման մեծ պետություններից ստացվող աջակցությունից ։

Այդուհանդերձ այդ աջակցությունն ու դաշինքները ոչ միայն անհրաժեշտ են փոքր պետություններին, այլև տարածաշրջանային մակարդակով խոշոր ազդեցություն ունեցող պետություններին։ Այնուամենայնիվ, կախված պետության ազդեցության աստիճանից, ինքնիշխանության զիջման մակարդակները տարբերվում են։

Ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներին հետևելով՝ ակնհայտ է դառնում, որ գրեթե ոչ մի երկիր չկա, որը չունենա, այսպես կոչված, հովանավոր կամ պաշտպան երկիր, որը կապահովի տվյալ պետության տնտեսական և քաղաքական համակարգի անձեռնմխելիությունը կամ ֆիզիկական անվտանգությունը։ Օրինակ՝ ինչպես պետք է Իսրայելը ապահովեր իր անվտանգությունը, եթե չլիներ Միացյալ Նահանգների շարունակական աջակությունը, կամ ինչ կլիներ Բելառուսի հետ առանց ռուսական աջակցության՝ որպես միութենական պետություն, կամ ինչ կլիներ Հյուսիսային Կորեայի հետ առանց Չինաստանի աջակցության։ Իհարկե, սա չի նշանակում, որ Իսրայելը կամ Հյուսիսային Կորեան կդադարեին գոյություն ունենալ, բայց նրանք չէին ունենա այնպիսի ազդեցություն իրենց տարածաշրջանների անվտանգության վրա, ինչպիսին այժմ ունեն։

Հարկ է նշել, որ այնպիսի հզոր գերտերություններ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, նույնպես գտնվում են Միացյալ Նահանգների հովանու ներքո, քանի որ երկուսն էլ մի անվտանգային կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ են, որի ղեկին գտնվում է ԱՄՆ-ը։ Ավելի լայն տեսանկյունից մենք կարող ենք տեսնել, որ նույնիսկ չեզոք երկրները, ինչպիսիք են Ավստրիան և Շվեյցարիան, մեծ մասամբ գտնվում են ՆԱՏՕ-ի և համաեվրոպական անվտանգության համակարգի հովանու ներքո, որն իր հերթին ապահովվում է Միացյալ Նահանգների կողմից: Միաժամանակ կան որոշակի պետություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Իրանը կամ Թուրքիան, որոնք քիչ թե շատ անկախ են գործում։ Բայց միևնույնն է, նրանք բոլորն էլ իրենց տեղն ունեն բարձրագույն լիգայի հիմնական խաղացողների կողմից ստեղծված և պահպանվող ընդհանուր անվտանգության համակարգում:

Այսինքն՝ աշխարհի բոլոր պետություններն ունեն իրենց «մեծ եղբայրը»։ Հետաքրքիրն այն է, որ Իրանը, Հնդկաստանը, Թուրքիան և որոշ նման այլ երկրներ «մեծ եղբայրների» ակումբում չեն, բայց նրանք իրենց հերթին ունեն իրենց հովանու ներքո գտնվող երկրները, որոնք շարունակում են գտնվել միջազգային հարաբերությունների ընդհանուր համակարգում։

Եվ իհարկե, Հարավային Կովկասն էլ բացառություն չէ։ ԱՄՆ-ը կարելի է համարել Վրաստանի «մեծ եղբայրը», Ադրբեջանինը` իհարկե, Թուրքիան է, բայց Ադրբեջանն ամեն ինչ անում է նաև Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար՝ փորձելով միաժամանակ երկու «մեծ եղբայր» ունենալ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2018 թ. հեղափոխությունից հետո և հատկապես 2020 թ. պատերազմից հետո անհայտ է՝ ունի՞ արդյոք Հայաստանը «մեծ եղբայր», թե՞ փնտրում է մեկին։

Վերակողմնորոշումը դեպի Միացյալ Նահանգներ և Եվրոպա, ինչպես նաև Ռուսաստանի հետ առկա լարվածությունը ապացույցն են նրա, որ Հայաստանը չի կարող գտնել իր տեղը այն միջավայրում, որտեղ հայտնվել է։ Երևանը, կարծես, հայտնվել է երկընտրանքի առջև։ Բացարձակապես կարևոր չէ, թե ով է պատասխանատու հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների այս սահմանագծին հասնելու համար։ Փաստն այն է, որ Հայաստանը չունի աշխարհաքաղաքական հովանավոր, որը կապահովի նրան անվտանգության երաշխիքներով։ Իհարկե, այս վակուումը երկար շարունակվել չի կարող, և Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, կամ, որ ավելի վատ է, Հայաստանին կպարտադրվի արդեն իսկ կայացված որոշում, որից Երևանը չի կարողանա խուսափել։ Եվ դարձյալ այդ որոշումը ընդունելը շատ ցավոտ կլինի։ Հայաստանի միակ շանսը հնարավորինս արագ կողմնորոշվելն ու հստակ քայլեր ձեռնարկելն է դեպի որևէ աշխարհաքաղաքական կենտրոն՝ լինի դա Վաշինգտոնը, Մոսկվան, թե Պեկինը, որպեսզի խուսափի ամբողջական փլուզումից։

Ամերկյան հետազոտությունների հայկական կենտրոն

«Դրօշակ» թիվ 3, 2024թ.