կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 22:44
Աշխարհ

ԱՄՆ-ում COVID-19-ով երեխաների հոսպիտալացումների թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է գրեթե 50 տոկոսով

ԱՄՆ-ում COVID-19-ով երեխաների հոսպիտալացումների թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է գրեթե 50 տոկոսով

Կորոնավիրուսային վարակով երեխաների հոսպիտալացման դեպքերը Միացյալ Նահանգներում անցած շաբաթվա ընթացքում նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 48.2 տոկոսով եւ կազմել օրական միջինը 305 մարդ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալները։

Ինչպես պարզաբանել են փորձագետները, նման կտրուկ աճը, որը ընդամենը 10.7 տոկոսով է ցածր օգոստոսի վերջի-սեպտեմբերի սկզբի ռեկորդային բարձր ցուցանիշներից, երբ օրական միջինում 342 COVID-19-ով երեխա էր ընդունվում հիվանդանոցներ, պայմանավորված է ավելի վարակիչ օմիկրոն շտամի արագ տարածմամբ։ Օրինակ, Նյու Յորքում երեխաների հոսպիտալացումների թիվն ընթացիկ ամսվա ընթացքում աճել է հինգ անգամ, մինչդեռ Վաշինգտոնում այն գրեթե կրկնապատկվել է, եւ բժիշկները հետագա աճ են ակնկալում:

«Կարծում եմ, որ մենք ականատես կլինենք այս ցուցանիշների հետագա աճին մինչեւ նախկինում չտեսնված մակարդակների,- հեռուստաալիքին ասել է Տեխասի մանկական շտապ բժշկության կենտրոնի գլխավոր բժիշկը եւ փոխնախագահ Սթենլի Սփիները:- Սուրբծննդյան տոների ժամանակաշրջանում [հոսպիտալացումների] թիվը շարունակում է աճել, եւ մենք հետագա աճ ենք սպասում այս շաբաթ»: Նա ենթադրել է, որ ամանորյա տոներին վարակման դեպքերի թիվը կավելանա, դրա հետ մեկտեղ կավելանան նաեւ հոսպիտալացումները։

Նմանատիպ սցենարի, ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, բժիշկները պատրաստվում են նաեւ այլ նահանգներում։ Նրանք կանխատեսում են, որ հունվար ամիսը շատ դժվար ամիս կլինի COVID-19-ով վարակման դեպքերի մասով: «Մեզ շատ «հետաքրքիր» մի քանի շաբաթ է սպասվում. Սուրբ Ծննդյան տոներին երեխաները շատ կշփվեն միմյանց հետ, իսկ հետո բոլորին կուղարկենք դպրոց։ Բոլորը սպասում են, թե ինչպես կավարտվի այդ ամենը»,- CNN-ին ասել է Օհայո նահանգի Քլիվլենդի մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի տնօրեն Կլաուդիա Հոյենը:

Սփիները նշել է, որ մինչ օմիկրոն շտամի տարածումը, մեծահասակների մոտ հոսպիտալացումների թիվը համեմատաբար դանդաղ է աճում, իսկ երեխաների մոտ՝ արագ: «Սա, իհարկե, մտահոգիչ է մեզ համար, հատկապես հինգ տարեկանից ցածր եւ չպատվաստվածների համար, եւ հինգից բարձր, բայց ոչ ամբողջությամբ պատվաստված կամ ընդհանրապես չպատվաստվածների համար»,- ասել է նա: