Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
61-ամյա գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը 8 տարի առաջ Գորիսի հազարավոր քարանձավներից մեկը մաքրել է աղբից ու դարձրել իր արվեստանոցը: Նախկինում քարանձավը ծառայել է որպես բնակավայր. այսպիսի քարանձավների թիվը Սյունիքում 10 000-ից անցնում է:
Մարտիրոսյանը նշում է, որ տարածքից 40 մեքենա աղբ է հանել, 2 հոր բացահայտել, որոնք բերնեբերան լիքն են եղել քար ու ավազով: Հորերը, գեղանկարչի խոսքով, ժամանակին ցորենի և կարտոֆիլի ամբարներ են եղել: Քարանձավն այժմ տարածքում ու Հայաստանում երևի թե միակն է, որը ծառայում է որպես արվեստանոց:
«Վերջին մարդը քարանձավից այնպես չէ, որ շատ վաղուց է հեռացել՝ 80 տարի է ընդամենն անցել: Երբ այստեղ ստեղծագործում ես, մտքերդ 100-150 տարի հետ են գնում ու սկսում ես «տեսնել»՝ ովքեր են ապրել, ինչ կենցաղ ունեցել, գուցե նաև ստեղծագործող են եղել: Քարանձավն արվեստանոցի վերածելու գաղափարը տարիների ընթացքում է ծնվել. այստեղ շատ եմ եղել ու միշտ մտածում էի, որ այս տարածքը, որը քարանձավներով հարուստ է, կարելի է վերածել մշակութային կենտրոնի»,- ասում է Մարտիրոսյանը:
Չնայած քարանձավի մթությանը` նրա նկարները գույներով հարուստ են, լուսավոր: Մարտիրոսյանը նշում է, որ քարանձավի մթությանը շատ արագ է աչքը սովորել, ու թեև լինում են դեպքեր, որ դրսում էլ է նկարում՝ ծառերի տակ, սակայն քարանձավում ստեղծագործելը ոգեշնչում է իրեն:
Քարանձավում միայն նկարչի աշխատանքները չէ, որ ցուցադրվում են, այնտեղ յուրահատուկ հնություններ էլ կան: «Ես 2000-3000 տարվա հնություններ ունեի, որոնք ընկերներս էին ինձ նվիրել, և դրանք էլ բերեցի այստեղ: Բացի այդ՝ քարանձավ-արվեստանոցում ունեմ նաև սափորներ, ճախարակ, երաժշտական գործիքներ, թասեր… Այս ամենով միջավայր եմ ստեղծել ու ուզում եմ ցույց տալ, թե նախկինում մեր պապերն ինչպես են ապրել, կենցաղում ինչեր են օգտագործել, ինչ թասերով ջուր խմել: Կուզեի՝ կողքի քարանձավը լիներ, օրինակ, բրուտագործի արվեստանոց, ու այդպես շարունակ՝ յուրաքանչյուր քարանձավ մի արվեստանոցի վերածվեր: Գորիսի բնությունն արդեն իսկ տրամադրում է ստեղծագործել, իսկ այս քարանձավների մեջ կան պատմություններ»,- ասում է նկարիչը:
Նրա արվեստանոցը հյուրերի պակաս չի ունենում՝ Գորիսի հյուրանոցներն իրենց հյուրերին միշտ այնտեղ են տանում՝ զարմացնելու: Քարանձավ-արվետանոցի մասին անգամ ֆիլմեր են նկարել օտարերկրացիները, իսկ Ֆրանսիայում բնակվող մի հայ պատանի, ով շրջում էր մարզերով ու իր դիպլոմայինի համար թեմա փնտրում, քարանձավ-արվեստանոցը տեսնելուն պես որոշել է հենց այն էլ դարձնել իր աշխատանքի թեման: «Արվեստանոցում հյուրընկալում եմ նաև ընկերներիս: Ես կարողացել եմ մի միջավայր ստեղծել, որը ոչ միայն ինձ է հարմար, այլ նաև հետաքրքիր է մյուսներին: Իհարկե, ձմռանն այստեղ հնարավոր չէ աշխատել, ու չնայած վառարան ունեմ, բայց, միևնույն է, ցուրտ է լինում: Բացի այդ՝ աշնան վերջին էլ անձրևաջրերն են ողողում արվեստանոցը, դրա համար էլ աշնան սկզբին իրերս հավաքում ու տուն եմ տեղափոխում: Նկարները խոնավությունից ու ոչ կայուն ջերմաստիճանից փչանում են, օդափոխության խնդիր էլ կա»,- ասում է Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ իր արվեստանոց-քարանձավի հարևանությամբ գտնվող քարանձավները գոմի են վերածվել այժմ, իսկ հարակից տարածքը որպես արոտավայր է ծառայում: «Քարանձավից քիչ այն կողմ թթենիներ են եղել, գորիսեցիներն այս տարածքն անվանում են՝ թթենիների մոտ: Մի փոքր վերևում էլ քարանձավային թատրոնն է: Այստեղ ուսումնասիրություն չի եղել, այստեղ կան քարանձավներ, որոնք մի քանի հարյուր, իսկ որոշներն էլ մի քանի հազար տարվա պատմություն ունեն: Քարանձավը լավայի մնացորդ է, քար չէ: Պատմությունը վկայում է, որ տարիներ առաջ այստեղ հրաբուխ է եղել, տարիների ընթացքում անձրևներից մաքրվելով ու լվացվելով, լավայի մնացորդները դարձել են քարանձավներ: Այստեղ ժամանակին քարանձավային քաղաք է եղել, մարդիկ են բնակվել: Մի փոքր վերև աղբյուր կա, որը ծառայել է լվացվելու, լողանալու համար, դրսում նաև թոնիր է եղել»,- ասում է գեղանկարիչը:
Մարտիրոսյանը նշում է, որ պետական մարմինների աջակցությամբ միայն կարող են տարածքը կարգի բերել ու մշակութային կենտրոնի վերածել: Նրա խոսքով՝ այն կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին ու խթանել զբոսաշրջիկների այցը:
Ի դեպ, գեղանկարիչը դասավանդում է նաև Գորիսի համալսարանի գեղանկարչության բաժնում, որտեղ այս տարի 10 դիմորդ է ընդունեվլ: «Գորիսում կան տաղանդավոր երիտասարդներ, սակայն դրսևորվելու տեղ չկա: Ես տարիներ շարունակ պայքարել եմ, որ Գորիսում ուսումնարան, արվեստանոցներներ լինեն, քանի որ աշակերտներ կան, որ ստեղծագործում են, բայց հետո չգիտեն ինչ անել: Երևանում, օրինակ, հաճախ են ցուցահանդեսներ կազմակերպվում, հաճախ միջոցառումներ են լինում, իսկ այստեղ ավելի պասիվ է»,-ասում է նկարիչը:
Մարտիրոսյանը նաև քանդակագործությամբ է զբաղվում՝ Բակունցի թանգարանի քանդակների հեղինակն է. «Իմ արվեստն է, իմ քարանձավը, իմ տարածքը՝ ես ինձ այստեղ լավ եմ զգում: Չէի մտածում, որ այսքան հանրահռչակ կդառնա քարանձավ-արվեստանոցս: Կուզեի, որ մշակութային կյանքը Գորիսում աշխուժանա, քանի որ մշակույթը մարդու մեջ բոլորովին այլ արժեքներ է սերմանում: Գորիսում հոգևոր մթնոլորտը քիչ է, ստեղծագործողները՝ նույնպես: Պետք է ինքդ քո մեջ ուժ գտնես, սկսես ստեղծագործել ու կարողանաս քո հետևից սերունդ բերել»:
Ի դեպ, գեղանկարչի նկարները ցուցադրվել են թե' Երևանում, թե' Արցախում, ինչպես նաև 3 անգամ Ֆրանսիայում է ցուցադրություն ունեցել, որը տևել է 1 ժամ, քանի որ բոլոր նկարները տեղում գնել են:
Կարինե Հարությունյան