Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժիրայր Մարտիրոսյանը Գորիսի քարանձավներում այնքան է նկարել, որ մի օր էլ որոշել է մի քարանձավ վերցնել որպես արվեստանոց, որ ամեն անգամ չգնա ու գա։ Այդպես էլ արել է։ Հիմա նրա արվեստանոցում իր իսկ ձեռքով սարքած մոլբերտն է, որի վրա էլ դնում է կտավները՝ նկարելու համար։ Նաև մի քանի հազար տարեկան սափորներ ունի երկու սենյականոց քարանձավի ցուցափեղկում։
Գորիսի քարանձավները տեսնելու եկած զբոսաշրջիկներին թվում է քարանձավի միջի քարե կացինով մարդը ես եմ՝ Yerkir.am-ին ասում է Ժիրայր Մարտիրոսյանը, ով համատեղության կարգով նաև Հայաստանի ու Արցախի նկարիչների միության անդամ է, ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահը, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։
Գորիսի քարանձավներից որոշ մարդիկ բոլորովին վերջերս են դուրս եկել, բայց իրենց պապական քարանձավից չեն հրաժարվել․ կարելի է տեսնել քարանաձավը, որի հենց վերևում մի քանի հարկանի ժամանակակից տուն են կառուցել, քարանձավը դարձրել կա՛մ գոմ, կա՛մ պահեստ․ կարծես մարդկության զարգացման մի քանի փուլ աչքի առաջով անցնում է։ Գորիսի քարանձավային ու ժամանակակից թաղամասերն իրարից մի նեղ կամրջով են բաժանված, բայց կամրջով այն կողմ անցնելիս թվում է՝ հին դարերի շունչը վերկանգնվում է։
Ժիրայր Մարտիրոսյանն ասում է՝ քարանձավում ձմեռ-ամառ նույն ջերմաստիճանն է՝ 14-15 աստիճան։ Որքան մեծ է քարանձավը, այնքան հարուստ է համարվել դրանում ապրող մարդը, և այդքան բազմանդամ է եղել ընտանիքը։ Քարանձավների դիմաց նաև կավե թոնիրներ են եղել։
Ժայռերի գագաթների քարանձավները պաշտպանվելու համար են եղել․ վտանգի ու պատերազմների ժամանակ տղամարդիկ խաղողի որթից հյուսած պարաններով կանանց ու երեխաներին բարձրացրել են այդ ծերպերը՝ պաշտպանելու համար։
Գորիսի քարանձավները հրաբխային ծագմամբ լեռներում են․ լեռները քար չեն, այլ սառած լավա, դրա համար էլ այդքան գեղեցիկ ձևավորում ունեն։ Դեռևս 7 տարի առաջ Ժիրայր Մարտիրոսյանը քարանձավափոր է տեսել՝ հատուկ երկաթյա գործիքներով․ այդպիսի մասնագիտություն կար Գորիսում դեռ մինչև վերջերս։
Գորիսի քարանձավներում անգամ թատրոն կա՝ քարի մեջ փորված աստիճանաձև նստահարթակներ, բեմ․ Ժիրայր Մարտիրոսյանն ասում է՝ ներկայացումներ են բեմադրել, խաղացել։ Նաև ժողովներ են արել այդ թատրոնում․ անգամ Նժդեհն ու Անդրանիկն են քարանձավի թատրոնում հանդիպել գորիսցիներին, ծրագրեր մշակել։ Համենայն դեպս, այդպես են ասում։
Գորիսի քարանձավները պետության ենթակայության, բայց ոչ հոգածության ներքո են․ դրանք պահպանվում են պետության կողմից՝ սեփականաշնորհել չի թույլատրվում, բայց տարիների հետ անձրևն ու քամին դրանք փլում են, իսկ տուրիստները այդ կողմ գնացող ցուցանակներ ու ճանապարհ չեն գտնում։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․