Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ն աշխարհում շուրջ 2,3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրեթե 15 հազարը մահացել է։ Մահացությունների թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 17%-ով, ախտահարման դեպքերի թիվը՝ 21%-ով: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել են վարակման 2 290 351 դեպք և 14 985 մահ։ Այս ժամանակամիջոցում ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Կորեայի Հանրապետությունում՝ 462 726: Այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ն (256 909), Ճապոնիան (164 367), Բրազիլիան (146 105) և Ավստրալիան (125 992): Ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ն ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 4 135: ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (1 206), Ֆրանսիան (810), Իսպանիան (745) և Ռուսաստանը (663):
ԱՀԿ-ի լրատվական տեղեկագրի համաձայն՝ 28 օրվա ընթացքում, դրան նախորդող չորս շաբաթվա համեմատությամբ, վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից երկուսում՝ Աֆրիկայում (11%-ով) և Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (38%-ով): Մյուս տարածաշրջաններում նկատվել է այդ ցուցանիշի նվազում։ 28 օրվա ընթացքում մահացության դեպքերն աճել են Աֆրիկայում (6%-ով), Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ( 9%-ով), Ամերիկայում (21%-ով) և Հարավ-արևելյան Ասիայում (61%-ով):
Քովիդի պատճառով արտակարգ դրությունը համաշխարհային առողջապահության բնագավառում գործել է 2020 թվականի հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը։ 2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ-ն COVID-19-ի բռնկումը բնորոշել է որպես համավարակ։ Ըստ կազմակերպության կայքում 2023 թվականի մայիսի 24-ին հրապարակված տեղեկատվության՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 766 895 075 դեպք, մահացել է 6 935 889 մարդ։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ մահացածների իրական թիվը կազմում է առնվազն 20 միլիոն: